Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԱԾ ԳՆԵՐԸ՝ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՄԲ ԷԺԱՆ ԵՆ»

Դեկտեմբեր 19,2009 00:00

Այս կարգախոսով են առաջնորդվում բոլոր ռեստորանները

Նախկինում դեկտեմբերի 31-ին Ամանորը ընտանիքների հետ, տանը դիմավորելը հայերի համար անխախտ սովորույթ էր:

Բայց ինչպես ժամանակները, այնպես էլ սովորույթները գնալով փոխվում ու նորանում են: Եվ այժմ սեփական օջախում քչերն են Նոր տարի նշում: Մեր քաղաքացիների շրջանում անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ մարդկանց մեծամասնությունը՝ անկախ տարիքից, դեմ չէ Ամանորը դիմավորել մի գեղեցիկ ռեստորանում: Եվ չնայած մարդիկ կողմ են ռեստորանային համալիրներում տոներ նշելուն, սակայն ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ դեկտեմբերի 31-ին ներկա գտնվել ռեստորանային շոու-ծրագրերին:

Որքանո՞վ են հասանելի ռեստորանները հայ հասարակությանը, ի՞նչ գնային համակարգով են աշխատելու կոնկրետ դեկտեմբերի 31-ին՝ փորձեցինք պարզել, կապվելով մի քանի ռեստորանների հետ:

Օրինակ, «Մեր տունը» ռեստորանային համալիրի մենեջեր Նունեի խոսքով, ռեստորանում Նոր տարի դիմավորելը այդքան էլ թանկ հաճույք չէ. «Մենք ամեն տարի դեկտեմբերի 31-ին հետաքրքիր շոու-ծրագիր ենք իրականացնում, եւ ամեն անգամ այդ օրը մեր դահլիճը լեփ-լեցուն է լինում, մարդիկ գալիս եւ ուրախանում են ընտանիքներով: Չգիտեմ մյուս տեղերում որքան է արժեքը, բայց մեզ մոտ մեկ անձի համար 15 000 դրամ է լինելու: Սա, ինձ թվում է, այդքան էլ թանկ չէ: Մենք այնպես ենք արել, որ միջին աշխատավարձ ունեցող մարդու համար էլ հասանելի լինի»:

«Արքայաձոր» ռեստորանի բարմեն Արմենի փոխանցմամբ էլ, ռեստորանային համալիրների Ամանորի միջոցառման գները այնքան էլ թանկ չեն, որքան հանրությունն է կարծում. «Ոչ ոք կոնկրետ գին չգիտի ու քանի որ անձամբ չեն հետաքրքրվում, միայն սրա-նրա ասածով են կարծիք կազմում: Նշեմ, որ ռեստորանում Նոր տարի դիմավորելը հայ ընտանիքների համար արդեն սովորական երեւույթ է դարձել, ու հավաստիացնում եմ, շատերը, որքան էլ թանկ լինի, միեւնույն է՝ մի տեղից գտնում են պահանջվելիք գումարը եւ ներկա լինում այդ միջոցառումներին: Օրինակ, մենք աշխատում ենք մուտքի գումարով: Մեկ անձի համար մուտքն արժենալու է 8 000 դրամ, իսկ թե ինչ կպատվիրեն՝ դա արդեն առանձին հաշիվ է: Բայց վճարված 8 000 դրամի մեջ մտնում է շոու-ծրագիրը»:

«Փարվանա» ռեստորանում էլ գները տատանվում են 20-25 հազար դրամի սահմաններում՝ պայմանավորված նստելատեղերով: Այս ռեստորանի ներկայացուցիչ Նաիրան ասաց, որ նախկին կոմպլեքսներից հայերը վաղուց են ազատվել, եւ ոչ ոքի համար խորթ չէ տնից դուրս Նոր տարի դիմավորելը. «Մենք միշտ կազմակերպում ենք Ամանորի միջոցառում, եւ դեկտեմբերի 31-ի գիշերը մեր դահլիճը լի է լինում մարդկանցով: Մեզ մոտ ամեն տեսակ մարդ էլ կարողանում է հաճախել, նոր տարի նշել, հիմնականում ընտանիքներով են գալիս: Ես կարծում եմ, որ եթե ունես այդ հնարավորությունը, ապա ինչո՞ւ ռեստորանում չնշես: Դրանում ոչ մի վատ կամ արտառոց բան չկա: Ամբողջ աշխարհն է այդպես վարվում»:

«Եվրոպա» ռեստորանային համալիրի մենեջերն էլ, որը չցանկացավ ներկայանալ, ընդգծեց. «Հայերի համար որքան էլ թանկ լինեն գները, ամեն ինչ հասանելի կլինի, եթե շատ ցանկանան: Մեզ մոտ մեկ անձի համար այդ գիշերն արժենալու է 20 000 դրամ: Մեր առաջարկած գինը, շատ ռեստորանային համալիրների գների համեմատությամբ՝ բավական էժան է: Մենք նպատակ չունենք նույն երգիչ-երգչուհիներին երգացնել ու մեծ գումարներ կորզել մարդկանցից»:

«Ջիանի» ռեստորանային համալիրի աշխատակիցն էլ նշեց, որ իրենք շեշտադրությունը դրել են շոուի վրա՝ «վստահ կարող եմ ասել, որ մեր կազմակերպած շոուի պես միջոցառում ոչ մի տեղ չի լինելու»: Իսկ ինչ վերաբերում է «Ջիանիի» գներին, մեր զրուցակիցն ասաց. «Մեկ անձի համար 35 000 դրամ՝ ներառյալ սեղանը, շոու ծրագիրը, անակնկալները: Կարծում եմ, սա բավական ցածր գին է մյուսների համեմատութամբ»:

«Բելաջիո» ռեստորանից էլ մեզ ասացին, որ մեկ անձի համար պետք է վճարեն 40 000 դրամ: Ինչպես շեշտեց «Բելաջիոյի» մենեջեր Լիլիթը, իրենց համալիրն ամենասիրված ռեստորանն է հայության մեջ. «Ամանորի գիշերվա համար տեղերն արդեն պատվիրված են: Մենք ունենք մեր հավատարիմ հաճախորդները, եւ նրանք ամեն տարի իրենց Ամանորի գիշերը մեզ հետ են անցկացնում, քանի որ վստահ են՝ մեզ մոտ այդ օրը կլինի անմոռանալի. նշեմ, որ լինելու են նաեւ անակնկալներ: Մեզ մոտ գները մատչելի չեն, բայց ոչ էլ թանկ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել