Վանաձորի քաղաքապետարանում 2009 թվականի օգոստոսին բացված նոր՝ Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման բաժնի ութ հաստիքները համալրելու համար հայտարարված մրցույթին երեկ մասնակցեց ութ մարդ, բոլորն էլ հաջող հանձնեցին քննությունը եւ կծառայեն քաղաքին:
Մրցութային հանձնաժողովում ներկայացված են էլի ութ հոգի՝ Վանաձորի ավագանու հինգ անդամ եւ Լոռու մարզպետարանի երեք ներկայացուցիչ: Հանձնաժողովի փոխնախագահ Սեւակ Հովհաննիսյանի խոսքով. «Մրցույթով աշխատող ընդունելը հնարավորություն է տալիս կատարել ճիշտ ընտրություն, գնահատել անձին, նրա կարողությունները, թեկուզ պահանջները խիստ չեն: Ըստ օրենքի, միջնակարգ կրթությունն այս պաշտոնի համար լրիվ բավարար է, բայց պատրաստված, կրթություն ստացած մարդիկ են գալիս»:
Վանաձորի քաղաքապետարանի քատուղար Գագիկ Սիմոնյանն էլ ասաց, որ պաշտոնների հավակնորդներին առաջադրվող միակ կարեւոր պահանջը արական սեռի ներկայացուցիչներին է վերաբերում. զինապարտության հետ կապված խնդիրներ պիտի չլինեն, չարամտորեն խուսափած չլինեն զինվորական պարտադիր ծառայությունից: Պարտադիր են նաեւ համակարգչային ընդունակությունները, օտար լեզվի իմացությունը: Իսկ հավակնորդներն իրենք ուրախ են, որ աշխատանքային փորձը ու ստաժը պարտադիր պայման չեն եւ տարիքային սահմաններն էլ շատ լայն են՝ 18-65 տարեկան:
Համայնքային ծառայողների մրցույթներում առանձնապես ակտիվ չէ նաեւ Լոռու «ներքեւի» հարեւան Արագածոտնի մարզը: Ըստ Արագածոտնի մարզպետարանի տվյալների, մարզի համայնքներում համայնքային ծառայության 196 թափուր պաշտոնների համար հայտարարվել են մրցույթներ, դիմել է 191 քաղաքացի, հաղթող է ճանաչվել եւ պաշտոնի նշանակվել միայն 132-ը:
Հ. Գ. Վանաձորի քաղաքապետարանում դեռ էլի թափուր հաստիքներ կան. գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման, լրատվության եւ արտաքին հարաբերությունների, կոմունալ սպասարկման եւ բարեկարգման բաժիններում, քարտուղարությունում:


















































