Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԱՊՈՒՐԴԻՑ ՄԻՆՉԵՎ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբեր 10,2009 00:00

\"\"Արդյո՞ք այս տարի դպրոցներում դասերը կվերսկսվեն, կամ ի՞նչ է ուզում Շիրակի մարզպետը

Երբ կրթության նախարարի հրամանով դեկտեմբերի 8-19-ը ՀՀ բոլոր նախակրթարաններում ու հանրակրթական դպրոցներում դասերը դադարեցվեցին, բազում հարցեր առաջացան՝ ինչպե՞ս են ձեւավորվելու կիսամյակային գնահատականները, արդյո՞ք դասերը կվերսկսվեն այս տարի, թե՞ միանգամից մյուս կիսամյակից եւ այլն: Այս եւ հանրակրթության ոլորտին վերաբերող այլ թեմաներով երեկ ասուլիս էր հրավիրվել «Հայելի» ակումբում, որին մասնակից ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը մարզերում եղած իրավիճակին ծանոթանալ ցանկացող լրագրողներին հրավիրեց ներկա գտնվել իր գլխավորած խորհրդակցությանը՝ մարզային կրթության վարչությունների պետերի հետ: «Առավոտը» մասնակցեց նաեւ այդ քննարկմանը, ինչի արդյունքում այժմ ներկայացնում ենք հնչած հիմնախնդիրների ու դրանց առնչությամբ պարզաբանումների ծաղկաքաղը:

Մինչ ոլորտի հիմնախնդիրներին անցնելը, մանրամասներ ներկայացնենք Շիրակի մարզի Ողջի գյուղի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում հաղթած Գոհար Աբրահամյանի՝ աշխատանքի անցնելու պայմանագրի ստորագրման հետ կապված պատմությունից: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի փոխանցմամբ՝ մարզպետ Լիդա Նանյանը հրաժարվում է ստորագրել Գ. Աբրահամյանի՝ աշխատանքի անցնելու պայմանագիրը՝ տարբեր պատճառաբանություններով, որոնցից մեկն էլ այն է, որ նա դեռ չունի հավաստագիր, ինչը պահանջվում է «Հանրակրթության մասին» օրենքով: Այնինչ, ԿԳՆ-ում դեռ հաստատված չէ տնօրենների հավաստագիր ստանալու կարգը, որը պատրաստ կլինի մինչեւ 2011-ի օգոստոսի 1-ը: Հարցի կապակցությամբ փոխնախարարն ասաց. «Իրենք այդ մրցույթը հայտարարել են ըստ հին օրենքի, այսինքն՝ նրանց վրա նոր օրենքը չի տարածվում: Այն, որ աշխատանքային պայմանագիրը պետք է ստորագրի դպրոցի խորհրդի նախագահը, տվյալ դեպքին չի վերաբերում»: Իսկ մեր դիտարկմանը՝ այդ դեպքում մարզպետն ինչո՞ւ է տնօրենի՝ աշխատանքային պայմանագրի չստորագրման պատճառներից մեկը համարում հավաստագրի բացակայությունը, պարոն Մկրտչյանն այսպես պատասխանեց. «Մենք ԿԳՆ-ի դիրքորոշումը ներկայացրել ենք փոխվարչապետին: Նախարարության իրավասության շրջանակում է այն, որ մենք մեր ներկայացուցչին ուղարկել ենք, նա ներկայացրել է, որ տնօրենի ընտրությունը կատարվել է ընթացակարգի համաձայն, իսկ մնացածը մեր իրավասություններից դուրս է»: Բայց եթե տնօրենի ընտրությունն անցել է ըստ ընթացակարգի, ուրեմն մարզպետը պարտավոր է ստորագրել նրա աշխատանքային պայմանագիրը: Այս կապակցությամբ Մ. Մկրտչյանն ասաց. «Դա ամենանուրբ հարցն է. նախարարությունն այստեղ պատասխանատու է նրա համար, որ իր ներկայացուցչի կարծիքը ներկայացնի, մնացած հարցերը կարգավորվում է օրենքով, ու մենք իրավասություն չունենք ոչ մարզպետին ցուցում, ոչ էլ խորհուրդ տալու»: Ասենք նաեւ, որ տվյալ խնդրի վերաբերյալ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունենալով նշել է. «Մի՞թե տիկին Նանյանի խիղճը ոչինչ չի հուշում իրեն, որ իր ապօրինի, կամայական գործելակերպի հետեւանքով մարդու իրավունքն է ոտնահարվում, որը մարդու առողջության քայքայման պատճառ կարող է դառնալ, այն կարող է ողբերգական վախճան ունենալ, ինչպես եղավ Գյումրիի թիվ 19 դպրոցի խորհրդի նախագահի անժամանակ մահվան դեպքում: Ի՞նչ իրավունքով մարզպետը մինչ օրս պատշաճ բացատրություն չի տալիս դպրոցի ընտրված տնօրենին՝ իր պարտականությունները չկատարելու եւ դպրոցի բնականոն գործունեությունը խոչընդոտելու համար»: ԿԳՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշված խնդիրը բարձրացրինք նաեւ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանի հետ զրույցում: Նա ասաց. «Ողջի գյուղի տնօրենի թվացյալ ընտրությունը կայացել է «Հանրակրթության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումից հետո, ուստի տվյալ դեպքում չէր կարող գործատու հանդիսանալ մարզպետը, քանի որ, ըստ նոր օրենքի՝ աշխատանքային պայմանագիր պետք է կնքի խորհուրդը»: Հակադարձեցինք՝ թե մրցույթը հայտարարվել էր հունիսի 7-ին, երբ դեռ նոր օրենքը չէր ընդունվել: Նա պատասխանեց. «Թափուր տեղի համար մրցույթ 2 անգամ չի կայացել, քանի որ առաջին մրցույթի ժամանակ արդեն իսկ խորհրդի առանձին անդամներ չեն մասնակցել մրցույթին՝ հայտարարելով, որ խորհուրդը կառուցվածքով չի համապատասխանել նույնիսկ նախորդ շրջանի օրենսդրությանը: Այսինքն՝ խորհրդի անդամներից, այդ թվում նաեւ նախագահը, չունեին նվազագույն մասնագիտական կրթություն, որը նաեւ նախորդ օրենսդրության պահանջն է»: Մեր այն դիտարկմանը, թե ինչպե՞ս է, որ այդքանով հանդերձ ԿԳՆ-ի ներկայացուցիչը գործընթացը օրինական է համարել: Վարչության պետը պատասխանեց. «Եթե ինքը ներկա է եղել եւ կատարել իր գործառույթը, պարտավոր է պաշտպանել իր գործառույթը, որը լոկալ գործառույթ է եւ կապ չունի նշանակման հետ: Եթե ամբողջ հանրապետությունում մրցույթները դադարեցված են եւ նշանակումներ չեն լինում, ի՞նչ են համառորեն ուզում… վախենում են, թե սերտիֆիկատ չե՞ն ստանա»: Հիշեցնենք, որ ըստ նոր օրենքի՝ թափուր տեղի մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է անցնեն համապատասխան դասընթաց, ստանան հավաստագիր, նոր կարողանան մասնակցել մրցույթի: Ըստ վարչության պետի՝ այժմ Ողջիի դպրոցում գործում է տնօրենի պաշտոնակատարը՝ նախկին տնօրենը եւ ներկայիս փոխտնօրենը:

«Հայելիում», ապա եւ՝ ԿԳՆ-ում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվեցին նաեւ անսպասելի հարկադիր պարապուրդի հետեւանքները վերացնելուն առնչվող հարցեր: Մ. Մկրտչյանը հայտարարեց. «Բաց թողած դասերը վերականգնելու պարզ մոտեցումներ կան. մինչեւ տարեվերջ պիտի դպրոցներն ապահովեն պետականորեն նախատեսված չափորոշիչները: Այն դպրոցները, որոնք 5-օրյա գրաֆիկով են աշխատում, հունվարից կանցնեն 6-օրյայի, իսկ 6-օրյաները՝ ամեն օր կավելացնեն անհրաժեշտ քանակով մեկական ժամ: Որոշ տեղերում հնարավոր է գարնանային արձակուրդները կրճատվեն»: Փոխնախարարը, ի պատասխան բոլոր խոսակցությունների, թե հնարավոր է դասերն այս տարի էլ չվերսկսվեն, հայտարարեց. «Դեկտեմբերի 21-ից դասերը վերականգնվելու են մեկ շաբաթով: Արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 28-ից եւ կավարտվի հունվարի 10-ին»: ԿԳՆ-ում հրավիրված խորհրդակցության ժամանակ այս հարցերի «փակագծերը» բացվեցին: Հարց դրվեց՝ եթե կրթական գործընթացը դադարեցվել է, ապա ուսուցիչները արդյո՞ք պետք է գնան դպրոց աշխատանքի, թե՞ ոչ, իսկ եթե այժմ էլ գնան, հետո շաբաթ օրերն էլ լրացուցիչ աշխատեն, այդ դեպքում ինչպե՞ս պիտի վարձատրվեն: Կրթության ոլորտի մարզային պատասխանատուներն ու ԿԳՆ-ի ներկայացուցիչները եկան այն եզրակացության, որ հարցը լուծվի կամավորության սկզբունքով. եթե ուսուցիչը աշխատանք ունի դպրոցում այս օրերին, թող գա դպրոց, եթե ոչ՝ կարող է չգալ: Հետո կաշխատի լրացուցիչ, ինչպես բոլորը: Քննարկվեց նաեւ ԳԹԿ-ի կողմից իրականացվող ընթացիկ ստուգումների հարցը, որն այժմ դադարեցվեց: Որոշվեց, որ մինչեւ տարեվերջ ԳԹԿ-ն մարզային վարչություններին կուղարկի ժամանակացույցը: Իսկ դեկտեմբերի 21-ից, երբ դասերը վերականգնվեն, ընթացիկ ստուգումներ չեն անցկացվի, դրանք հավանաբար կլինեն հունվարի կեսերին:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի հետ խոսեցինք մարզպետարանների համար ցավոտ դարձած խնդրի մասին՝ դպրոցների վրա նրանց ունեցած իրավասությունների կրճատման մասին: Վարչության պետը նկատեց. «Տեղյակ ենք, որ նոր օրենքի համաձայն, օրինակ՝ ընտրված տնօրենների հետ դպրոցի խորհուրդն է կնքելու պայմանագիր: Մարզպետարանները ոչ թե ցավով են դա ընդունում, այլ մտավախությամբ: Գաղտնիք չէ, որ դպրոցական խորհուրդները դեռ կայացման փուլում են եւ մտահոգ ենք, թե ինչպես ենք չկայացած խորհուրդներին նման լիազորություններ տալիս: Չենք կարող ասել, որ խորհուրդների կազմում հավաքված են կրթության բնագավառի խիստ կոմպետենտ մարդիկ, որոնք կարող են գործատուին վերաբերող բոլոր ֆունկցիաները իրականացնել պատշաճ մակարդակով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել