Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՒԼԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԴՌՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՓԱԿ ԵՆ

Դեկտեմբեր 19,2009 00:00

Կամ՝ խուլերը դուրս են մնում պարտուսուցումից եւ պետության ուշադրությունից

Խուլերի դպրոց կոչվածը Վանաձորի Խուլերի կրթամշակութային կենտրոնի խոնավ ու անհարմար փոքրիկ սենյակն է, որտեղ 12 նստարան կա, մի մաշված գրատախտակ, իսկ պատերին՝ ժեստերի լեզվի նշաններն են: 2006 թ. ձմռանը՝ ցրտերի պատճառով երեխաներին տուն էին ուղարկել, որ գարնանը՝ օրերի տաքանալու հետ, կրկին վերադառնային, սակայն դպրոցի դռները այդպես էլ չբացվեցին:

Լոռու մարզում ավելի քան 180 խուլ կա, որից 50-ը երեխաներ են, նրանցից միայն 13 է հաճախում Երեւանի խուլ ու համրերի մասնագիտացված թիվ 15 դպրոց, մնացածը դուրս է մնում պարտուսուցումից կամ ծնողները ճարահատյալ ուղարկում են հանրակրթական դպրոցներ, որ գոնե տառաճանաչ լինեն: Արդեն 3 տարի է՝ Գուրգենը սովորում է թիվ 13 հանրակրթական դպրոցում։ «Դասամիջոցներին ձանձրանում եմ, իսկ դասերին պատմողական առարկաներն էլ եմ գրելով պատասխանում», տեղեկանում եմ Գուրգենից, ում հետ ես էլ եմ թուղթուգրիչի միջոցով հաղորդակցվում:

Երկրաշարժից հետո, տնտեսական պայմաններից ելնելով, խուլ երեխաները զրկված են եղել դպրոց գնալու հնարավորությունից: Բայց խորհրդային տարիներին էլ Վանաձորում խուլերի դպրոց չի եղել, նրանք հաճախել են Երեւանի թիվ 15 հատուկ դպրոցը: Միայն 2002 թվականին ՀՀ խուլերի միությանը Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի նախկին հանրակացարանում (որտեղ այժմ բնակվում են ոչ երկրաշարժի պատճառով բնակարան չունեցողները) տարածք տրամադրվեց եւ հիմնվեց Խուլերի կրթամշակութային կենտրոնը: Այստեղ մինչ այդ երբեւէ դպրոց չգնացած մինչեւ 33 տարեկան 30 խուլեր սովորեցին ժեստերի լեզուն: Այժմ նրանք ազատ հաղորդակցվում են հասակակիցների եւ ընտանիքի անդամների հետ: Կենտրոնն առանձին դասընթացներ է անցկացրել նաեւ խուլերի ընտանիքների համար: «Կենտրոնը ոչ միայն հնարավորություն տվեց ծնողներին իրենց երեխաների հետ ազատ շփվելու, այլեւ հոգեբանական գործոնը հաղթահարվեց՝ շատ ծնողներ ամաչում էին, որ սահմանափակ կարողությամբ երեխա ունեն: Այս խնդիրը դեռեւս առկա է գյուղական որոշ համայնքներում՝ ամաչելու պատճառով նրանք նույնիսկ չեն իրազեկում, որ իրենց համայնքում նմանատիպ երեխաներ կան»,- ասում է ժեստերի լեզվի ուսուցչուհի Անահիտ Դալալյանը:

Կրթամշակութային կենտրոնը 2005թ.-ից հետո դրամաշնորհային որեւէ ծրագիր չի շահել: «Միշտ նույն պատասխանն են ուղարկում՝ ձեր ծրագիրը շատ լավն է, բայց չի համապատասխանում առաջադրված պահանջներին, թերություններ կան: Սակայն ոչ մեկը չի նշում այդ թերություններից գոնե մեկը»,- ասում է կենտրոնի ղեկավար Գագիկ Սերոբյանը: Միայն այս տարի կենտրոնը 3 դրամաշնորհային եւ ՀՀ կառավարության կողմից հայտարարված մրցույթների է մասնակցել. երեքն էլ՝ անարդյունք: Գագիկ Սերոբյանը արդեն չի հավատում, որ այդ մրցույթները արդար են ու հարց է տալիս. «եթե մենք իրական շահառու ունենք ու չենք շահում, ապա ո՞վ է շահում»:

Անահիտ Դալալյանը կամավոր հիմունքներով ժամանակ առ ժամանակ երեխաներին սովորեցնում է ժեստերի լեզուն: Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար շրջայցեր են կազմակերպում հեռավոր գյուղեր, հայտնաբերում կրթությունից դուրս մնացած երեխաներին, գրքեր բաժանում, որպեսզի թեկուզ տանը կարդալով սովորեն ժեստերի այբուբենն ու շարժումները: Խուլերի միության վերջին այցը Տաշիրի տարածաշրջան էր, ուր ոչ մի տեղ եւ երբեւէ չգրանցված 19-28 տարեկան 13 խուլ է հայտնաբերվել: Նրանցից 8-ը երբեւէ դպրոց չի գնացել՝ պայմաններ չլինելու պատճառով, 3-ը դպրոցահասակ է, 2-ը սովորում է Երեւանում: Նմանատիպ շրջայցերով մասնագետները կլինեն նաեւ Ալավերդու եւ Թումանյանի շրջանների 27 գյուղերում:

Այսօր առաջնային խնդիր է խուլ երեխաների կրթության հարցը: Շատ ծնողներ չեն կարողանում իրենց երեխաներին Երեւան ուղարկել՝ սոցիալական պայմաններից ելնելով: Աղջիկ երեխաների ծնողներն էլ՝ ավելի շատ խուսափում են երեխային մենակ թողնել. «Ժամանակին ֆինանսական սղությունն էր պատճառը, հիմա արդեն տղաս 16 տարեկան է, հնարավո՞ր է, որ նա դասի նստի առաջին դասարանի երեխայի հետ»,- ասում է վանաձորցի Թամարա Գեւորգյանը:

Խուլ եւ թույլ լսողությամբ երեխաների հետ աշխատում է կենտրոնի սուրդոլոգը: Սա միակ հնարավորությունն է, որ երեխաները սովորեն շուրթերով հաղորդակցվելու հմտությանը: Նման հնարավորությունից օգտվում են հանրակրթական դպրոց հաճախող թույլ լսող ու խուլ՝ 15, եւ մինչդպրոցահասակ՝ 5 երեխա: «Յուրաքանչյուրն իր լեզվով է խոսում, ժեստերի լեզուն էլ սովորական լեզու է, ինչպես ցանկացած օտար լեզու, ու այն սովորել կամեցող մարդը պետք է տեղ ունենա ե՛ւ սովորելու, ե՛ւ հաղորդակցվելու»,- ասում է ժեստերի լեզվի ուսուցչուհի Անահիտ Դալալյանը:

Խուլերի կրթամշակութային կենտրոնում ուսումնական ձեռնարկների եւ գրականության պակաս չի զգացվում, գրադարանը պարբերաբար թարմացվում է նոր գրքերով: Կենտրոնի ղեկավարը վստահեցնում է, որ ժեստերի լեզվի ուսուցչուհին ու սուրդոլոգը լիովին բավարար են ուսումնական գործընթացը կազմակերպելու համար: Վերջիններս պատրաստ են վերադառնալ աշխատանքի, սակայն դպրոցը վերստին բացելու եւ մասնագետներին վարձատրելու համար պետական աջակցություն է հարկավոր: Գագիկ Սերոբյանը բազմիցս դիմել է իշխանություններին, ընդգծելով, որ գլխավոր խնդիրը երեխաներին ժեստերի լեզուն սովորեցնելն ու միմյանց հետ հաղորդակցվելու հմտությանը ծանոթացնելն է, սակայն միշտ էլ մերժում է ստացել:

Ընդգծելով պարտուսի կարեւորությունը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանն ասում է, որ դպրոցը վերաբացելու համար ծնողների կողմից որեւէ դիմում, խնդրանք մարզպետին չի ուղղվել: Մարզպետարանը իրավասու չէ ինքնակամ դպրոց կամ նույնիսկ դասարան բացել, կարող է ընդամենը միջնորդել ՀՀ կառավարությանը: Ըստ Մացակյանի, խնդիր է նաեւ ուսուցիչների վերապատրաստումը. «Մասնագետներ պետք է հրավիրել տեղի կադրերին վերապատրաստելու համար»:

Խնդրի սրությունը քիչ թե շատ մեղմում էր Վանաձորի թիվ 2 հատուկ դպրոցում բացված հատուկ դասարանը, որտեղ սովորում էին 1-3-րդ դասարանի 10 երեխա: «Մանկատների եւ Հատուկ դպրոցների բեռնաթափում» ծրագրի շրջանակներում թիվ 2 հատուկ դպրոցը վերակազմավորվեց «Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության» եւ արդյունքում այդ դասարանն էլ փակվեց: Միայն 2 երեխա մնաց կենտրոնում, նրանք ազատ շփվում են ընկերների հետ, միմյանց հետ հաղորդակցվելու համար նրանց մի մասը սովորել է ժեստերի լեզուն: Նույն բեռնաթափում ծրագրով Հերմինե Բարսեղյանը դուրս է եկել կենտրոնից: 12-ամյա Անգելինա Բաբայանը չի ուզում մտածել, որ մի օր իրեն էլ են տուն ուղարկելու. «Տխրում եմ, այստեղ ես ընկերներ ունեմ, ամեն օր խաղում եմ նրանց հետ, չեմ ուզում տանը մենակ նստել ու ձանձրանալ»:

Արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ միայն դպրոցի, այլեւ կրթամշակութային կենտրոնի դռներն են փակ. մուտք գործելու համար նախ պետք է գտնել ղեկավարին: Տարրական պայմաններից զուրկ անհարմար տարածքը մի կերպ ջեռուցվում է փայտի վառարաններով: Մինչդեռ նորմալ պայմաններ լինելու դեպքում կրթամշակութային կենտրոնը պատրաստ է մնջախաղի թատրոն էլ հիմնադրել, որպեսզի երեխաներն ազատ ժամանակը լցնելու, արվեստի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենան:

Հ. Գ. Գրեթե 1 տարի է՝ Վանաձորում գործում է Խուլերի քաղաքային ակումբը, սակայն այստեղ միայն մեծահասակներն են հավաքվում, հեռուստացույց են դիտում, օրվա լուրերին տեղեկանում՝ թույլ լսողների եւ ժեստերի լեզվի օգնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել