Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՄՇՏԱՊԵՍ ԴԵՄ ԵՄ ԵՂԵԼ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Դեկտեմբեր 25,2009 00:00

\"\"Հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տարեվերջյան մամուլի ասուլիսում

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի ասուլիսին ԱԺ աշխատակազմը նախապատրաստվել  էր  չափազանց ուշադիր, սեղաններին  եղեւնու զարդարված ճյուղեր կային,  էկրանից շարունակ ցուցադրվում  էին ԱԺ նախագահի տարբեր աշխատանքային հանդիպումներից լուսանկարներ, իսկ լրագրողները անսահման հարցեր տալու հնարավորություն ունեին: Հնչեցին ամենատարբեր բնույթի հարցեր՝ սկսած Հովիկ Աբրահամյանից տուժածների ընկերության մասին հարցերից, մինչեւ ժողովրդավարությանը, հայ-թուրքականին վերաբերող, տնտեսական խնդիրներից մինչեւ հերթական նախագահական ընտրություններ:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպիսի ընտրություններ են սպասվում Հայաստանին՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ. «Իմ կարծի՞քն եք ուզում իմանալ՝ լինելու է հերթական ընտրություն, եւ ընտրվելու է Սերժ Սարգսյանը, գոնե ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը ընտրվի»,- ասաց ԱԺ նախագահը: Հարցին՝ իսկ ինքը չի՞ հավակնում դառնալ ՀՀ նախագահ, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ոչ, ԱԺ նախագահի պաշտոնը ինձ շատ բավականացնում է»: Հերքեց նաեւ տեղեկությունները, թե կա առճակատում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ինչպես նաեւ հերքեց այն լուրերը, թե ինքը ԲՀԿ-ի հետ ներիշխանական հեղափոխություն էր նախապատրաստում. «Ինչ վերաբերում է հեղափոխությանը, ապա հասկանալի չէ, թե ում նկատի ունեք, ում նկատմամբ պետք է հեղափոխություն անեմ: Ես թիմի անդամ եմ, միշտ հարգել եմ խաղի կանոնները եւ ոչ մի անգամ աչքի չեմ ընկել թիմին դավաճանելով: Իսկ որ նվիրված եմ, մինչեւ վերջ պայքարող եմ. դա երեւացել է 2007 թ. խորհրդարանական ընտրություններում, երբ ղեկավարել եմ ՀՀԿ շտաբը, 2008 թ., երբ ղեկավարել եմ ՀՀ նախագահի նախընտրական շտաբը, եւ այսօր, իմ կարծիքով, կա վստահություն Հանրապետական կուսակցության կողմից, որ ինձ առաջարկել են ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում: Իմ կարծիքով՝ այդ ամենը վստահություն է ներշնչում եւ հակառակը չի էլ կարելի մտածել»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ հայտնի արտաշատյան դեպքերով, խնդրելով պատասխանել հնչած մեղադրանքներին. «Ես մեղադրանք չէի համարի դա, հերյուրանք կհամարեի: Առաջինը ես եմ դատապարտել այդ դեպքերը: Որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ինձ համար դատապարտելի է նման յուրաքանչյուր դեպք, որը ոտնձգություն է պետության, օրենքների եւ մարդու իրավունքների նկատմամբ: Իհարկե, Արտաշատի դեպքերը կապել ուղղակի ինձ հետ, դա եւս ազնիվ չէ: Ես գտնում եմ, որ օրենքով պետք է կիրառվեն բոլոր այն լիազորությունները կամ պատժամիջոցները, որին արժանի են դեպքի մասնակիցները: Ես ոչ մի կապ չունեմ, ես հաշվեհարդարի կամ հետապնդման որեւէ խնդիր ընդհանրապես չունեմ: Եղել են կրակոցներ, այնտեղ եղել են որոշ գործողություններ, որոնք դատապարտվել են նաեւ իրավապահ մարմինների կողմից: Ես գտնում եմ, որ իմ անելիքն է, որպես Ազգային ժողովի նախագահ, հետեւել, որ բոլորը օրենքով ստանան համապատասխան պատիժը»:
Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված ԶԼՄ դաշտը կարգավորող նոր օրինագծի մասին հարցին ի պատասխան՝ պարոն Աբրահամյանն ասաց. «Կողմ եմ, որ եթե լրագրողը կամ լրատվամիջոցը մարդուն, քաղաքացուն, քաղաքական գործչին վիրավորել, զրպարտել են, դրա համար անպայման գոնե ֆինանսական տուգանքի ենթարկվեն: Ես կողմնակից եմ, որ իրոք չդատապարտվեն, բայց կողմնակից եմ, որ ֆինանսական տուգանքի ենթարկվեն: Ես պատրաստ եմ կազմակերպել լսումներ, հրավիրել բոլորիդ, եկեք, կարծիքներ հայտնեք, եւ փորձենք ունենալ մի նախագիծ, որը բխի մեր բոլորի շահերից, լինի արդարացի մոտեցում»: Ի պատասխան հարցին՝ ի՞նչ կփոխվի Ազգային ժողովի բարոյահոգեբանական մթնոլորտում «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պատգամավոր դառնալուց հետո, ԱԺ նախագահն ասաց. «Ես ուրախ կլինեմ, որ նա ընտրվի: Որովհետեւ ինչքան ընդդիմություն ենք ունենում մենք Ազգային ժողովում, այնքան հարցերն ավելի խորն են քննարկվում, ողջամիտ հակասություններից ծնվում են շատ լավ օրենքներ: Եվ ես որեւէ վատ բան չեմ տեսնում, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի Ազգային ժողովի պատգամավոր եւ մասնակցի Ազգային ժողովի նիստերին: Մամուլում գրված էր, թե «վայ» Ազգային ժողովի նախագահին, որ Նիկոլն ընտրվի պատգամավոր: Ես հակառակն եմ ասում. ցանկանում եմ եւ հաջողություն եմ մաղթում, որ նա ընտրվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031