Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում» թեմայով ձմեռային դպրոցի մասնակից պետական եւ ոչ պետական բուհերի 30 վարչական աշխատողների սերտիֆիկատների հանձնման արարողությունը: «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն» հ/կ-ի եւ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված դպրոցի ընթացքում տեղի մասնագետների իմացությունները՝ Բոլոնիայի գործընթացի իրականացման ճանապարհին կատարվող բարեփոխումների վերաբերյալ, թարմացրին մեծ Բրիտանիայից հրավիրված պրոֆեսոր Էնդի Գիբսը՝ Էդինբուրգի Նեփիեր համալսարանից եւ Թերենս Քլիֆորդ-Ամոսը՝ Քանթըրբրի Քրայստ Չերչ համալսարանից:
«Առավոտը» զրուցեց պրոֆեսոր Քլիֆորդ-Ամոսի հետ: Նա հայաստանցի մասնագետներին խելացի եւ ընդունակ համարեց, իսկ Բոլոնիայի գործընթացի մասին երբեմն հնչող տարակարծությունների վերաբերյալ նկատեց. «Ամեն առիթով շեշտում եմ, որ բոլոնյան համակարգի էությունը եղած կրթական ավանդույթների ոչնչացումը չէ, այլ դրանց համադրումը: Այս առումով պահպանողական ուղղության ներկայացուցիչները հաճախ են մտահոգվում, բայց նրանց հանգստացնելով ասեմ, որ Բոլոնիայի գործընթացի էությունը եվրոպական կրթադաշտում փորձի եւ իմացությունների փոխանակումն է»: Իսկ դպրոցին մասնակցած, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի վարիչ Մարինա Մարտիկյանը նշեց. «Կոնսերվատորիան, լինելով սպեցիֆիկ բուհ, ոչ լիովին կարող է ենթարկվել բոլոր այն փոփոխություններին, որոնք պահանջվում են Բոլոնիայի գործընթացով: Բայց արտասահմանից հրավիրված փորձագետները մեզ խորհուրդ տվեցին պահպանել ավանդականը, ոչ թե այդ համակարգը ենթարկել խորը փոփոխությունների»:


















































