Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՀԱՄՆ ԱՌՈՂՋ Է, ԲԱՅՑ ԼԱՎ ՉԻ ՄԱՐԶՎՈՒՄ

Դեկտեմբեր 02,2009 00:00

\"\"«BoxingTalk» հանդեսն օրերս տեղեկացրել է, թե միջին քաշայինների «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում հունվարի 23-ին նշանակված Արթուր Աբրահամ-Անդրե Դիրրել մենամարտը, հնարավոր է, տեղափոխվի մարտի 7: Եվ որպես դրա հիմնավորում՝ ասվում է, որ IBF-ի նախկին չեմպիոնը՝ «Արթուր արքան», վարակվել է գրիպով եւ դժվար թե կարողանա նշված ժամկետում պատրաստ լինել մարտին:
Այս լուրն անմիջապես տարածվեց աշխարհով մեկ, այն արտատպեցին գրեթե բոլոր մարզական ԶԼՄ-ները: Ավելին, որոշ լրատվամիջոցներ էլ արդեն շտապեցին հաստատել, որ մարտն իսկապես հետաձգվել է:
Սակայն Աբրահամի թիմն անմիջապես տարածել է պատասխանը: Մասնավորապես, «Team Sauerland» ընկերության գլխավոր տնօրեն Կրիս Մայերը հայտարարել է. «Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Արթուրը հարյուր տոկոսով առողջ է: Նա անհամբերությամբ է սպասում լուրին, թե որտե՞ղ է կայանալու այդ մենամարտը եւ շտապում է ռինգ մտնել»:
Այլ է գերմանական «Bild» հեղինակավոր հրատարակության տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ մարզիչ Ուլի Վեգները զայրացած է Արթուրի վրա այն բանի համար, որ իր սանը չի պահպանում մարզական կարգապահությունը: Վեգների խոսքերով, Արթուրը բաց է թողել հինգշաբթի օրվա առավոտվա մարզումը՝ դահլիճ ներկայանալով միայն օրվա երկրորդ կեսին: «Եթե Արթուրը չսկսի մարզվել ինչպես հարկն է, նրան սպասում է նույնը, ինչ եղավ Միկկել Կեսլերի հետ Անդրե Ուորդի դեմ մենամարտում,- ասել է Ուլի Վեգները:- Ես նրան հասկացրի, որ այդպես շարունակվել չի կարող: Արթուրը հիմա ավելի շատ ճանապարհորդում է՝ Թուրքիա, Մոսկվա: Արթուրն ամենուր է, միայն ոչ մարզադահլիճում: Նրան վերջապես անհրաժեշտ է կենտրոնանալ ամենակարեւորի՝ բռնցքամարտի վրա»:
Հնարավո՞ր է, որ Աբրահամն իսկապես կորցրել է իրեն բնորոշ զգոնությունը, համեստությունը: Դժվար է հավատալ: Չենք էլ ուզում: Բայց հենց այս օրերին նույն «Bild»-ը գրել է, որ Արթուրին սպառնում է նաեւ 680 եվրո տուգանք եւ վարորդական իրավունքից երեք ամսվա զրկում: Ըստ հանդեսի, Բեռլինի ավտոտեսչությունը հաստատում է, որ Աբրահամի «Ferrari-Modena» մակնիշի ավտոմեքենան օրերս քաղաքի ճանապարհներով սլացել է ժամում 168 կմ արագությամբ, այնինչ՝ այդտեղ թույլատրված առավելագույն արագությունը եղել է 80 կմ/ժամ:
Բռնցքամարտիկը մտադիր է խուսափել վարորդական իրավունքից երեք ամսով զրկվելու պատժից: «Ես ընդհանրապես մեքենա չեմ վարել: Ղեկի առջեւ ուրիշ մարդ է նստած եղել»,- հայտարարել է Աբրահամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել