Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՐՐՈՐԴԸ՝ 102 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ

Դեկտեմբեր 01,2009 00:00

\"\"
Ոսկին մերն է:

\"\"
Հաղթական սալտո:

\"\"
Չեմպիոնական շպագատ:

\"\"
«Բրոնզե» Հռիփսիմե Խուրշուդյանը:

Կորեայի Գոյանգ քաղաքում անցկացված աշխարհի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 20-րդ առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչը կանանց մրցապայքարում հանդես եկած 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն էր:
Եվրոպայի չեմպիոնուհին իր մարզական պարգեւների հավաքածուն համալրեց աշխարհի առաջնության միանգամից երեք բրոնզե մեդալով. պոկում վարժությունում՝ 120, հրումում՝ 147 եւ երկամարտում՝ 267 կիլոգրամ: Այսպիսով, աշխարհի առաջնությանը մասնակցած 102 երկրների 1120 մասնակիցների միջեւ պայքարում մեր հանրապետությունը թիմային հաշվարկներում ունեցավ այսպիսի ցուցանիշներ: Տղամարդիկ՝ 8-րդ տեղ (4 արծաթ եւ 2 բրոնզ), աղջիկներ՝ 3-րդ տեղ (3 ոսկի եւ 3 բրոնզ), ընդհանուր թիմային՝ 4-րդ տեղ (3 ոսկի, 4 արծաթ եւ 5 բրոնզ):
Երեկ լուսադեմին մեր մարզիկները վերադարձան Երեւան: Չնայած գիշերվա ուշ ժամին ու ցուրտ եղանակին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սպասարկման սրահը եւ մերձակա տարածքը բազմամարդ էր: Տարվա հերոսներին դիմավորելու էին եկել նրանց հարազատները, հարյուրավոր մարզասերներ, լրատվամիջոցների եւ մարզաշխարհի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Շնորհավորանքներից, դափնեպսակներից, ծաղիկներից եւ գրկախառնություններից հետո «Առավոտը» հասցրեց զրուցել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի եւ աշխարհի նորաթուխ չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ:
– Պարոն Խաչատրյան, ուղիղ եթերում ամբողջ ժողովուրդը հետեւում էր մեր ծանրորդների մրցելույթներին ու տեսնում նաեւ ձեր ու մարզիչների ապրումները: Ակնկալիքներն ամբողջությամբ իրականացա՞ն:
– Նախ ասեմ, որ այսպիսի դժվար առաջնություն դեռ երբեք չէր եղել: Պայքարն այն աստիճան լարված էր, բոլորն էլ այնքան լավ էին նախապատրաստվել, որ անգամ մեկ տարի առաջ Պեկինում օլիմպիական չեմպիոն դարձած ծանրորդներից ոմանք շատ դեպքերում իրենց կիլոգրամներով զգալիորեն զիջեցին մրցակիցներին: Ինչ վերաբերում է ակնկալիքներին: Իհարկե, մեծ մասամբ արդարացան: Մեր հաջողությունների հիմքը դրեց Առաքել Միրզոյանը՝ երկամարտում դառնալով աշխարհի փոխչեմպիոն: Այնուհետեւ, Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը կրկնեց նրա հաջողությունը: Դե, իսկ Նազիկ Ավդալյանը գերազանցեց ինքն իրեն՝ աշխարհին ապացուցելով, որ ինքն է ուժեղագույնը 69 կգ քաշային կարգում: Այս հաղթանակը միայն նրանը, ծանրամարտինն ու սպորտինը չէ: Սա ամբողջ հայության, մեր պետության հաղթանակն է, որի շնորհիվ Կորեայում Հայաստանի դրոշը բարձրացավ ամենից վեր ու հնչեց մեր օրհներգը:
Հռիփսիմե Խուրշուդյանը տուն վերադարձավ երկամարտի բրոնզե մեդալով, չնայած, եթե մոտեցումների ժամանակ ավելի լավ կենտրոնանար ու մի քիչ էլ չշտապեր, արծաթը հաստատ նրանն էր լինելու: Ես խոսեցի միայն երկամարտի արդյունքների մասին: Սրանց ավելացնենք նաեւ նույն Նազիկի երկու փոքր ոսկիները, Առաքելի փոքր բրոնզը, երկու Տիգրանների փոքր արծաթները, Գեւորիկ Պողոսյանի՝ հրում վարժությունում նվաճած փոքր բրոնզե մեդալը եւ երկամարտում գրաված 4-րդ տեղը, որը նրա համար ֆանտաստիկ ցուցանիշ էր, Հռիփսիմեի երկու փոքր բրոնզները: Ի դեպ, 85 կգ քաշային Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը եւս հավակնում էր պատվանդանի ամենաբարձր տեղին: Բայց, ափսոս, որ իրեն զգալ տվեց հին վնասվածքը:
– Հիմա ծանրորդներն ի՞նչ են անելու:
– Նախ, պիտի հանգստանան: Նրանք այդ իրավունքն այս լարված մրցաշրջանում լիովին վաստակել են: Հետո կվերսկսեն մարզումները եւ կնախապատրաստվեն եկող տարվա մեկնարկներին, որոնք ավելի դժվար ու պատասխանատու են լինելու:
– Նկատի ունեք, որ Անթալիայից սկսած՝ աշխարհի առաջնությունները վարկանիշայի՞ն են լինելու:
– Նախ եւ առաջ՝ դա: Բայց պակաս կարեւոր չեն նաեւ տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունները, որոնց արդյունքներով պետք է հավաքագրեն ազգային հավաքականների ամբողջական կազմեր՝ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու համար հնարավորին չափ շատ վարկանիշային միավոր վաստակելու համար:
– Մրցաշրջանն ավարտվեց: Ինչ-որ փոփոխություններ կամ նորություններ նախատեսվո՞ւմ են:
– Ժամանակից առաջ չանցնենք: Բայց ասեմ, որ աղջիկների հարցում մտածում ենք, որ նրանք՝ Մելինեն, Նազիկը եւ Հռիփսիմեն, մեկական աստիճան բարձրացնեն իրենց քաշային կարգերը: Կապրենք՝ կտեսնենք:
Նազիկին մի կերպ «խլեցինք» հարազատների եւ երկրպագուների ձեռքից:
– Նախ, շնորհավորում ենք փառահեղ հաղթանակիդ առիթով:
– Շնորհակալություն: Ես իսկապես երջանիկ եմ:
– Հավատո՞ւմ էիր, որ կբարձրանաս պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին:
– Այո: Արդեն ժամանակն էր: Առաջ՝ Եվրոպայի առաջնություններ մեկնելիս, մտածում էի անպայման մրցանակային տեղ գրավելու մասին: Իսկ երբ այնտեղ դարձա չեմպիոն, նպատակս արդեն աշխարհի առաջնությունում նույն կոչմանն արաժանանալն էր: Կորեա մեկնելուց առաջ հրաշալի նախապատրաստական շրջան էինք անցել, ես գերազանց մարզավիճակում էի: Այնպես որ, պայքարելու էի միայն ոսկե մեդալի համար: Ուրախ եմ, որ ստացվեց:
– Ի՞նչ կասես Օքսանա Սլիվենկոյի մասին, որին առանձին մրցաձեւերում գերազանցեցիր մեկական, իսկ երկամարտում՝ երկու կիլոգրամով:
– Շատ ահեղ մրցակից է: Վերջին շրջանում մենք փաստացի իրար հետ ենք պայքարում: Կորեայում վճռորոշ դեր կատարեց իմ ու նրա, մեր մարզիչների միջեւ տակտիկական պայքարը՝ հատկապես առաջին վարժությունում:
– 119 կգ-ին առաջին մոտեցումդ մրցավարները չհաշվեցին: Ինչո՞ւ:
– Արմունկի խաղ եղավ, ինչն արգելված է:
– Ի՞նչ էիր մտածում, վերջին մոտեցումով կարո՞ղ էիր բարձրացնել այդ քաշը:
– Մարզումների ժամանակ ավելի շատ էլ եմ բարձրացրել: Ծանրաձողի քաշի հետ կապված՝ խնդիր չկար: Ֆիզիկականս ներում էր: Պատրաստ էի: Մնում էր հոգեբանականը: Մոտեցա, տրամադրվեցի, կենտրոնացա… Մնացածն ինքներդ եք տեսել:
– Կեցցես: Չեմպիոնական մեդալներ ենք ցանկանում արդեն նոր քաշային կարգում:
– Շնորհակալություն: Կանեմ հնարավոր ամեն բան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել