Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 12,2009 00:00

Երեկ Եռաբլուրում ստորագրած փաստաթղթով հանրապետության կուսակցական կազմակերպությունները ներկայացնող երիտասարդները դատապարտել են Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջերս հաճախակիացած ռազմատենչ հայտարարությունները՝ պատերազմ նախաձեռնելու վերաբերյալ: «Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի՝ պատմությունից դասեր չքաղած եւ պատերազմը վերսկսելուն ուղղված հոխորտանքները պարսավելի են անգամ այն դեպքում, եթե դրանք ունեն բացառապես քարոզչական նպատակներ: Իսկ եթե այսպիսով հող է նախապատրաստվում ռազմական գործողությունները վերսկսելու համար, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու նախեւառաջ երիտասարդությունը պատվով կընդունեն այս մարտահրավերը եւ հերթական անգամ զենքը ձեռքին կպաշտպանեն արցախցու՝ իր հայրենիքում ԱԶԱՏ ապրելու իրավունքը, ինչպես նաեւ արժանի հակահարված տալով ագրեսորին՝ կպատժեն նրան իր պատեհապաշտ գործողությունների համար՝ պարտադրելով նրան խաղաղություն, չբացառելով ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների շուրջ անվտանգության գոտու ստեղծումը: Մենք վստահ ենք, որ պետականությանը սպառնացող վտանգը կմիավորի ՀՀ եւ ԼՂՀ բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց սոցիալական դիրքից եւ քաղաքական հայացքներից: Որպես արտաքին սպառնալիքին հանդիման նման միասնության օրինակ, մենք՝ քաղաքական տարբեր ուղղվածություն ունեցող երիտասարդ քաղաքացիներս, մեր պատրաստակամությունն ենք հայտնում հայրենիքին սպառնացող վտանգի առարկայացման դեպքում մի կողմ թողնել բոլոր քաղաքական տարաձայնությունները եւ միասնաբար մարտնչել մինչեւ հաղթանակ»,- ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են ԱԺՄ, «Ժառանգություն», «Հանրապետություն» կուսակցությունների ուսանողական-երիտասարդական միությունները, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, ՀՌԱԿ «Արմենակ Եկանյան» երիտասարդական ակումբը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել