Լրահոս
Օրվա լրահոսը

4 ամսական օրենքն արդեն փոփոխում են

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

\"\"«Տեսակետ» ակումբի երեկվա հյուրի՝ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ լրագրողները քննարկեցին հանրակրթական ոլորտին վերաբերող հարցեր: Խոսելով «Հանրակրթության մասին» նոր օրենքից, տիկին Բախշյանը հատկապես առանձնացրեց այն, որ նոր օրենքով նախատեսված է դպրոցի կառավարումը, տնօրենի ընտրությունը՝ խորհուրդի միջոցով: Բացելով փակագծերը՝ ԱԺ պատգամավորը նշեց. «Դա պետության ստանձնած վարկային ծրագրի պարտավորություն է, որը չի արվել ժամանակին, խեղաթյուրվել է, ուստի հիմա մեծ դժվարություններով բերել՝ օրենքի մեջ ենք դրել: Կառավարվող մարմինների՝ հիմնականում մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի կողմից այդ նպատակը չի իրականացվել՝ դպրոցի տնօրենների ընտրությունն իրենց քիմքին հարմարեցնելու նպատակով»:

Ա. Բախշյանը մտահոգված է, որ դեռ վերջերս ընդունված «Հանրակրթության մասին» օրենքում արդեն փոփոխություններ են կատարվում: Նա մանրամասնեց. «Օրենքով նախատեսված էր, որ դասագրքերը պետք է դպրոցում մեկ տարի փորձաքննություն անցնեին: Չորս ամիս առաջ ԱԺ-ն 100%-ով կողմ քվեարկեց այդ օրենքին եւ դրանից բխող դրույթին: Ահա 4 ամիս հետո այդ մասով փոփոխություն է կատարվում, քանի որ հրատարակիչները գրոհել են: Փաստորեն, մեր բոլորի երեխաների որակյալ կրթություն ստանալու շահը ստորադասվեց նրանց շահին: Երկրորդ փոփոխությունը վերաբերում է լեռնային, սահմանային եւ բարձր լեռնային գոտիներում աշխատող ուսուցիչների աշխատավարձի 50% հավելում կատարելուն, դա եւս հանվեց: Պատկերացրեք, նախարարը, որը ժամանակին որպես պատգամավոր մեծ ներդրում ունեցավ օրենքի ընդունման գործում, 4 ամիս հետո գալիս եւ ասում է այս փոփոխությունները կատարելու մասին, դա նրանից է, որ դեռ գործադիր մարմինը պատրաստ չէ… դա մեր երկրի աբսուրդն է, ոչ թե նախարարինը»:

Իսկ մարզպետարանների կողմից բազմիցս հնչող այն մոտեցմանը, թե իրենք մտահոգված են, որ խորհուրդներում հայտնվում են պատահական մարդիկ եւ ինչպես կարելի է նրանց վստահել այդպիսի լիազորություններ, տիկին Բախշյանը պատասխանեց. «Մարզպետներն էլ բավական պատահական մարդիկ են՝ որպես կառավարող մարմիններ եւ իրենց կամայականություններով ավելի են խայտառակում այս բնագավառը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել