Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ արվեստը հեղափոխական է, ոչ թե բողոքական»

Դեկտեմբեր 01,2009 00:00

\"\"Հարցազրույց երիտասարդ կինոռեժիսոր Արմեն Ռոնովի (Մկրտչյան) հետ

Արմեն Ռոնովը ծնվել է 1971 թ., Երեւանում: 1996-ին ավարտել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, ապա մեկնել Իտալիա, ուսում ստացել Միլանի հեղինակային կինոյի ակադեմիայում: Ռոնովի ֆիլմերը միջազգային փառատոներում արժանացել են հատուկ մրցանակների, մինչդեռ Հայաստանում դրանք միայն մասնագիտական ոլորտի մարդկանց են հայտնի:
– Արմեն, ի՞նչն է պատճառը, որ ձեր ֆիլմերը դժվարությամբ են ընդունվում հայկական կինոաշխարհում:
– Ես բացարձակ արվեստի կողմնակից եմ, իսկ դա ենթադրում է պայքար, չհասկացվածություն, չնայած ես հասկացվելու խնդիր ունեմ միայն այստեղ, դրսում իմ արվեստն ընկալում են: Ռուսաստանում, օրինակ, ինձ նկատեց ու բարձր գնահատեց հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Սակուռովը: Իսկ 2007- ին, երբ Իտալիայում հանրահռչակ բանաստեղծ, կինոսցենարիստ Տոնինո Գուերայի առանձնատանը ցուցադրեցի իմ «Պոպրիշչին» խաղարկային ֆիլմը, Գուերան ասաց՝ քո կինոն հակակինո է: Դա իմ արվեստի ամենաճիշտ եւ ամենադիպուկ բնութագիրն է: Այո, ես դեմ եմ կինոյին՝ պոպկոռնային, մասսայական կինոյին:
– Իսկ Հայաստանում կա՞ն արվեստագետներ, ովքեր նկատեցին ու գնահատեցին Ռոնովի արվեստը:
– Այո, մի քանիսը՝ Իգիթյան, Նարեկ Անտաբյան, Ռոբերտ Էլիբեկյան:
– Ի՞նչ խնդիրներ կան հայկական կինոոլորտում, որոնց մասին կուզենայիր խոսել:
– Խնդիրներ շատ կան, բայց դրանք միայն կինոոլորտում չեն: Սակայն արվեստագետն իրավունք չունի ճղճիմ բաներից բողոքելու, փոխարենը պետք է ստեղծագործի՝ անկախ արտաքին պայմաններից,  հնարավորություններից ու իրավիճակից:
– Իսկ միգուցե այդ բողոքն արտահայտվում է քո արվեստո՞ւմ:
–  Իմ արվեստը հեղափոխական է, ոչ թե բողոքական: Հայաստանյան կինոմիջավայրն իմ նկատմամբ լի է սուր անկյուններով, քանի որ իմ հայացքները տարբերվում են հայ կինոաշխարհում տիրող կարծրատիպերից:
– Բացի կինոաշխարհում առկա խոչընդոտներից, ուրիշ ի՞նչն է ձեզ խանգարում Հայաստանում ազատ ստեղծագործել:
– Ինձ խանգարում են ստեղծագործել ցելոֆանե տոպրակները, այո, դրանք, որ սավառնում են օդում եւ ամեն վայրկյան սպառնում երեսիդ դիպչել. ուրիշ ոչ մի երկրում չես հանդիպի օդում սավառնող տոպրակների: Ինձ խանգարում է ստեղծագործել քաղաքի աղավաղված ճարտարապետությունը, հայաստանյան մեքենայապաշտությունը: Հայաստանում ես նույնիսկ խնդիր ունեմ խաչմերուկն անցնելու, որովհետեւ ամեն վայրկյան կարող են վրաերթի ենթարկել…
– Արմեն, դուք նաեւ նկարում եք: Ե՞րբ ձեր մեջ բացահայտեցիք այդ տաղանդը:
– Հինգ տարի է, ինչ նկարում եմ: Ոգեշնչվեցի Իտալիայում՝ վերածննդի գլուխգործոցների հետ շփվելով: Իմ նկարչության ճիշտ բնութագիրը տվեց Իգիթյանը. մի ցուցահանդեսի ժամանակ, տեսնելով աշխատանքներս, ասաց՝ նկարներդ ֆիլմերիդ շարունակությունն են: Այո, իմ նկարներն ու ֆիլմերը մի ամբողջություն են, եւ երկու դեպքում էլ ասելիքը նույնն է:
– Ինչո՞ւ Ռոնով եւ ոչ՝ Մկրտչյան:
– Ռոնովն իմ տիեզերական մուսայի անունն է, իսկ Մկրտչյանն իմ նյութական պատկանելության վկայությունը: Ես Ռոնով արվեստագետն եմ, Մկրտչյան մահկանացուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031