Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՍԸ» SOS Է ՀՆՉԵՑՆՈՒՄ

Դեկտեմբեր 22,2009 00:00

Կոլեկտիվի անդամները համոզված են, որ իրենց աշխատանքները միտումնավոր են կազմալուծում

\"\"
«Փոսի» կոլեկտիվը ահազանգել է նաեւ ասուլիսներում:

Արդեն 6 տարի ՀԳՄ շենքում գործող Երեւանի երիտասարդական փորձարարական (Փոսի) թատրոնի կոլեկտիվը ամառվանից ալեկոծված է. նախկին տնօրեն Էդիկ Հակոբյանին մշակույթի նախարարությունը շնորհակալություն հայտնելով՝ հուլիսի 1-ին ազատել է աշխատանքից, տնօրենի պաշտոնակատար նշանակել Արթուր Նալբանդյանին, թատրոնի աշխատանքները կազմալուծված են, այս ամենին գումարվել է նաեւ այլ թատրոնի հետ միավորվելու, դերասանների՝ աշխատանքը կորցնելու տագնապը:
Դերասանուհիներից Մարինե Գրիգորյանը փաստեց, որ սեփական շենք չունենալը բոլորովին չի խանգարել ստեղծագործական բուռն կյանքով ապրելուն: Նրա խոսքով, օրինակ, հունիս ամսին իրենք 27 ներկայացում են խաղացել, պրեմիերան պրեմիերային էր հաջորդում, պատրաստվում էին 6-րդը հանձնել, մեկ էլ հապճեպ նոր տնօրեն է նշանակվել: Դերասաններից մեկն էլ հավելեց, որ Սանկտ Պետերբուրգից ժամանած Ա. Նալբանդյանը իրենց հետ անկեղծացել է, թե Փոսի թատրոնի տնօրենի պաշտոնակատարի հաստիքը իրեն առաջարկվել է բառացիորեն ինքնաթիռից իջնելիս: Ըստ դերասանի, նոր տնօրենը խոստացել է, որ թատրոնի կարգավիճակին կամ դերասաններին որեւէ վտանգ սպառնալու դեպքում ինքը հրաժարական կտա եւ կկանգնի կոլեկտիվի կողքին, սակայն այժմ այլ գործելաոճ է ընտրել: Դերասանները համոզված են, որ Ա. Նալբանդյանը հատուկ ներդրվել է մշակույթի նախարարության կողմից, որպեսզի կազմալուծի թատրոնի աշխատանքները, քայքայի այն, ինչի արդյունքում պետական կարգավիճակ ունեցող իրենց թատրոնը կմիավորեն այդ կարգավիճակը փափագող «Գոյ» թատրոնի հետ: Ի դեպ, վերջինիս ղեկավար Արմեն Մազմանյանը, դերասանների վկայությամբ, եթերից հայտարարել է, թե պատրաստվում է ճզմել Փոսի թատրոնը:
Դերասանուհի Մարինե Մանուկյանը համոզված է, որ արհեստականորեն են իրենց թատրոնի համար դժվարություններ ստեղծել, որ հետո ասեն, թե թատրոնը չի կարողանում «գլուխը պահել». «Մենք միշտ քչով բավարարվել ենք, էնտուզիազմով աշխատել: Այսօր թատրոն փակելը հավասարազոր է եղեռնի: Ինչո՞ւ պիտի, օրինակ, ստրիպ ակումբների թիվն ավելանա, իսկ թատրոններինը՝ պակասի: Ո՞վ է թույլ տվել 30 տարեկան թատրոնի ճակատագրի հետ բախտախնդիրները խաղան: Եթե մենք վարձը կարողանում ենք տալ, ռեժիսորը գալիս է, հայտը ներկայացնում, դերասաններ է բերում, որոնք վճարվում են, էլ ինչի՞ մասին է խոսքը… Երիտասարդներն այստեղ են իրենց առաջին քայլերն անում, բազմաթիվ հաջողություններ ենք ունեցել, իր պիեսի բեմադրությանը ներկա է եղել Աղասի Այվազյանը, որը 15 րոպե ծափահարել է…»:
Փոսի թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանն էլ պատմեց, որ նախարարի հրամանով աշխատակիցների թիվն արդեն կրճատվել է, ստեղծվել անօրինական գեղարվեստական խորհուրդ, որի հրավիրած նիստը կայացել է հոկտեմբերի 28-ին. «Ներկայացված էր 4 պիես, սակայն ընդունվեց մեկ հայտ, որի ոչ հայտատուն էր հայտնի, ոչ բեմական ծախսերը, ոչ էլ ռեժիսորը… Դա ոմն Արկադիի պիեսն էր, որը Մազմանյանի «մարդն» է: Այդ մասին թատրոնի փոխտնօրեն Հերմինե Վահանյանը հատուկ կարծիք է գրել, սակայն նախարարությունից ոչ մի արձագանք չի ստացել»: Տիկին Վահանյանն ասաց, որ 24 օր հետո մի կերպ հաջողացրել է հանդիպել փոխնախարար Դավիթ Մուրադյանի հետ, վերջինս էլ ասել է, թե այդ հատուկ կարծիքի վերաբերյալ ոչ այո կարող է ասել, ոչ էլ` ոչ. «Ես էլ պատասխանեցի, թե կիսահղի կին չի լինում»:
Փոսի թատրոնի դերասանները դեմ են ոչ թե կոնկրետ Մազմանյանի թատրոնի, այլ որեւէ կառույցի հետ միավորվելուն, ասում են՝ ողջ տարին մեղվի պես աշխատել են, եւ էլի կարող են այդպես աշխատել, իսկ եթե նախարարությունը ցանկանում է, թող աջակցի, ոչ թե խնդիրներ առաջացնի: Ի դեպ, թատրոնի բոլոր աշխատակիցներին Ա. Նալբանդյանի եւ կադրերի տեսուչի կողմից ստորագրված ծանուցում է ուղարկվել այն մասին, թե դեկտեմբերի 31-ին լրանում է նրանց աշխատանքային պայմանագրի ժամկետը, տեքստում էլ նշված չէ՝ ո՞ր հիմքով, Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով եւ այլն:
«Դա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու այն, որ ողջ անձնակազմը կարող է դուրս մնալ թատրոնից, եւ հունվարի 1-ին թատրոնը արդեն դատարկ հաստիքներով ամանորի նվեր անեն Արմեն Մազմանյանին՝ նախարարության կողմից»,- նեղսրտում է գլխավոր ադմինիստրատորը:
«Առավոտը» կապվեց Փոսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Նալբանդյանի հետ, որի դուստրն ու քույրը աշխատում են Արմեն Մազմանյանի «Գոյակ» ՍՊԸ-ում: Նա, բնականաբար, չհամաձայնեց այն կարծիքին, թե ինքը ներդրվել է մշակույթի նախարարության եւ Ա. Մազմանյանի կողմից՝ Փոսի թատրոնը քայքայելու համար: Ասաց, որ ինքը ընդամենը երկու ամսվա ընթացքում 11 ներկայացում է կազմակերպել, ինչը թատրոն քանդել չի նշանակում: Աշխատակիցներին ուղարկված ծանուցոււմներն էլ օրինական որակեց: Պարոն Նալբանդյանը չթաքցրեց, որ հնարավոր է՝ որոշ մարդկանց հետ պայմանագրերը չշարունակվեն:
Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն էլ «Առավոտին» հայտնեց, որ նախարարությունը Փոսի թատրոնի տնօրենի պաշտոնակատարի կողմից առաջարկ է ստացել՝ թատրոնի վերակազմավորման վերաբերյալ: Այն, ըստ Դ. Մուրադյանի, մինչեւ տարեվերջ կքննարկվի նախարարության կոլեգիայի նիստում՝ համապատասխան որոշում կայացնելու համար: Փոխնախարարը հայտնեց նաեւ, որ չի բացառվում առաջիկայում ստեղծվի փորձարարական թատրոնների համալիր: Փոսի թատրոնի դերասանների պայմանագրերը դեկտեմբերի 31-ով ավարտվելու կապակցությամբ էլ ասաց, որ վտանգավոր ոչինչ չկա, նույնը կատարվում է բոլոր մշակութային օջախներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել