Սիեթլ քաղաքի մոտակա անտառներում եւ մեկուսացված կղզյակներում ոստիկանությունն արդեն երկու տարի ծուղակներ է պատրաստում բոկոտն դեռահասի համար, որը հայտարարված է օրենքից դուրս:
Ոստիկանությունը հաղորդում է, որ 18-ամյա Կոլթոն Հարրիս-Մուրը, որը, շնորհիվ իր արտառոց արարքների, դարձել է լեգենդ, մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների մեջ: Նրան է վերագրվում մոտ 50 կողոպուտ, ինչպես նաեւ մի քանի մոտորանավակի եւ փոքր ինքնաթիռների գողություններ: Ի դեպ, վերջինների ղեկավարելը պատանին սովորել է համակարգչային խաղերի օգնությամբ:
Կոլթոնը ապրում է անտառում եւ չի կրում կոշիկ: Նրա միակ տեխնիկական վերազինվածությունը 2 ջերմային ակնոցներն են, որոնց օգնությամբ հանցագործը գործում է գիշերը: Շատ տեղաբնակների համար Հարրիս-Մուրը ժամանակակից Բուչ Կեսսեդին է («Բուչ Կեսսեդի եւ Սանդենս Քիդ» վեսթեռնի հերոսը), որը կատվին հատուկ ճկունությամբ ամեն անգամ կարողանում է դուրս պրծնել նույնիսկ «ամենաանհույս» ծուղակներից:
Այս կողոպտիչն անամոթաբար շնորհակալություն է հայտնում իր զոհերին՝ թողնելով նրանց հիշատակ-երկտող եւ իր լուսանկարները, որոնք, ի դեպ, eBay կոմերցիոն կայքում վաճառվում են $300-ով: Հազարավոր մարդիկ Facebook-ում նրա էջի բաժանորդներն են, իսկ նրա լուսանկարները հայտնվում են մարզաշապիկների վրա՝ «Թռիր Կոլթոն, թռիր» մակագրությամբ: Տեղի ռոք-համույթները նրա արկածների մասին երգեր են հորինում, իսկ հոլիվուդյան պրոդյուսերները խոստանում են նրա ծնողներին շահութաբեր գործարք՝ անորսալի կողոպտիչի մասնակցությամբ ֆիլմ, եթե վերջիններս համոզեն որդուն հանձնվել ոստիկաններին, նույնիսկ խոստանում են վճարել փաստաբանական ծառայության համար:
Կոլթոնը մեծացել է փոքր կղզու մեկուսացված համայնքում, վայրի բնության մեջ: Գողանալ սկսել է մանկուց՝ կղզու հանգստյան տներից: Թռցնելով սնունդ ու վերմակ, նա մի քանի օրով անհետանում էր անտառներում: 2008թ. ապրիլին նրան ուղարկեցին անչափահասների ուղղիչ կենտրոն, որտեղից նա փախավ անտառ՝ չդիմանալով պայմաններին:
Սակայն վերջին փախուստի ժամանակ ոստիկանի հրացանից Կոլթոնը կրակել է, ինչի պատճառով նրա «կարգավիճակը» դարձել է «զինված է եւ շատ վտանգավոր»:


















































