Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտավոր ենք հաղթել

Դեկտեմբեր 15,2009 00:00

Բասկետբոլի Երեւանի «Հատիս» կանանց թիմը դեկտեմբերի 17-ին «Միկա» մարզական ակումբի դահլիճում հյուրընկալելու է Թուրքիայի «Բեշիկթաշին», որի նկատմամբ նրա իսկ խաղադաշտում օրեր առաջ անչափ կարեւոր հաղթանակ էր տոնել: Սակայն Ռուսաստանի «Չեվակատա» ակումբից կրած կասկածելի պարտությունից հետո Եվրոպայի գավաթի 2009/2010 թթ. խաղարկության հաջորդ փուլ անցնելու համար մեր «Հատիսից» անպայման հաղթել է պահանջվում: Ասվածը զուտ մարզական առումով է: Սակայն, եթե անգամ այս խնդիրը չլիներ, «Բեշիկթաշի» հետ խաղը հայաստանցի մարզասերի համար մի այլ արժեք ունի:
Ակումբի ղեկավարությունը «Հատիս» անվան հեղինակությունը պահպանելու եւ ավելի բարձրացնելու նպատակով ոչ մի բանի առաջ չի կանգնում՝ թիմը միջազգային չափանիշներին համապատասխանող խաղացողներով համալրելու համար: Այս ճանապարհին, երբ «Հատիսն» արդեն Վոլոգդայում էր եւ պետք է խաղար «Չեվակատայի» հետ, Բոսնիայից Երեւան պետք է ժամաներ Նուրա Իմամովիչը, բասկետբոլիստուհի, որ հանդես է գալիս Եվրոպայի առաջատար ազգային հավաքական ունեցող այդ երկրի ընտրանիում, պաշտպանել է աշխարհամասի լավագույն ակումբների պատիվը: Սակայն «Հատիսի» պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Նուրան Հայաստան գալու նախօրեին ոտքը լուրջ վնասել է եւ երկար ժամանակով դուրս մնացել պայքարից:
Իհարկե, ճանաչված բասկետբոլիստուհին շատ անհրաժեշտ էր «Հատիսին»: Սակայն «Բեշիկթաշի» նկատմամբ հաղթանակը օդի պես կարեւոր է մեր թիմի համար ու դեկտեմբերի 17-ին Գիա Ղազանչյանի սաները պարտավոր են անհրաժեշտ միավորներ վաստակել անգամ իրենց ներկայիս կազմով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել