Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՏԱՐԻ՝ «ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ»-Ի ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԵՏ

Դեկտեմբեր 18,2009 00:00

\"\"«ՎիվաՍել ՄՏՍ»-ը, հավատարիմ մնալով սպորտի գործընկեր լինելու
ռազմավարությանը եւ «Սպասեք ավելիին» իր նշանաբանին, շարունակում է անակնկալներ մատուցել հայաստանցի մարզասերներին:

Բառացիորեն մի քանի օր առաջ Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատորն ստանձնեց «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի գլխավոր հովանավորի դերը: Եվ դրանով իսկ հաջողություն բերեց մեր թիմին. «Հատիսը», անկախ Թուրքիայի «Բեշիկթաշի» հետ երեկ կայացած հանդիպման ելքից, արդեն Եվրոպայի գավաթի խաղարկության հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք էր ստացել, քանի որ Վոլոգդայի «Չեվակատան» նախորդ օրը սեփական հարկի տակ 79:80 հաշվով պարտվել էր Հունաստանի «Աթինաիկոսին»: Իսկ երեկվա խաղի արդյունքը որոշելու էր, թե մեր թիմը ո՞ր տեղով է անցնելու հաջորդ փուլ:
Երեկ «ՎիվաՍել ՄՏՍ»-ը Հանրային հեռուստաընկերության հետ 2010/2012 թթ. համագործակցության պայմանագիր ստորագրեց, որով ստանձնեց առաջիկա երեք տարիներին 1-ին ալիքով միջազգային սպորտի կարեւորագույն իրադարձությունների հեռարձակման բացառիկ հովանավորի դերը:
Հեռարձակման հովանավորչական փաթեթ ենթադրող պայմանագրի շրջանակներում մարզասերները հնարավորություն կունենան հետեւելու 2010 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին (Կանադա, Վանկուվեր), ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին (Հարավաֆրիկյան Հանրապետություն), 2010/11 թթ. ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խաղերին, 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ընթացքին, Լեհաստանում եւ Ուկրաինայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը:
Պայմանագրի ստորագրման առիթով «ՎիվաՍել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտարարեց. «Մենք գնահատում ենք յուրաքանչյուրի ճաշակը եւ նախասիրությունները, դրանով իսկ փորձելով գոհացնել հնարավորինս ավելի լայն լսարանի: Սպորտն ավելին է, քան պարզապես խաղը: Այն մարմինն ու հոգին կոփող առողջ մրցակցության դրսեւորում է: Ստանձնելով այս հովանավորությունը՝ «ՎիվաՍել ՄՏՍ»-ը հասարակությանը հնարավորություն է ընձեռում հաղորդակից լինել մեծ սպորտին, ոգեւորվել համաշխարհային սպորտի նվաճումներով, հետաքրքիր դարձնել առօրյան»: Պարոն Ռալֆ Յիրիկյանը անդրադարձավ նաեւ ընկերության՝ այդ նպատակներին ծառայող երրորդ սերնդի ցանցի հեռանկարներին եւ հնարավորություններին: «Այսօր արդեն հեռուստացույցից հեռու գտնվող մարդը զրկված չէ սպորտային հաճելի պահերը վայելելու հնարավորությունից: Մեր ընկերության «Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը նույնպես կապող օղակ է տարբեր մշակույթ, բայց ընդհանուր հետաքրքրություն ունեցող ֆուտբոլիստների եւ երկրպագուների միջեւ: Հուսով եմ, որ մեր երիտասարդներն աշխարհի ուժեղագույն թիմերի խաղից հաճույք ստանալուն զուգահեռ, հակված կլինեն քայլեր կատարել մեծ սպորտում հայտնվելու համար»,- ասաց պարոն Ռալֆ Յիրիկյանը:
Համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո, որի ընդհանուր գումարը երեք տարվա կտրվածքով 750 միլիոն դրամ է (տարեկան 250 մլն դրամ), կազմակերպված ասուլիսում պատասխանելով «Առավոտի» հարցին, թե այս պայմանագրի շրջանակներում նախատեսվո՞ւմ են նաեւ գալիք երեք տարիներին 2012 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից ուղիղ հեռարձակումներ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը պատասխանեց. «Մենք հակված ենք մարզական խոշոր միջոցառումներ ցուցադրել: Այս պահին կոնկրետ պատասխաններ տալ չեմ կարող, սակայն հնարավորության սահմաններում կաշխատենք դրանք էլ ընդգրկել մեր եթեր»: Իսկ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը հավելեց. «Մենք մինչեւ հիմա էլ ձգտել ենք բավարարել նաեւ այդ պահանջները: Հետագայում էլ աշխատելու ենք եթեր բերել այն բոլոր մարզաձեւերը, որտեղ մեր առաջատար մարզիկներն են հանդես գալու, կամ դրանք հայ մարզասերի համար հետաքրքիր են լինելու, ինչպես ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունները: Եվ անպայման ցուցադրելու ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել