Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՊԱՐԱՑԻՆ ՓՈ՞Ղ ՉՈՒՆԻ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Երեւի միայն Հայաստանում է հնարավոր, որ պապարացին չկարողանա գումար վաստակել իր աշխատանքով

Paparazzi.am  կայքը մեկ տարեկան է. մեկ տարի առաջ Իրանից ժամանած 21-ամյա Արթուր Վարդանյանը սկսեց լուսանկարել հայտնի մարդկանց տարբեր միջավայրերում, գրեց նրանց մասին ամեն ինչ՝ այդ ամենը տեղադրելով իր paparazzi.am  կայքում: Ա. Վարդանյանին կամ, ինչպես ընկերներն են նրան անվանում՝ պապարացիին, կայքի մեկ տարվա աշխատանքները չգոհացրին, եւ ֆինանսական խնդիրների պատճառով կայքն այսօր գտնվում է փակման խնդրի առաջ:
«Այսօր լրանում է կայքիս մեկ տարին: Մեկ տարի շարունակ աշխատել եմ որքան հնարավոր է  հետաքրքիր եւ բովանդակալից ներկայացնել հայկական շոու-բիզնեսը, եւ մշակութային իրադարձությունները ներկայացրել եմ իմ ֆոտոխցիկի պրիզմայից, բայց իմ գործը, որքան հասկացա, միայն ինձ է հետաքրքրում, եւ ես որոշել եմ փակել կայքը»,- ասում է կայքի հեղինակը:
Նշենք, որ այսօր «Aftershock republic» ակումբում կնշվի paparazzi.am կայքի   1-ամյակը: Ինչն էլ, Ա. Վարդանյանի բնութագրմամբ, հավանաբար, կայքի առաջին եւ վերջին երեկույթն է լինելու. «Նախապես հայտարարել եմ, որ սա լինելու է իմ վերջին երեկույթը: Իսկ երեկույթի նպատակը ֆինանսական առումով մի փոքր օգուտ քաղելն է, որովհետեւ մեկ տարի տանջվել եմ եւ դրա դիմաց նույնիսկ կայքի ամսական վարձը չեմ կարողացել վաստակել, էլ ի՞նչ իմաստ ունի շարունակել, ես բարի կամքի դեսպա՞ն եմ, թե՞ բարերար… Հիասթափվել եմ ամեն ինչից, այստեղ շատ դժվար է գոյատեւելը, քեզ ամեն կողմից խանգարում են, ամեն կողմից ուզում են ետ գցել, գաղափարներդ գողանում են, յուրացնում…»:
Արթուրի խոսքով, կազմակերպված երեկույթը նպատակ ունի նաեւ ճանաչել կայքի այցելուներին. «Ուզում եմ իրականում տեսնել՝ ովքե՞ր են իմ կայքի այցելուները, ո՞ւմ համար եմ մեկ տարի աշխատել: Ճիշտ է, կայքս ունի այցելուների մեծ թիվ, բայց արդյո՞ք նրանք հավատարիմ կգտնվեն ինձ եւ այս պահին կկանգնեն իմ կողքին, որպեսզի կայքը չփակվի: Այսօրվա երեկույթի մասին հայտարարություններ չեմ արել, որովհետեւ նպատակ չունեմ գրավիչ հայտարարություններով մարդկանց իմ շուրջը հավաքել, ինչպես շատերն են անում: Երեկույթի ընթացքում կլինեն հետաքրքիր հյուրեր, խաղեր, կնվագեն հայտնի DJ-ներ. կոնկրետ անուններ չեմ տվել, որ շահագրգռվեն եւ գան, ինձ պետք է, որ մարդիկ ինձ համար գան, ոչ թե իրենց սիրելի աստղի: Պետք է նաեւ հասկանամ՝ ո՞ւմ համար եմ այսքան աշխատել եւ արժանի՞ են  նրանք իմ տանջանքներին: Նշեմ, որ ուրախ երեկույթ է սպասվում, բայց շատ մեծ party չի լինելու: Ինքնագովազդով չեմ զբաղվում, բայց ես էլ կարող էի մե՜ծ party կազմակերպել, բայց մտածեցի՝ իսկ եթե մարդ չգա՞: Այս երեկույթից հետո եթե եկամուտ ունեցա, կրկին նմանատիպ  party-ներ կկազմակերպեմ, կայքիս պայմանագիրը կերկարացնեմ: Մի խոսքով, այսօրվա  միջոցառումն ինձ համար մեծ նշանակություն ունի: Իսկ եթե շահույթ չստացա, կփակեմ կայքն ու կգնամ իմ կյանքով զբաղվելու»:
Մեզ հետ զրույցում Արթուրը նշեց, որ իր մեկ տարվա աշխատանքների արդյունքում մեծ գումարներ է ծախսել. «Ավելի շատ ծախսել եմ, քան եկամուտ ստացել: Հոգնել եմ ինձ չգնահատված զգալուց, չէ՞ որ, երբ արածիդ արդյունքը չես տեսնում, այլեւս ոգեւորություն չես ունենում շարունակելու սկսածդ գործը: Նշեմ, որ ես մրցակցության մեջ եմ նաեւ բլոգների հետ, որոնցից են kamoblog.am-ը, fashionblogi.
am-ը: Իսկ իրականում մենք տարբեր ենք: Օրինակ՝ kamoblog-ի Կամոն ինձ հետ չի համեմատվի, քանի որ նա 10 տարի է շոու-բիզնեսում, ես՝ մեկ: Նա միշտ ունեցել է իր հովանավորը, իսկ իմ հովանավորը ես եմ: Այսօրվա երեկույթը կարեւորվում է նաեւ նրանով, որ ցանկանում եմ հովանավոր գտնել»:
Արթուրը նաեւ ասաց, որ կայքի հնարավոր փակման մասին դժգոհություններ է ստացել, բայց  երեկույթից կտեսնի՝ որքանո՞վ են այդ բողոքներն արդարացված. «Ամենամեծ բողոքը ես եմ բարձրացնելու. ուզում եք paparazzi.am-ը մնա՞, ուրեմն օգնեք ինձ այդ հարցում, որովհետեւ ես միայնակ չեմ կարողանում: Ի վերջո, ի՞նչ է այդ կայքը տալիս, լավ, ասենք թե՝ հայտնիություն. չեմ հերքում, սկզբում նպատակս  հենց դա էր, բայց դա արդեն ունեմ, մարդիկ ինձ ճանաչում են, բայց դատարկ հայտնիությունն ո՞ւմ է պետք… Պատկերացրեք՝ հայտնի մարդ՝ դատարկ դրամապանակով, ո՞ւմ է նա պետք… Ես չեմ կարողանում kamoblog-ի Կամոյի պես հովանավոր «կպցնել», խոսալ, համոզել: Ես չեմ կարող մերժվել, չեմ կարող լսել, թե ինչպես են ինձ հաստափոր ձյաձյաները մերժում. կարճ ասած՝ հովանավոր «կպցնել» չգիտեմ: Հիշում եմ, մի անգամ հովանավորման հարցով դիմել էի «Luxury» ամսագրին, նրանց հետ համատեղ մի նախագիծ պետք է իրականացնեինք, բայց վերջին օրերին, երբ արդեն ամեն ինչ պայմանավորված էր, պլանավորված, պատահական այցելեցի kamoblog.am եւ նույն նախագծի մասին կարդացի այնտեղ, փաստորեն՝ նրանք ինձ հետ պայմանագիրը դադարեցրել էին եւ նոր պայմանագիր կնքել Կամոյի հետ: Ամեն ինչ այդպես ինձ տարավ դեպի հուսահատություն: Թող ոչ ոք ինձ սխալ չհասկանա, պարզապես՝ քանի որ Հայաստանում ամեն ինչ ծանոթ-բարեկամով է պայմանավորվում, եւ ես սփյուռքահայի պիտակ ունեմ ինձ վրա,  այդ պատճառով էլ ինձ քիչ են վստահում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել