Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

Այս տարի ՀՀ ԿԳ նախարարության եւ Կրթության ազգային ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում անց է կացվում «Քաղաքացի» նախագիծ-ծրագիրը, որը նպատակ ունի դեռահասների մեջ քաղաքացիական ակտիվություն ձեւավորել, նրանց հաղորդակից դարձնել համայնքում առկա հիմնախնդիրներին, կապ ստեղծել աշակերտների եւ ՏԻՄ ներկայացուցիչների միջեւ: Ծրագրի շրջանակներում Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանցիները մի քանի ամիսների ընթացքում ուսումնասիրել եւ բացահայտել են համայնքային մի շարք հիմնախնդիրներ, որոնցից ընտրել են դեռահասների դաստիարակության հիմնախնդիրը: Այս հարցի վերաբերյալ նրանք մշակել եւ կազմել են երեխաների դաստիարակությանը նպաստող սեփական ծրագիրը, այդ ծրագիրն էլ հասարակագիտություն առարկայի ուսուցչուհի Էմմա Անտոնյանի գլխավորությամբ ներկայացրին Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանին: Վերջինս կարեւորեց այն, որ երեխաները հետաքրքրություն են դրսեւորում համայնքային նշանակության խնդիրների վերաբերյալ, անտարբեր չեն տարածքային կառավարմանը վերաբերող մի շարք հարցերի նկատմամբ: Մ. Սայադյանը խոստացավ աջակցել ծրագրի հեղինակներին այն բոլոր նախաձեռնություններում, որոնք կնպաստեն նշված խնդիրների լուծմանը:

Աշակերտները ծրագիրը քննարկեցին նաեւ Լոռու մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի հետ, ով նույնպես դեռահասների հետ կապված հիմնախնդիրների լուծմանը մեծ կարեւորություն տվեց: Զրույցի ընթացքում աշակերտներն իրենց մտահոգությունները հայտնեցին, ուղղեցին բազմաթիվ հարցեր, հանդես եկան սեփական առաջարկներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել