Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԻ

Դեկտեմբեր 23,2009 00:00

\"\"Կամ տպավորություններ Տառուսայից

Մոսկվայից ոչ շատ հեռու՝ Տառուսա քաղաքում, արտաքուստ անշուք ու փայտաշեն տունը միայն վերջին տարիներին է վերածվել Ցվետաեւաների ընտանեկան տուն-թանգարանի: Քաղաքի միակ «Ֆորտունա» զբոսաշրջային գործակալության փոխտնօրեն Քսենյա Չիրկովայի հավաստմամբ, այդ թանգարանը շարունակում է զարմացնել օտարերկրյա այցելուներին: Նրա խոսքով, ամեն տարի զբոսաշրջիկների՝ նվազագույնը 40 խումբ է այցելում թանգարան: Թանգարանը Տառուսայի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին հայտնի է «Տյոյի տուն» անվամբ: «Առավոտի» հետ զրույցում թանգարանի գիտաշխատող Տատյանա Բեսստրաշնովան պատմեց, թե ինչու է թանգարանը Տյոյի տուն կոչվում. «Այս տունը գնել է Մարիա Ցվետաեւայի հայրը՝ Մեյնոմը, 1899 թ.: Նրա մահից հետո այդ տանը բնակվել է նրա երկրորդ կինը, որին Մարիայի երկու դուստրերը՝ Մարինան (ապագա բանաստեղծուհին) եւ Անաստասիան, Տյո էին անվանում»: Ընտանեկան տուն-թանգարանի 5 սենյակներից յուրաքանչյուրը Ցվետաեւաների ընտանիքի անդամներից մեկին է նվիրված: Օրինակ, ցուցադրված են Մարինա Ցվետաեւայի՝ Եվրոպա կատարած ուղեւորության լուսանկարները, նաեւ նրանք, որոնք պատմում են, թե 1922-1939թթ. որտեղ է շրջագայել ու բնակվել Մարինան:
Ցուցասրահներից մեկում այցելուներին ծանոթացնում են գրական այն շրջապատին, որի հետ առնչվել է Մարինա Ցվետաեւան: «Այս լուսանկարները տեղեկություններ են տալիս Մարինայի ստեղծագործական կյանքի, նրա գրական կապերի մասին: Ժամանակակից գրողների հետ լավ ծանոթ էր նաեւ Մարինայի փոքր քույրը՝ Անաստասիան, այս տարվա սեպտեմբերին լրացավ նրա 115-ամյակը: Ցուցադրության մի մասն էլ նրան է նվիրված»,- պատմում էր տիկին Բեսստրաշնովան: Գիտաշխատողի խոսքով, իրենց թանգարանում վերջին տարիներին տեղ է գտել նաեւ Գի Դը Մոպասանի «Սիրելի ընկեր» գիրքը, որի առաջին էջում Ցվետաեւաների ընտանիքի երեք անդամների՝ Մարիա, Մարինա եւ Անաստասիա Ցվետաեւաների ստորագրություններն են. «Գրքի հետ մի հետաքրքիր պատմություն է կապված, որը տեղի է ունեցել 1950-ին: Անաստասիա Ցվետաեւայի զարմուհին՝ Իննա Անդրեեւնա Ցվետաեւան մի օր գրախանութում պատահաբար տեսնում է իր տատիկի՝ Մարիա Ցվետաեւայի եւ մորաքրոջ՝ Մարինա Ցվետաեւայի ստորագրությամբ գիրքը, հետո գնում է այն եւ ուղարկում մյուս մորաքրոջը՝ Անաստասիային: Վերջինս էլ 1981-ին գիրքը նվիրում է իր ավագ թոռնուհուն՝ Ռիտա Մեշչերսկային»:
Թանգարանի գիտաշխատողը հավաստիացնում է, որ իրենց ցուցասրահները մշտապես բազմամարդ են: Թանգարան են այցելում հատկապես Տառուսայի դպրոցականները: «Մենք երբեք նույն ցուցադրությունը չենք կրկնում: Ընդհանրապես, եթե Ցվետաեւաների ընտանիքի անդամներից որեւէ մեկի հոբելյանն է լինում, ապա ամբողջ ցուցադրությունը նրան ենք նվիրում, իսկ եթե չեն լինում հոբելյաններ, ցուցադրությունները նվիրված են բոլորին, ինչպես հիմա է»,- հավելեց տիկին Բեսստրաշնովան: Նաեւ նշեց, որ տուն- թանգարանը վերանորոգման կարիք ունի, ինչն էլ առաջիկայում կիրականացվի Կալուգայի մարզի կրթության եւ մշակույթի դեպարտամենտի միջոցներով: Տուն-թանգարանից ոչ շատ հեռու տեղադրված է Մարինա Ցվետաեւային նվիրված հուշաքար՝ «Այստեղ ցանկանում էր թաղվել Մարինա Ցվետաեւան» գրառումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել