Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿՈՒՄ ԵՆ

Դեկտեմբեր 19,2009 00:00

Փողոցում հայտնված երեխաները հուսահատությունից մարմնավաճառությամբ են զբաղվում, գողություն են անում ու թմրադեղ օգտագործում

 \"\"«Ես 14 տարեկան էի, երբ մայրս մահացավ, ինձ ու քույրիկիս տեղափոխեցին Գավառի մանկատուն: Ես այնտեղ ոչ մի կերպ չէի հարմարվում եւ, ի վերջո, փախա: Քույրիկիս էլ թողեցի այնտեղ: Չգիտեմ էլ ինչպես հայտնվեցի Երեւանում, որտեղ ես մի պապիկ ունեի: Ճիշտ է, նա իմ հարազատը չի, բայց ինձ ու քրոջս շատ է օգնել։ Եկա նրա մոտ, նա ինձ տեղ տվեց, որ մնամ։ Մտածում էի, որ մանկատան տպավորություններից կհանգստանամ ու նորից հետ կգնամ, բայց օրերից մի օր ինձ փախցրին ու ես տենց ամուսնացա»,- այսպես սկսեց իր պատմությունը Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների աջակցման կենտրնում» արդեն 3 ամիս ապաստանած 17-ամյա Արմինեն: Նրա ամուսինն իրենից 7 տարի մեծ է եղել եւ, Արմինեի խոսքերով, հավանաբար դա է եղել պատճառը, որ նա վստահել է այդ տղային: «Չէի հասկանում՝ ինչ էի անում, ուր էի գնում: Չէի էլ ճանաչում նրա ընտանիքի անդամներին։ Որոշ ժամանակ ապրելով այդ ընտանիքում` ես հասկացա, որ չեմ կարող հարմարվել։ Սկեսուրս շատ վատն էր, ահավոր բաներ էր անում իմ գլխին, դրա համար էլ չմնացի նրանց մոտ։ Հետ եկա պապիկիս մոտ, հետո ինձ գտան ու բերեցին ՀՕՖ։ Այդ ժամանակ ես արդեն հղի էի, բայց չգիտեի այդ մասին։ Հետո երբ իմացա, որ հղի եմ՝ արդեն շատ ուշ էր հղիությունն ընդհատելու համար»,- պատմեց Արմինեն։ «Ես վախենում էի, մենակ էի։ Բայց հետո հայտնվեցին մարդիկ ՀՕՖ-ից եւ ինձ շատ օգնեցին այդ հարցում։ 15 տարեկան էի, երբ երեխաս \"\"ծնվեց։ Այդ պահին չէի հասկանում՝ ինչ է տեղի ունենում իմ կյանքում, ինչ է փոխվել, հետո հետզհետե հասկացա, որ իրականությունը սա է՝ ես մայր եմ ու ճիշտ եմ վարվել, որ երեխայիս չեմ թողել հիվանդանոցում։ Ես չէի էլ ցանկանում նրանից հրաժարվել, ուղղակի բժիշկներն էին ինձ համոզում, թե չեմ կարողանա երեխայիս պահել, որովհետեւ շատ փոքր եմ»։ Երեխայի ծնվելուց հետո Արմինեն գնացել է խնամակալ ընտանիք, որտեղ նրան օգնել են երեխային մեծացնել, սակայն, ինչպես Արմինեն է ասում, իր եւ խնամող կնոջ հարաբերությունները գնալով վատացել են. «Ինքը շատ խիստ էր, ուզում էր, որ ամեն ինչ լինի իր ուզածով, որ ես որեւէ մեկի վրա ուշադրություն չդարձնեմ, ինձ էլ ոչ ոք չնայի։ Վատացան հարաբերությունները, եւ ես եկա այստեղ»:

\"\"Արմինեի խնամակալ պապիկը երբեմն-երբեմն այցելում է նրան. «Քույրիկիս հետ էլ կապ ունեմ, զանգում եմ հաճախ: Նա դեռ Գավառի մանկատանն է»։

Չնայած Արմինեն շատ երիտասարդ է, սակայն երեխայի ծնվելուց հետո այլեւս ցանկություն չունի ոչ մի տղամարդու հետ ծանոթանալ ու ամուսնանալ, քանի որ շատ է հիասթափվել. «Բոլորից էլ հիասթափվել եմ, չնայած ես եմ կործանել իմ կյանքը։ Հիմա ամբողջ օրն իմ երեխայի հետ եմ անցկացնում, քանի որ նրան միշտ ուշադրություն է պետք»։ Չնայած դրան, նա ցանկանում է եւս մեկ երեխա ունենալ. «Հիմա չէ, հետո: Շատ եմ սիրում երեխա»: Շուտով նրան մանկատներից մեկում տեղ են հատկացնելու, որտեղ նա կապրի իր 2 տարեկան աղջկա հետ:

12-ամյա Արթուրն էլ «Երեխաների աջակցման կենտրոնում» է հայտնվել ոստիկանության օգնությամբ. նա բռնվել է գողության պահին: Արթուրի խոսքերով, նա գողություն է արել իրենից մեծ տղաների ճնշումների ներքո. «Ես գնում էի հոկեյի եւ այնտեղ եմ ծանոթացել այդ տղաների հետ: Նրանք ինձ ծեծում էին, մի անգամ էլ դանակ էին քաշել վրաս: Դրանից վախենալով էր, որ դասատուի «սումկայից» փող գողացա: Այդ ժամանակ էլ բռնվեցի: Փողը ձեռքիս մեջ էր, ձեռքս էլ պահել էի մեջքիս հետեւում, բայց դասատուն արդեն տեսել էր։ Ինձ տարան տնօրենի մոտ։ Այնտեղ էլ ասացի եղածի մասին: Բայց ես այդ տղաների անունները չգիտեի, նրանք ուրիշ դպրոցում էին սովորում, ասել եմ միայն ածականները: Ես շուտով տուն եմ գնալու: Մամաս ասել է, որ այդ տղաներն արդեն նստած են»: Նա կենտրոնում է արդեն 3 շաբաթ. «Ես չեմ ցանկանում գողություն անել։ Ինձ ստիպում էին»:

Իսկ 14-ամյա Գուրգենն այս կենտրոնում մնալու է մինչեւ իր ռուսաստանաբնակ տատիկն ու պապիկը գան եւ իրեն վերցնեն. «Փոքր ժամանակ ես նրանց մոտ եմ ապրել։ Այստեղ են բերել հիվանդանոցից: Մայրիկս իրեն լավ չէր զգում, դրա համար էինք գնացել հիվանդանոց, այնտեղից էլ աշխատողներն ինձ բերեցին այստեղ»: Մեր հարցին, թե ինչ հիվանդ է մայրը, Գուրգենը պատասխանեց. «Հիվանդ չէ, ուղղակի ոտքն էր շատ ցավում»։ Նա արդեն 3 շաբաթ կենտրոնում է եւ օրն անց է կացնում մաթեմատիկա սովորելով եւ խաղալով: Նա կենտրոնում արդեն ընկեր էլ ունի, մտերմացել է Արթուրի հետ:

Կենտրոնի փոխտնօրեն Ռամոնա Կտակյանի խոսքերով, իրենց մոտ այժմ ապաստանում է 14 երեխա. «Օպտիմալ թիվը 15-ն է, այսինքն՝ մեր անձնակազմը կարող է աշխատել 15 երեխայի հետ, սակայն պատահել է, որ միաժամանակ այստեղ եղել են 38 երեխա։ Պետք է ասել, որ այդքան երեխայի հետ դժվարություններ շատ են առաջանում։ 1 երեխայի միջին ապաստանման ժամկետը 1 ամիս է, սակայն եղել են նաեւ բացառություններ, օրինակ՝ երեխա ենք ունեցել, որ մնացել է 6 ամիս։ Պետք է հաջողության հասնել՝ նոր երեխային դուրս գրել։ Մեզ մոտից 85-86%-ով երեխաներին ուղարկում ենք տուն։ Ընդ որում, աշխատանք ենք տանում նաեւ այդ երեխաների ծնողների հետ»: Նրա ներկայացմամբ, կենտրոնը ֆինանսավորվում է ՀՕՖ-ի Նյու Յորքի գրասենյակի եւ բարեկամների խորհրդի աջակցությամբ:

Հ. Գ. Երեխաների անունները փոխված են՝ հաշվի առնելով նրանց շահերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել