Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԳՐԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Դեկտեմբեր 24,2009 00:00

Իսկ կանգնած դիրքով վագրերը՝ թանկացել

Այսպես ամեն տարի այս օրերին քաղաքը լցվում է եկող տարվա խորհրդանիշ կենդանու պատկերներով, գույներով իրերով, մասնավորապես՝ խաղալիքներով, փոքրիկ արձանիկներով, այլ իրերով, որոնք բավականին թանկ են արժենում: Ինչպես արդեն հայտնի է, 2010 թվականը վագրի տարի է, եւ քաղաքը՝ հատկապես խաղալիքների խանութները, լիքն են վագրանման խաղալիքներով: Պարզելու համար վագրիկների գները, շրջեցինք  մի քանի խաղալիքների խանութներով:
Այսպիսով, եթե ամիսներ առաջ վագրի տեսքով փափուկ խաղալիքները հնարավոր էր ձեռք բերել՝ սկսած 500 դրամից, ապա այսօր այդ 500 դրամանոց խաղալիքն արդեն արժե  2000 դրամ:
Օրինակ, «Ռոսիա» տոնավաճառին հարող տարածքն ամբողջությամբ «լցված» է վագրանման խաղալիքներով, որոնք ունեն ապշեցուցիչ գներ՝ 2000-40 000 դրամ: 
Այդ տոնավաճառի շրջակայքում փափուկ խաղալիքների տաղավարներից մեկի վաճառող Արտյոմի խոսքով, խաղալիքների գները ոչ մի կապ չունեն վագրի տարվա հետ: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Եթե նախկինում հետեւել եք փափուկ խաղալիքների գնային համակարգին, դրանք ոչ մի փոփոխություն չեն կրել: Փափուկ խաղալիքը միշտ էլ մոդայի մեջ է, այդ պատճառով էլ թանկ է: Ասում են՝ մի քանի ամիս առաջ  էժան էին վագրիկները, բայց դա սուտ է: Փափուկ վագրիկները երբեք 500 դրամ չեն եղել, իսկ եթե ոմանք պնդում են, թե այդ գնով տեսել են, ապա դա հավանաբար բրիլոկ է եղել: Վագրիկների գները չեն փոխվել, պարզապես խաղալիքների տեսականիների մեջ շատացել են վագրերը՝ իրենց գույներով, ձեւերով եւ այլն: Քանի որ բոլորը ձգտում են տարվա խորհրդանիշ գնել, մենք էլ վագրեր ենք բերում, դե հո արջուկ կամ շուն չենք բերի…»:
Մեր զրուցակցի տաղավարում վագրանման խաղալիքների գները սկսում էին 2500 դրամից եւ հասնում մինչեւ 19 000-ի, նա նաեւ ասաց, որ մեծերը գնելու դեպքում 1000 դրամ զեղչ է անում:
Նույն տարածքում մեկ այլ տաղավարի վաճառող Տիգրանի մոտ էլ գները, ի տարբերություն հարեւանների՝ բավական ցածր էին. ինչի առիթով ասաց, որ իր մոտ Ամանորի զեղչեր են. «Զեղչեր եմ արել, որովհետեւ, իսկապես, այս խաղալիքները թանկացել են: Ժողովուրդն էլ մեղք է, չէ՞ որ խաղալիքներից բացի՝ շատ այլ կարեւոր բաներ կան գնելու, բայց վաճառողներն էլ մեղք չունեն, նրանք էլ են ուզում գումար աշխատել: Հիմա ում հարցնեք, կասեն՝ չենք թանկացրել, բայց իրականում վագրերի գները երկու-երեք անգամ բարձրացրել են»:
Խաղալիքների հաջորդ տաղավարը եւս լեցուն էր վագրով, որոնք իրականում այնքան էլ վագրի տեսք չունեին:
Տաղավարի վաճառող Վազգենը մեզ խորհուրդ տվեց շրջել ողջ տոնավաճառով՝ համոզվելու, որ ամենացածր գներն իրենց մոտ են, չնայած այս խոսքերն ասում էին գրեթե բոլոր վաճառողները. «Դուք տեսե՞լ եք էժան մեծ, փափուկ խաղալիք, եթե այո, ուրմեն ձեզ խաբել են: Փափուկ խաղալիքը երբեք էժան չի լինում, ամբողջ տոնավաճառում միայն ինձ մոտ է այսքան ցածր գին: Ամենաթանկ խաղալիքս 30 000 է: Իսկ շատ  խանութներում մեծ վագրերը վաճառում են մինչեւ 130 000 դրամ: Կոնկրետ ինձ մոտ գները պայմանավորված են վագրերի տեսքով, դիրքով եւ գույներով. օրինակ, ունեմ երկու վագր իրար հետ նստած, արժե 6000 դրամ, ճիշտ է՝ փոքր է, բայց՝ գեղեցիկ: Ունեմ փոքրիկ երգող վագրեր՝  դրանք արժեն 9000 դրամ: Իսկ ամենաթանկը կանգնած վագրերն են, որոնց միջին չափը արժե 13000, իսկ նույն չափի նստած վագրը՝ 9000 դրամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել