Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդը»՝ երիտասարդների համար

Դեկտեմբեր 23,2009 00:00

Կկարողանա՞ նոր էլեկտրոնային պարբերականը դառնալ ազատ ամբիոն երիտասարդների համար

https://www.eritasard.am www.youth.am. սրանք այն էլեկտրոնային հասցեներն են, որոնք «տանում են» դեպի նորաթուխ «Երիտասարդ» էլեկտրոնային պարբերականը: Երիտասարդական քաղաքականության իրականացման ճանապարհին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված այս պարբերականը ոչ թե գլամուրային՝ աստղերն ինչ են ուտում, խմում, հագնում, ում հետ են ամուսնանում թեմաներով է հանդես գալու, այլ երիտասարդներին հուզող խնդիրների լուսաբանմամբ: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում տեղի ունեցավ պարբերականի շնորհանդեսը, որին մասնակցում էին երիտասարդներ, բուհերի ներկայացուցիչներ եւ պաշտոնյաներ: «Առավոտը» ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ երաշխիքներ, որ «Երիտասարդը» եւս չի դառնա հերթական գլամուրային երիտասարդական պարբերականը:
Փոխնախարարը պատասխանեց. «Այս նախագծի շուրջ հավաքված են մի խումբ երիտասարդ մարդիկ, որոնք որոշակիորեն ծանոթ են երիտասարդության ոլորտին եւ խնդիրներին եւ հաստատ նրանց ընկալումները՝ երիտասարդներին հուզող խնդիրների բարձրաձայնման առումով, ազատ են լինելու»:
«Երիտասարդն» ունի տարբեր բաժիններ՝ մշակույթից մինչեւ քաղաքականություն, ժամանց, ֆորումներ եւ այլն: «Առավոտը» երիտասարդների հետ զրույցում փորձեց պարզել, նրանք սպասելիքներ ունե՞ն նորաթուխ պարբերականից, թե՞ դա եւս կդառնա հերթականը: Օրինակ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Մարգարյանը նկատեց. «Ներկայումս դաշտում գործող երիտասարդական պարբերականների սխալն այն է, որ նրանք երիտասարդներին հուզող թեմաները լուսաբանում են միայն մեկ՝ գլամուրային տեսանկյունից: Ավելի գիտական, հասարակական, մշակութային, սոցիալական հարցեր այդքան էլ շատ չեն լուսաբանվում: Երիտասարդական ամսագրերն ավելի բազմակողմանի կլինեն, եթե անդրադառնան նաեւ գլոբալ՝ երիտասարդներին հուզող հիմնախնդիրներին, ոչ թե զուտ նրան, թե աստղերն ում հետ ամուսնացան, ումից բաժանվեցին»: Իսկ ԵՊՀ մեկ այլ ուսանողուհի Լուսինե Մանուկյանն ասաց, որ եթե պարբերականն ուսումնասիրելուց հետո տեսակետային եւ գաղափարային նմանություններ գտնի, կթղթակցի: Նա կարծում է. «Այսօր երիտասարդները բազում նպատակներ ունեն, բայց դրանց հասնելու համար աջակցություն է պետք. այդ նախաձեռնությունները լուսաբանելու խնդիր կա: Բայց երբ չկա ազդակ, խթան՝ ուսանողության, երիտասարդների կատարած աշխատանքը լավ չի լուսաբանվում, շատ դժվար է: Նույն այդ ամսագրերը միայն ժամանցային բնույթ են կրում, այնինչ՝ գիտական առումով ավելի մեծ անելիքներ կան: Այսօր երիտասարդներն ունեն, օրինակ, սոցիալիզացվելու մեծ խնդիր, նրանք չեն կարողանում գտնել իրենց տեղը: Այդ տեղը գտնելու համար հենց նմանատիպ ամսագրերը պիտի օգնեն ու աջակցեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել