Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ԹԲԻԼԻՍԻՆ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 25,2009 00:00

\"\"Մոսկվան եւ Թբիլիսին պայմանավորվել են ցամաքային սահմանի բացման շուրջ: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի փոխանցմամբ, այդպիսի պնդումներ է արել պաշտոնական Թբիլիսին: «Կազբեկ-Վերին Լարս» անցակետը, որը փակվել էր ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ դեռ 2006թ. հուլիսին, հնարավոր է, որ բացվի արդեն 2010թ. մարտի սկզբին»,- երեկ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանթաձեն: Այս տեղեկությունը հաստատել են նաեւ Ռուսաստանի սահմանային անցակետի մամուլի ծառայությունում: Կալանթաձեն ասել է, թե նման որոշումն ընդունվել է ռուսական եւ վրացական կողմերի միջեւ Շվեյցարիայի միջնորդությամբ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նա նաեւ հավելել է, որ անցակետի բացման մանրամասների շուրջ բանակցությունները կշարունակվեն նաեւ առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Հիշեցնենք, որ երեք տարի առաջ այս անցակետի փակումը Ռուսաստանը պատճառաբանել էր՝ այն վերանորոգելու եւ արդիական չափանիշներին համապատասխան սարքավորումներով հագեցնելու մտադրությամբ: Այս տարվա մայիսին ռուսական կողմը պաշտոնական արարողությամբ բացել էր «Վերին Լարսի» անցակետով նոր կառուցված միջազգային ավտոճանապարհը, իսկ Վրաստանը սեպտեմբերին ԱՄՆ-ի աջակցությամբ իր անցակետն էր վերակառուցել:
Ընդսմին, հայտնի է դարձել, որ մոտ ժամանակներս Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կարող են վերականգնվել նաեւ փոխադարձ ավիափոխադրումները: ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը Մոսկվայում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ կարող է վերականգնվել միայն այն պայմանով, եթե Թբիլիսին երաշխավորի ռուսական անձնակազմերի անվտանգությունը՝ շեշտելով, թե այդպիսի երաշխիքներն անհրաժեշտ են՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: ՌԴ տրանսպորտի նախարարությունն արդեն հարցով դիմել է Վրաստանի ավիացիոն իշխանություններին՝ խնդրելով հաստատել վրացական «Georgian Airways» ավիաընկերության՝ դեպի Ռուսաստան չարտերային ու պարբերական չվերթներ իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվության առկայությունը:
Վրացական այս ընկերությունն ավելի վաղ դիմել էր ՌԴ կապի նախարարությանը՝ խնդրելով Ամանորի կապակցությամբ թույլատրել Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չարտերային չվերթներ իրականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել