Լրահոս
Օրվա լրահոսը

21 տարի անց

Դեկտեմբեր 25,2009 00:00

Երկրաշարժի ժամանակ միակ դստերը կորցրած Ելենա Զաքարյանը վստահ է, որ վիշտը չի մոռացվում

Սկսած 1988-ից, ամեն տարի դեկտեմբերի 7-ին Սպիտակում չի դադարում մարդկանց հոսքը դեպի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, վայրկյան առ վայրկյան բարձրանում է ծաղիկների բուրգը, իսկ Վանաձորում նույն արարողակարգը շատ ավելի պաշտոնական բնույթ է կրում: Միգուցե դա օրինաչափ է, նախ զոհվածներն այնքան շատ չեն, ինչքան Սպիտակում, հարազատների մեծ մասն էլ արտերկրում է ապրում, հետո հարազատ կորցրած վանաձորցին նախընտրում է վաղ առավոտյան գերեզման գնալ ու մոմ վառել:
Վանաձորի 72-ամա բնակչուհի Ելենա Զաքարյանը ոչ միայն երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է հուշակոթողին ծաղիկներ դնում, այլեւ՝ դրանից հետո:
«Մեծացել եմ, էլ չեմ կարողանում իմ ուզած ժամանակ գերեզմանոց գնալ, հարմարվում եմ նրա հետ, ով ինձ ուղեկցում է, դեկտեմբերի 6-ին եմ գերեզմանոց գնացել կարճ ժամանակով, իսկ 7-ին այստեղ եկա, բայց պաշտոնյաները շատ էին, ամաչեցի, չկարողացա արցունքներիս ազատություն տալ, հիմա մի լավ լաց եղա, սիրտս հովացավ»,- մեզ հետ զրույցում ասաց Ելենա տատիկը:
Ե. Զաքարյանը 1988-ին կորցրել է իր միակ աղջկան՝ Անահիտին, ում մենակ էր մեծացրել: Ելենան շատ շուտ է ամուսնալուծվել, ինչպես ինքն է ասում՝ «դեռ քառասունքի մեջ, բայց Անահիտիս ծնունդը մեծ ուրախություն էր, դեռ չէի գիտակցում, թե ինչ մեծ պարտականություն ու ծանրաբեռնվածություն է ընկնում ուսերիս: Շան տանջանք եմ քաշել, է՜, բայց թող Անահիտս ողջ մնար, ես էլի տանջվեի»: Արցունքները խեղդում են, վշտից կորացած կինը մի պահ լռում է, ապա արագորեն մաքրում արցունքներն ու շարունակում խոսքը. «Անահիտս նոր էր ամուսնացել, փեսաս շատ լավ տղա էր, այնքան ուրախ էի, որ վերջապես մեզ էլ մի լավ մարդ հանդիպեց: Գուգարք գյուղի նոր սարքած շենքերում էին ապրում, դրա համար էլ էի ուրախանում, դեռ չգիտեի, թե գլխիս ինչ օյին էր գալու էդ նույն շենքի պատճառով: Նորակառույցները լրիվ փլվեցին»:
Ելենա Զաքարյանին, կորցրած բնակարանի դիմաց, նորն են տվել՝ Գուգարքի նորակառույց թաղամասում, բայց նա այդ քոթեջում մի օր էլ չի ապրել: Տունը կտակել է եղբորորդուն, հիմա նա է հոգում Ելենա տատիկի հոգսերը, իսկ Ելենա Զաքարյանը առանձնահատուկ խանդավառությամբ է պատմում եղբոր ընտանիքից եկող հոգատարության մասին, բայց զգում ես, որ չի հաշտվում աղջկա կորստի հետ. «Ինչքան ուզում է գլխովս պտիտ գան, սուտ է, ցավը չի մոռացվում»:
Աղջկանից Ելենա մայրիկին մի փոքրիկ վզնոց է մնացել, որ դուստրը իր ձեռքով էր գործել մոր 50-ամյակի առիթով, մի քանի կիսաայրված ու պատառոտված լուսանկար, որոնք հանվել են փլատակների միջից: Ու հիմա այս լուսանկարներով է Ելենա տատիկը հիշում ու պատմում, թե Անահիտը որտեղ՝ քանի տարեկան է, թե ինչ շարժուն ու չար երեխա էր, թե ինչպես է մի քանի անգամ կորել, մի անգամ նույնիսկ ոստիկանության օգնությամբ են գտել:
«Ինչ անեմ, էս է ինձ մնացածը, մի փոքր շալ, նկարները՝ մանկությունից մինչեւ ամուսնություն, ու էս հիշողությունները: Աղետն ինձ միայնության մատնեց, այնինչ ես արդեն չափահաս թոռներ կունենայի»,- լացը կոկորդում ամփոփում է Ելենա տատիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել