Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԲՈՍՏԱՆՆ Է»

Դեկտեմբեր 19,2009 00:00

«Ժառանգության» պատգամավորին առանձին աշխատասենյակ չտրամադրելու համար՝ ԱԺ նախագահի մասին այս կարծիքին է պատգամավոր Անահիտ Բախշյանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն առանձին աշխատասենյակ չի տալիս: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անահիտ Բախշյանն էլ ստիպված միասին մի փոքրիկ աշխատասենյակում են նստում:

«2 պատգամավոր՝ 5 օգնականով ու փորձագետով մի սենյակում ենք նստում, բայց իրենց պատգամավորներին փառահեղ պայմաններ են տրամադրում ու առանձին սենյակներ: Իսկ պարոն Հովհաննիսյանը նույնիսկ համակարգիչ չունի, ինչպե՞ս կարելի է այս պայմաններում աշխատել: Մինչդեռ, Ազգային ժողովի կանոնակարգով, յուրաքանչյուր պատգամավոր պետք է առանձին աշխատասենյակ ունենա՝ բոլոր անհրաժեշտ պայմաններով»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Իր կուսակից գործընկերոջը առանձին սենյակ չտրամադրելու՝ ԱԺ նախագահի այս քայլը տիկին Բախշյանն այսպես մեկնաբանեց. «Մենք լուրջ խնդիրներ ենք ջրի երես հանում, մենք բարձրաձայնում ենք, հարգելի իշխանություն, ձեր ենթակաները ձեզ խաբում են, ձեր հանձնարարությունները չեն կատարում: Օրինակ՝ փոխվարչապետը Շիրակի փոխմարզպետին հանձնարարել էր պայմանագիր կնքել օրենքով ընտրված Ողջիի գյուղապետի հետ, իսկ փոխմարզպետն այդ հրահանգը չի կատարում: Մենք ընդամենը իրենց գործերի, մեղմ ասած՝ անարդյունավետությունն ենք մատնանշում, իսկ նրանք մեզանից խռովում են: Ընդդիմության առաջարկները բյուջեի մեջ չեն ընդունում, ասում են՝ դուք մեզ դեմ եք խոսում, մենք էլ չենք ընդունում ձեր ասածները»: ԱԺ նախագահի կողմից՝ Րաֆֆի Հովհաննիսյանին առանձին սենյակ չտրամադրելը պայմանավորված չէ ԱԺ-ում ազատ սենյակներ չլինելու հանգամանքով, քանի որ, ըստ տիկին Բախշյանի, հենց իրենց սենյակի կողքին՝ առաջին հարկում 8 ազատ սենյակ կա: ԱԺ շենքի նոր մասնաճյուղում ազատ սենյակներ կան, որտեղ էլ պարոն Աբրահամյանն առաջարկել է տեղափոխվել Րաֆֆի Հովհաննիսյանին, պատճառաբանելով, որ պատգամավորների սենյակները պետք է մոտ լինեն հանձնաժողովների սենյակներին: «Մեր սկզբունքներին դեմ է ձեր ուզած հատվածում սենյակ տալը»՝ տիկին Բախշյանի ներկայացմամբ, ասել է Հովիկ Աբրահամյանը: «Ժառանգության» պատգամավորներն էլ դեմ են ԱԺ նախագահի առաջարկած տարբերակին. «Մեր ֆրակցիան այս հարկում է, բոլորիս սենյակներն իրար մոտ են գտնվում եւ այսպես հարմար է հավաքվել ֆրակցիայի սենյակում ու քննարկումներ անել: Երկիրն ու Ազգային ժողովը դարձրել են իրենց բոստանը: Ես եւ Հովիկ Աբրահամյանը հավասար պատգամավորներ ենք, երկուսս էլ՝ ընտրված: Նա ընդամենը Ազգային ժողովի աշխատանքներն է համակարգում: Եթե իր սկզբունքներին դեմ է սենյակ տալ մեր ֆրակցիայի սենյակին մոտ, ուրեմն մեր սկզբունքներին էլ է դեմ նոր մասնաշենք տեղափոխվելը, այդտեղ շատ անհարմար է, ընդամենը 6 պատգամավոր ենք, ի՞նչ է՝ պետք է ցրվա՞ծ լինենք Ազգային ժողովի շենքով մեկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել