Լրահոս
Օրվա լրահոսը

Կլասիկոների կլասիկո

Դեկտեմբեր 02,2009 00:00

\"\"Անցած հանգստյան օրերը յուրահատուկ էին ֆուտբոլի սիրահարների համար, քանի որ եվրոպական խաղադաշտերում 2 D-երի տոն էր՝ Derby day (դերբիների օր):

Այդպես, Անգլիայում լոնդոնյան դերբի էր «Արսենալի» ու «Չելսիի» միջեւ եւ մեսիսայդյան՝ «Լիվերփուլի» ու «Էվերթոնի», Իտալիայում՝ ջենովյան: Սակայն տուրի գլխավոր հանդիպումը, այնուամենայնիվ, Պիրենեյներում էր, ֆուտբոլում թիվ մեկ կլասիկոյի հայրենիք Իսպանիայում:
Ընդհանրապես, բոլոր դերբիները եւ կլասիկոները համաշխարհային ֆուտբոլում «ծնվում» են աշխարհագրական հողի վրա, իսկ ահա դրանց առաջացման հիմնական պատճառները տարբեր են՝ քաղաքական, սոցիալական, ռեգիոնալ, էթնիկ, լոկալ… Այդպես, վերոնշյալ «Արսենալ»-«Չելսի» խաղը լոնդոնյան դերբի է՝ սոցիալական հիմքով. «զինագործներն» ընդդեմ «հարուստների»: Նույն պատկերն է նաեւ Իսպանիայի սեւիլիական դերբիում՝ «հարուստ «Սեւիլիան» ընդդեմ «աղքատ «Բետիսի», «Բարսելոնա»-«Էսպանյոլի» հիմքում էլ քաղաքական պատճառներն են: «Էսպանյոլ»՝ նշանակում է իսպանական, եւ միայն այդ անվանումն արդեն Կատալոնիայում սրբապղծության է հավասարազոր: Իտալական «Ջենոա»-«Սամպդորիա» խաղն էլ լոկալ դերբի է՝ ջենովական:
Սակայն ֆուտբոլային Եվրոպայում կա մի հանդիպում, որը վեր է դերբի հասկացությունից, վեր է «սովորական»՝ քաղաքական, սոցիալական, ռեգիոնալ, էթնիկ լոկալ պատճառներից: «Ռեալ»-«Բարսելոնա» խաղը տոտալ մրցակցություն է: Եթե ի սկզբանե այս դերբիի հիմքում մայրաքաղաքի ու «հպարտ պրովինցիայի» պայքարի գաղափարն էր, ապա քաղաքացիական պատերազմից հետո արդեն գլուխ բարձրացրեց նաեւ քաղաքական գործոնը՝ ուլտրառադիկալ, անջատողական Կատալոնիան ընդդեմ կենտրոնամետ Մադրիդի: Այս խաղում «կենաց-մահու» պայքարի են դուրս գալիս ոչ միայն եւ ոչ այնքան ֆուտբոլիստները, որքան՝ երկրպագուները եւ այս խաղի սպասումով են վերջիններս ապրում ողջ տարի:  Իսպանական հայտնի «Marca» պարբերականը մի քանի տարի առաջ հարցում էր անցկացրել «Բարսելոնայի» երկրպագուների շարքում՝ ուղղելով «Ի՞նչ եք դուք ամենից շատ ցանկանում այս մրցաշրջանում» հարցը: Հարցման արդյունքները լավագույնս են արտացոլում իսպանական ֆուտբոլում «Բարսելոնայի» ու «Ռեալի» մրցակցության որակը. կատալոնացիների պատասխանների առաջին հորիզոնականում եղել է «ուզում եմ, որ «Ռեալը» չդառնա Իսպանիայի չեմպիոն» ցանկությունը…
Եվ հենց այս ոգով է անցնում կլասիկոների կլասիկոն՝ անկախ մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած հորիզոնականներից ու տվյալ մրցաշրջանում ցուցադրած խաղից: Իսկ կլասիկոյի աուրան վարակում է բոլորին՝ Երկիր մոլորակի բոլոր կետերում: Դրա վառ օրինակը կարելի է տեսնել նաեւ մեզ մոտ՝ Հայաստանում: Այսպես, նոյեմբերի 29-ին, Կատալոնիայի մայրաքաղաքում կայացած կլասիկոյից հաշված ժամեր առաջ Երեւանի «Կիլիկիա» մարզադահլիճում կարելի էր հետեւել մեկ այլ՝ արդեն ավանդական դարձած «մինի-կլասիկոյի». 6-րդ անգամ հանդիպում էին «Բարսելոնայի» ու «Ռեալի» հայաստանյան ֆան-ակումբների թիմերը: Տարեկան 2 անգամ՝ ճիշտ այն օրերին, երբ «Նոու Քամպ» կամ «Սանտյագու Բերնաբեու» մարզադաշտերում մրցում են իսպանական ֆուտբոլի գրանդները, նրանց հայ երկրպագուները նույնպես չափում են իրենց ուժերը: «Հայկական Բարսելոնայի» ու «Ռեալի» կազմերում ընդգրկվում են ամենատարբեր մարդիկ՝ ամենատարբեր մասնագիտությունների տեր ու ամենատարբեր քաղաքներից: Սակայն մրցում են ոչ թե հանուն իրենց հաղթանակի, այլ՝ հանուն «Ռեալի» կամ «Բարսելոնայի», եւ իրենց հաղթանակն էլ ասոցացնում սիրելի թիմի հետ: Այս անգամ «Կիլիկիայում», ինչպես եւ «Նոու Քամպում», հաջողությունը կապտանռնագույնների կողմն էր. լավագույն «նվերը» նույն օրն իր 110-ամյակը տոնող «Բարսային» ու վերջինիս երկրպագուներին…
Թերեւս այսքանը՝ կլասիկոների կլասիկոյի վերաբերյալ, որի մասին կարելի է խոսել անվերջ: Իսկ վերջում ավելացնենք. Հայաստանում էլ դերբիներ, բնականաբար, կան, բայց ոչ թե երեւանյան կամ գյումրվա, այլ, օրինակ, «3-րդ մասյան» ու Կիլիկիայի՝ համարժեք խաղի որակով: Մեր ունեցածն էլ դա է՝ իրեն համարժեք ֆան-մշակույթի մակարդակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել