Լրահոս
Օրվա լրահոսը

Կիպրոսի նախկին նախագահի դին առեւանգել են գերեզմանից

Դեկտեմբեր 12,2009 00:00 Share

\"\"Կիպրոսի նախկին նախագահ Տասոս Պապադոպուլոսի դին հափշտակվել է գերեզմանից՝ հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով Կիպրոսի իրավապահների խոսքերին: Հանցագործությունը կատարվել է հայտնի քաղաքական գործչի մահվան 1-ին տարելիցի նախօրեին: Ոստիկանության ներկայացուցիչը գործակալությանն ասել է, որ Նիկոսիայի մոտակա Դեֆթեր գյուղակի գերեզմանոցից նախկին նախագահի դին առեւանգել են հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Հանցագործության մոտիվները հայտնի չեն: Աջ-կենտրոնամետ DIKO կուսակցության նախագահ Մարիոս Գարոյանը, ում ղեկավարած քաղաքական ուժի անդամ էր Պապադոպուլուսը, այդ առեւանգումն անվանել է «ստոր եւ ահավոր հանցագործություն»: Իշխող կոմունիստական AKEL կուսակցության նախագահ Անդրոս Կիպրյանուն նույնպես իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Պապադոպուլոսը Կիպրոսի նախագահ էր ընտրվել 2003-ի փետրվարին: Նրա նախագահության ընթացքում Կիպրոսը դարձավ Եվրամիության անդամ: Միեւնույն ժամանակ, նա դեմ էր 1974 թվականի ռազմական կոնֆլիկտի արդյունքում թուրքական եւ հունական մասերի բաժանված կղզու վերամիավորմանը: Մասնավորապես, 2004-ին նա իր համերկրացիներին կոչ արեց դեմ քվեարկել այն ժամանակվա ՄԱԿ-ի քարտուղար Քոֆի Անանի առաջարկած՝ կղզու երկու հատվածների վերամիավորման պլանին: 2008-ի դեկտեմբերի 12-ին նա մահացավ թոքերի քաղցկեղից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել