Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՈՒ «ԸՆԿՆԵԼՈՒ» ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 09,2009 00:00

\"\"Լիլի Էլբակյանի «Կարմիր լապտերներ» համարձակ ներկայացումը

Վերջերս «Էդգար Էլբակյան» թատրոնում դիտեցի Լիլի Էլբակյանի բեմադրած «Կարմիր լապտերներ» ներկայացումը, որը տարակարծությունների տեղիք է տվել: Ոմանց գրավում է բեմադրության ինքնատիպությունը, ոմանց՝ խրտնեցնում լեզուն եւ թեման: «Կարմիր լապտերները» իսկապես համարձակ գործ է, ինչը պայմանավորված է նաեւ բեմադրիչի երիտասարդ լինելով ու նոր մտածողությամբ: Պիեսի հեղինակը նույնպես Լ. Էլբակյանն է, խաղում են ինչպես շնորհալի երիտասարդներ, այնպես էլ հայտնի դերասաններ Աննա Էլբակյանը (Գնդըլ), Հասմիկ Տեր-Կարապետյանը (Մամ), Անետ Հարությունյանը (Երգչուհի):
Բեմադրությունը մյուզիքլի ժանրում է, դերասանները հաջող երգում են: Երգերի երաժշտությունը գրել է Մարիամ Շահինյանը, նկարիչը Նելլի Բարսեղյանն է: Երգերը հերոսների ապրումների մասին են ու արտահայտում են նրանց հոգեվիճակը, լրացնում խաղը: «Կարմիր լապտերները» մարմնավաճառությամբ զբաղվող կանանց եւ ընդհանրապես կյանքի «հատակում» հայտնվածների մասին է, որոնք, չնայած իրենց «կարգավիճակին», երբեմն կարող են ավելի մարդկային ու ազնիվ լինել, քան բարեկեցիկ ապրող բարոյական ձեւացողները:
Ճիշտ է, ներկայացման մեջ կան որոշ բաց տեսարաններ, բայց դրանք վուլգար չեն: Ի դեպ, դրա համար էլ ազդագրի վրա նշված է, որ մինչեւ 16 տարեկանների մուտքն արգելվում է: Պիեսի լեզուն հիմնականում ժարգոնն է, որովհետեւ մարմնավաճառները դժվար թե խոսեն գեղեցիկ, մաքուր հայերենով, բայց շեշտը միայն դրա վրա չի դրված, հնչում է նաեւ գրական հայերեն: Երիտասարդ բեմադրիչին հաջողվել էր թատրոնի փոքր բեմում այդքան մարդ տեղավորել, որոնք խաղում էին, երգում, պարում, հուզում: Ու ինչքան կշահեր ներկայացումը՝ ավելի հաջող պայմաններում ու բեմում լինելու դեպքում:
«Առավոտի» հետ զրույցում ճանաչված ռեժիսոր եւ դերասան Արմեն Էլբակյանին կես կատակ-կես լուրջ հարցրինք՝ իսկապե՞ս չի միջամտել դստեր բեմադրությանը եւ ինչ-ինչ շտկումներ արել: Ասաց, որ նման բան չի եղել, բեմադրությունը տեսել է միայն ավարտուն վիճակում, ու այն իրեն դուր է եկել:
Ինչ վերաբերում է Լիլիի մորը՝ Աննա Էլբակյանին, դերասանուհին տպավորիչ էր խաղում մարմնավաճառ Գնդըլի դերը, նրա ամեն խոսքը, ժեստն ու անգամ լուռ խաղը փռթկոց կամ համապատասխան ռեակցիա էին առաջացնում դահլիճում: Պիեսը մի քիչ էլ դետեկտիվ երանգ ուներ. մարմնավաճառներին այցելող տղամարդիկ մեկը մյուսի հետեւից սպանվում են, հետո՝ կասկածներ, «քրեականի» ներկայացուցչի այցելություն, որի բերանը հեշտությամբ փակում է հասարակաց տան տիրուհին՝ Մամը: Պարզվում է, որ այցելուների վերջը տվել է հարբեցող Երգչուհին, որը այդկերպ բոլոր սրիկա տղամարդկանց ու իր չկայացած երջանկության վրեժն է լուծել: Նա նախկինում, իր խոսքով, իսկական երգչուհի էր, ուներ փառք, ծաղիկներ՝ ելույթներից հետո, ընտանիք: Այս ամենը, սակայն, մի վայրկյանում փլուզվում է, երբ նա նկարիչ ամուսնուն «բռնացնում» է ամենամոտ ընկերուհու հետ՝ իր ամուսնական առագաստում… Անետ Հարությունյանն իսկապես վարպետորեն էր մարմնավորել տառապանքը՝ կանացի կերպարանքով: Երգչուհու նկարիչ ամուսնու փոքրիկ դերն էլ վստահվել էր թատրոնում աշխատող նկարիչ Մարտիրոս Բադալյանին, որն իր առջեւ դրված խնդիրը հաջողությամբ հաղթահարեց:
Կարծում ենք՝ Լիլի Էլբակյանի «Կարմիր լապտերները», չնայած մի փոքր ձգձգվածությանը, ընդհանուր առմամբ հաջողված ներկայացում է: Նրա ավագ գործընկերներից շատերը հավանաբար կերազեին այդպիսի բեմադրություն անելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031