Լրահոս
Օրվա լրահոսը

Անմխիթար պայմաններ, անտարբեր ղեկավարներ

Դեկտեմբեր 19,2009 00:00

Այս առումով վիճակը համարյա նույնն է մարզային բոլոր գրադարաններում

2009թվականին Հայաստանի Ազգային գրադարանն իր շրջիկ գրադարանով մարզային գրադարաններ այցելություններն ամփոփեց Տավուշի մարզով. վերջերս գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը եւ մի շարք աշխատակիցներ եղան Դիլիջանի, Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի եւ մարզի մի քանի գյուղերի գրադարաններում: Պատկերը համարյա ամենուրեք նույնն էր. շենքային անմխիթար պայմաններ, գրականության անբավարար համալրում, գրադարանների հանդեպ անտարբեր գյուղապետեր եւ քաղաքապետեր:

Օրինակ, Դիլիջանի Ղ. Աղայանի անվան կենտրոնական գրադարանը 1908թ. է հիմնադրվել: 1974թ. հանրապետությունում այն առաջին շենքերից էր, որ հարմարեցված էր գրադարանային բոլոր չափանիշներին: Սակայն 1988թ. ավերիչ երկրաշարժն իր հետքը թողեց նաեւ գրադարանի շենքին: Եվ մինչեւ այսօր գրադարանը «տնվորի» կարգավիճակով գտնվում է Մշակույթի տան շենքում: Արդեն 20 տարի է, որ գրադարանի շենքը գտնվում է «վերանորոգման փուլում» եւ տնօրենը հույս է հայտնում, որ գոնե այս տարի այն շահագործման կհանձնվի: Ամենացավալին այն է, որ գրականության մեծ մասը մոտ երկու տարի գտնվում է հին շենքում, պարկերում «դասավորված», եւ հայտնի չէ, թե դրանց որ մասն է պահպանվել: Խոսակցություններ են պտտվում, որ նոր շենքն ամբողջությամբ չի տրամադրվելու գրադարանին (Կենտրոնական բանկին քաղաքապետարանը տարածք է տրամադրելու այս շենքում): Վերանորոգման պատճառով չի նշվել նաեւ գրադարանի հիմնադրման 100-ամյակը:

Տնօրեն Աիդա Ափրոյանը նշում է, որ գրադարանի հիմնական խնդիրը մնում է համալրումը, կադրերի վերապատրաստումը: Ըստ նրա, գրադարանի վեց մասնաճյուղերում վաղուց համալրում չի կատարվել:

Վիճակն անմխիթար էր Տավուշի մարզային գրադարանում: Գտնվելով եւ մարզի, եւ քաղաքի կենտրոնում, գրադարանը միաժամանակ հեռու է գրադարանին հատուկ տարրական պայմաններից: Մուտքի գեղեցիկ ձեւավորած դռնից կարելի է դատել, որ մտնում ես գրքի տուն, սակայն շեմից ներս մտնելով՝ ակամա քեզ զգում ես խարխուլ մի տնակում, որտեղ ասես քաղաքակրթությունը դեռ մուտք չի գործել. մռայլ պատերից թափված ծեփ, պոլիէթիլենով ամրացված պատուհաններ, պարկերով այս ու այնտեղ թափթփված, գրադարակներում խոնավությունից բորբոսնած գրքեր եւ այլն: Գրադարանը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո, սակայն, ըստ գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանի, ոչ մի հարցում աջակցություն չի ստանում. «Գրադարանում ջեռուցումը կատարվում է վառելափայտի միջոցով, որն ամեն պահի կարող է դառնալ հրդեհի պատճառ: Նախարարությունը չի խրախուսում փայտով ջեռուցումը, դրա համար էլ չի ֆինանսավորում: Հույսներս դրել ենք քաղաքապետի վրա, որն էլ վառելափայտ է տրամադրում գրադարանին: Քաղաքաշինության նախարարությունը հաստատել էր շենքի վերանորոգման նախագիծը, սակայն նախարարությունից ասել են, որ այն կվերանորոգվի միայն 2010թ.»:

Վիճակը համեմատաբար բարվոք էր Բերդի քաղաքային գրադարանում: Երկար դեգերումներից հետո քաղաքային գրադարանը ժամանակավորապես հանգրվանել է նախկին կուսշրջկոմի շենքի առաջին հարկում: Գրադարանի նախկին շենքի տեղում հիմա եկեղեցի է կառուցվում: Սակայն մինչեւ հիմա ոչ գրադարանին է նոր շենք տրամադրվել, ոչ էլ եկեղեցու աշխատանքներն են առաջ գնացել: Մարզային մյուս գրադարանների նման այստեղ նույնպես չկա համակարգիչ, էլ ուր մնաց՝ համացանց: Գրադարանում մեծ է մասնագիտական եւ մանկական գրականության պահանջարկը: Ի տարբերություն մյուս գրադարանների, աշխատակիցների գերակշիռ մասն ունի գրադարանային կրթություն: Սակայն տնօրեն Վոլոդյա Աբգարյանը մտահոգություն է հայտնում, որ նոր կադրեր չկան, իսկ մասնագետներն էլ երկարամյա աշխատողներ են:

«Ջեռուցման համար դիմել ենք քաղաքապետարան, բյուջեի սղության պատճառով հարմար են գտել այս հարցը լուծել՝ վառելափայտ տրամադրելով: Գրադարանի միջոցներով ստանում ենք միայն մեկ ռուսական թերթ, ընդհանրապես հայկական թերթ կարդալն այստեղ մեզ համար թանկ հաճույք է: Լուրջ է գրքերի վերականգնման խնդիրը: Արեւկող սենյակների գրքերի գույնը խամրել է, որոշելու համար, թե ինչ գիրք է, պետք է մի քանի էջ կարդանք, հնարավորություն չունենք գոնե վարագույր գնելու»,- դժգոհում է Նոյեմբերյանի գրադարանի տնօրեն Արմինե Նավասարդյանը:

Ընդհանրացնելով տարվա ընթացքում Ազգային գրադարանի՝ մարզային գրադարաններ կատարած այցելությունները՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը անբավարար գնահատեց Տավուշի մարզային գրադարանի գրադարանավարների եւ տնօրենների կատարած աշխատանքները՝ համարելով նրանց անաշխատունակ եւ խիստ պասիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել