Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

\"\"Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ նախորդ օրը զբաղեցվել էին էլիտար «օֆիսներն» ու հյուրանոցները:

Իրավապաշտպան գործունեությամբ միայն այդ օրը զբաղվողները շատերին չէին հրավիրել եւ ստացվեց, որ իրենք լսեցին իրենց:

Երեկ նախկին դատապարտյալների «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Կոշկարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ թվով 100 նախկին դատապարտյալներ բնակվում են Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 66 եւ 68 շենքերում: Դատապարտյալների երեխաները թվով 200-ն են: Նրանցից շատերը չունեն աշխատանք: Գ. Կոշկարյանի նախաձեռնությամբ նրանք 2 ամիս զբաղվեցին «Ազատություն» սուրճի փաթեթավորմամբ, սակայն չդիմացան հարկայինի բեռին:

Գ. Կոշկարյանը դիմել էր հարկային մարմիններին, առժամանակ հարկեր չպահել իրենցից, քանի որ «զրոյից ցածր մարդիկ են»: «Ազատությունը» փակվեց, եւ կազմակերպության նախագահը դիմում է բարեսիրական կազմակերպություններին:

Վերջերս Կենտրոնի թաղապետը 150 քմ արտադրական տարածք է տվել դատապարտյալներին՝ մինչեւ 2025թ. անհատույց օգտագործման նպատակով:

Գ. Կոշկարյանը տեղեկացնում է, որ դատապարտյալներն ամաչում են իրենց անցյալից եւ զբաղվածության կենտրոններ չեն գնում: Նրա կարծիքով, ճիշտ կլիներ, որպեսզի այդ կենտրոններում իրենք ունենան «իրենց մարդը» եւ խտրականություն չդրվի աշխատանքի առաջարկման ժամանակ:

Կազմակերպության ղեկավարն ասաց, որ այս պահին հանրակացարանում մահամերձ վիճակում է գտնվում «հեպատիտ C»-ով տառապող՝ նախկինում դատված Վարդգես Փաշայանը: Դատապարտյալները դիմել են առողջապահության նախարարություն՝ պետպատվերով բուժծառայության խնդրանքով, սակայն մերժվել են:

Այս հանրակացարանում սովից ու դժվարություններից մահացավ «Չենջ» մականունով հայտնի դատապարտյալը: Սգո արարողությունն արեցին ծայրահեղ թշվառության մատնված դատապարտյալների ընտանիքները:

Դատապարտյալներից շատերը օրավարձով աշխատանքներ են կատարում «ֆայլաբազարում»:

Շուտով Ամանոր է: Դատապարտյալների երեխաներն անցյալ տարի առաջին անգամ տեսան «կենդանի Ձմեռ պապ ու Ձյունանուշիկ», շնորհիվ Արմեն Մազմանյանի եւ նրա թատրոնի դերասանների: Գ. Կոշկարյանն ասում է, որ նախկին դատապարտյալները, որոնք բնակվում են հանրակացարանում, հանցագործություն չեն կատարել այդտեղ տեղափոխվելուց հետո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել