Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք՝ «Առավոտին»

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

\"\"Ի պատասխան մեր թերթի այս տարվա դեկտեմբերի 9-ի «Կրկնակի ասֆալտ» եւ «Կամուրջը դեռ սպասում է» վերտառությամբ նյութերի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը ներկայացրել է հետեւյալ պարզաբանումները.

«Ձեր թերթում նշած Ալագյազ-Արթիկ միջմարզային ճանապարհը ոչ թե վերաասֆալտապատվել է, այլ կատարվել է ճանապարհի վերին շերտի ասֆալտապատում: Բանն այն է, որ նշված ճանապարհի նախահաշվային արժեքը կազմել է 1,1 մլրդ դրամ, որից 2008թ.-ի համար հատկացվել է ընդամենը 600 մլն դրամը: Այդ գումարով կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ եւ ասֆալտապատվել է միայն ճանապարհի ներքին շերտը: Իսկ վերին շերտի ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված գումարը հատկացվել է այս տարի, որով եւ նշված ճանապարհն ամբողջությամբ վերանորոգվել է:

Նշենք, որ, ըստ ճանապարհաշինարարական նորմերի, սկզբից ասֆալտապատվում է ճանապարհի ներքին, հետո նոր՝ վերին շերտը:

Ինչ վերաբերում է նույն օրը ձեր թերթում տպագրված «Կամուրջը դեռ սպասում է» նյութին, ապա տեղեկացնենք, որ այդ կամուրջը երբեւէ ընդգրկված չի եղել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում: Իսկ հաջորդ տարվա պետական բյուջեում ներառված են առավել վթարային 5 կամուրջներ, որոնց մեջ ընդգրկված չէ Այգեձորից Չինարի տանող կամուրջը: Խնդիրն այն է, որ հանրապետությունում կան ավելի քան 4200 կամուրջներ (այդ թվում՝ 1800-ը գտնվում է միջպետական ճանապարհների վրա), որոնց մոտ 70 տոկոսը վերանորոգման կարիք ունի: Դրանց որոշ մասի վերանորոգումն իրականացվում է նաեւ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի ծրագրերով:

Ձեր թերթի այս տարվա նոյեմբերի 5-ի համարում «13 գյուղի մեկ կամուրջը. գյուղացիները դժգոհ են շինարարության տեմպերից, իսկ նախարարությունը պնդում է, որ ամեն ինչ նորմերի մեջ է» վերտառությամբ հոդվածի հետ կապված, հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոնշյալ՝ Արմավիրի մարզի Երասխահունի կամուրջն ամբողջությամբ վերանորոգված է եւ արդեն մի քանի օր է՝ շահագործվում է:

Ինչպես նշված հոդվածում տեղեկացրել էինք, պայմանագրով նախատեսված էր կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտել այս տարվա դեկտեմբերի 25-ին, սակայն շինարարական կազմակերպությունն այն ավարտել է ժամկետից շուտ: Ցավում ենք, որ կամրջին հարակից գյուղերի այն բնակիչները, ովքեր ջանասիրաբար անհիմն բողոքներ էին ներկայացնում լրատվամիջոցներին, թե կամուրջի շինաշխատանքները դադարեցրել են, նույն ջանասիրությամբ չարձագանքեցին կամրջի ամբողջությամբ վերանորոգման փաստին:

Տեղեկացնենք, որ առաջիկայում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը կայցելի Արմավիրի մարզ եւ տեղում կծանոթանա Երասխահունի կամրջի վրա կատարված շինաշխատանքներին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել