Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐ ԿՈՂՄՆ Է ՆԱՅՈՒՄ՝ ՈՐ ԿՈՂՄԸ ԽՓՈՒՄ

Դեկտեմբեր 10,2009 00:00

«Մեր ժամանակներում ազնիվ լինելը շատ դժվար է եւ թանկ»,- ժամանակին ասել է Դաույթ Էյզենհաուերը

\"\"

Մի քանի տասնյակ տարի առաջ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Խոմիչը բաց թողեց Հայաստանի ֆուտբոլիստներից մեկի թույլ խփած գնդակը։ «Դինամո» թիմի մարզիչը խիստ նախատեց Խոմիչին։ Խոմիչը ռուսական հայտնի եւ տարածված արտահայտությունից հետո ասաց. «Ես ի՞նչ անեմ, մի կողմ նայում է, ուրիշ կողմ խփում»։ Խփողը շեղաչք էր, եւ դարպասապահ Խոմիչը ոչինչ անել չէր կարող։ Ֆուտբոլի մեջ դա հազվագյուտ երեւույթ է, իսկ քաղաքականության, դիվանագիտության մեջ մի կողմ նայել, ուրիշ կողմ խփելը՝ նորմալ է։ Այսպես, օրինակ՝ Թուրքիայի նախագահ Գյուլը եկավ Հայաստան, որպեսզի ներկա գտնվի հայ եւ թուրք ֆուտբոլիստների մրցությանը։ Բայց ո՞վ կհավատա, որ երկրի նախագահին կարող է հետաքրքրել սովորական ֆուտբոլային խաղն այդ աստիճան: Գյուլին հետաքրքրում էր հայ ժողովրդի վերաբերմունքը թուրքերի հանդեպ։ Այն, ինչ նրան պետք էր, նա վերցրեց ու գնաց։

Այսօր բոլորին՝ մեծից փոքր, հուզում է այն հարցը, թե հայերն ու թուրքերը պետք է մնան հավերժական թշնամության մե՞ջ, թե՞ եկել է այն պահը, երբ խաղաղություն կհաստատվի երկու ժողովուրդների միջեւ։ Հավերժական թշնամություն չկա։ Հայ-պարսկական թշնամությունը ժամանակի ընթացքում փոխարկվել է բարիդրացիական հարաբերությունների, ռուս-գերմանական համագործակցությունը Եվրոպայում այսօր փաստ է, թեեւ Երկրորդ աշխարհամարտում ռուսները եւ գերմանացիները 4 տարի պատերազմել են։ Երբեմնի թշնամիներ Անգլիան եւ Ֆրանսիան՝ մի կողմից, Գերմանիան՝ մյուս կողմից այսօր մտնում են ՆԱՏՕ-ի մեջ։ 1947թ.-ին երբ քննարկվում էր Իսրայելի պետության ճանաչման հարցը, ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի նիստի ժամանակ ասաց. «Այլեւս Մերձավոր Արեւելքում խաղաղություն չի լինելու»։ Ստալինը հեռատես մարդ էր, բայց չի բացառվում, որ նրա մարգարեությունը հերքվի։ Հայ-թուրքական հարաբերություններում հավերժական թշնամանք նույնպես չի կարող մնալ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը դառնա իր հայրենիքի ռեալ տերը։

Այսօրվա հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսակցությունները հայ-թուրքական թշնամանքի վերացման համար կոպեկի արժեք չունեն։ Գործը հասել է այնտեղ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճնշում է Թուրքիային, որ նա բացի հայ-թուրքական սահմանը։ Մի՞թե լուրջ է մտածել, որ Հայաստանը այնքան թանկ է ԱՄՆ-ի համար, որ նա Հայաստանի համար ճնշում է գործադրում Թուրքիայի վրա։ Նման բան լինել չի կարող։ Միացյալ Նահանգներին միայն մի բան է հետաքրքրում. ինչպե՞ս անել՝ համոզելու համար հայերին, թե հարկ չկա, որ դուք լինեք ռուսների հետ։ Ահա թե ուր են նայում՝ ուր խփում։ Մի ուրիշ խոսակցություն էլ է շրջանառության մեջ, որ իբր Թուրքիան ադրբեջանցիներին նեղելու գնով ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ՝ նույնպես կեղծիք է։ Թուրքիան ու Ադրբեջանը միշտ համերաշխ են եղել եւ այսօր էլ «ախպերներ» են։ Կրկին մեջտեղ է ընկնում քաղաքական ու դիվանագիտական հայտնի բանաձեւը. «Որ կողմը նայել՝ այլ կողմ խփել»։ Թուրքիան այսօր պատրաստ է Ադրբեջանը զիջել Ռուսաստանին միայն մի պայմանով՝ եթե հայերը հրապարակայնորեն հրաժարվեն Ղարսից ու Արդահանից, Վանից ու Էրզրումից եւ առհասարակ՝ իրենց հայրենիքից։

ԱՄՆ-ը 1979թ. իրանական հեղափոխությունից հետո չէր կարող զրկվել նաեւ Իրաքի նավթից, առավել եւս՝ Քուվեյթի եւ Սաուդյան Արաբիայի նավթից։ Ամերիկացիները սկսեցին տարփողել Իրաքում դեմոկրատիայի խախտման, ոտնահարման մասին։ Այնուհետեւ խեղճ ու կրակ Իրաքին սկսեցին մեղադրել քիմիական զենք ստեղծելու մեջ։ Եվ ահա, ամերիկյան դեմոկրատները, ստանալով Ելցինի օրհնանքը, մտան Իրաք՝ փրկելու դեմոկրատիան, ձախողելու Իրաքի «քիմիական զենքի» ծրագրերը։ Արդյունքում՝ Իրաքը դարձավ կամայականությունների զոհ, եւ շաբաթ չկա, որ Իրաքում արյուն չհեղվի, «քիմիայի» մասին խոսակցությունները մնացին խոսակցությունների մակարդակին, իսկ երկրի նախագահին դատեցին որպես քրդասպանի եւ կախեցին։ Իրաքի նավթի 80 տոկոսը սկսեց հոսել դեպի ԱՄՆ, իսկ 20 տոկոսը մնաց իր դաշնակիցներին։

Ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենին վերացնելու համար ամերիկյան մի զրահատանկային վաշտը բավական է։ Դրա դիմաց ամերիկացիները պահում են վիթխարի ռազմական կոնտինգենտ։ Նպատակը ոչ թե Ուսամա Բեն Լադենին ոչնչացնելն էր, այլ՝ Իրանի թիկունքում մեծ կոնտինգենտ պահելը։ Ահա թե ուր են նայում՝ ուր խփում։

Միջազգային քաղաքականության եւ դիվանագիտության պատմությունը լի է համանման օրինակներով։ Դիվանագետը, քաղաքագետը միջազգային ասպարեզներում հեռու է անկեղծ ու ճշմարտացի լինելուց։ Նաեւ խորհրդային քաղաքականության եւ դիվանագիտության մեջ պրակտիկա էր այն, ինչ ձեռնտու է, եւ թաքցնել այն՝ ինչ ձեռնտու չէ։ Օրինակ, 1940-ական թթ. վերջին ռուս նշանավոր գրող Բորիս Գորբատովը «Լիտերատուրնայա գազետայում» հանդես է գալիս հուշերով, որոնց մեջ անպատշաճ հայտարարություններ կային ԱՄՆ նախագահ Տրումենի հասցեին։ ԱՄՆ պետքարտուղարը այդ առթիվ բողոք է ներկայացնում խորհրդային կառավարությանը։ Խորհրդային կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Վ. Մոլոտովը պատասխանում է, որ խորհրդային մամուլը ազատ է, կարող է գրել եւ պատասխանատվություն կրել։ Մենք լավ գիտեինք, որ խորհրդային մամուլը գտնվում էր ուժեղ վերահսկողության տակ եւ ինքնագլուխ ոչինչ չէր անում։ Այն ժամանակվա պայմաններում այս պատասխանը թելադրվում էր իրերի բերումով, այսինքն՝ խորհրդային կառավարության պատասխանը ճիշտ չէր, բայց ո՞վ իմանա, մանավանդ այսօր, թե խորհրդային կառավարությունը ուր է նայել՝ ուր խփել։ Կամ մեկ այլ օրինակ՝ 1958թ. խորհրդային կառավարության ղեկավար Ն. Խրուշչովը հայտարարեց, որ մենք միջկոնտինենտալ հրթիռները բաց ենք թողնում նրբերշիկի պես, այնինչ, մենք ունեինք ընդամենը միջկոնտինենտալ մեկ հրթիռ։ Ճիշտ չասելը շատ անհարմար դրության մեջ դրեց ԱՄՆ նախագահ Էյզենհաուերին, բայց նա չամաչեց։ Հետեւյալն էր պատահել՝ ամերիկյան հետախուզական ինքնաթիռը 1960թ. մայիսի 1-ին խփվել էր Ուրալում։ Ինքնաթիռի օդաչուն, որը պետք է ինքնասպանություն գործեր, բարեհաջող վայրէջք է կատարում եւ գերի ընկնում։ Այդ նույն ժամանակ նախապատրաստվում էր չորս տերությունների՝ ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ ԽՍՀՄ-ի ղեկավարների հանդիպումը բարձր մակարդակով։ Քանի որ Չինաստանը դեմ էր այդ հանդիպմանը, Խրուշչովը, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզական թռիչքը խորհրդային տարածքի վրայով, այդ հանդիպումը ձախողեց։ Այնուհետեւ, երբ խորհրդային ղեկավարը ձախողման մեղքը ամերիկացիների վրա գցելու համար ԱՄՆ նախագահ Էյզենհաուերին մեղադրեց անազնվության մեջ, վերջինս պատասխանեց. «Մեր ժամանակներում ազնիվ լինելը շատ դժվար է եւ թանկ»։ Ինչպես տեսնում ենք՝ ե՛ւ այսօր, ե՛ւ ոչ հեռու անցյալում մի կողմ նայել եւ մի այլ կողմ խփելը՝ սովորական, ընդունված քաղաքական ու դիվանագիտական պրակտիկա է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել