Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ-ԴՊՐՈՑ ԿԱՊԸ՝ ՆՈՐՈՎԻ

Դեկտեմբեր 25,2009 00:00

\"\"Մշակութային այս օջախը կշարունակի ձեւավորել ապագայի արվեստասեր, բարձրաճաշակ հանդիսատես

Դեռեւս 1950-ականների վերջերին կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Դպրոցականի ֆիլհարմոնիան, որն իր գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում հսկայական դեր կատարեց դպրոցականների գեղագիտական դաստիարակության գործում: Այսօր էլ շատերը հիշում են ֆիլհարմոնիայի հետաքրքիր միջոցառումները, այդ թվում՝ համերգ-դասախոսություններն ու համերգ-հանդիպումները:
1990-ականների վայրիվերումների պատճառով Դպրոցականի ֆիլհարմոնիան դադարեցրեց իր գործունեությունը, չնայած երաժշտագետ Արմեն Բուդաղյանի շնորհիվ երբեմն-երբեմն կազմակերպվում էին համերգներ, եւ Երեւանի պետական կոնսերվատորիան էլ դպրոցականների համար ստեղծել էր Երաժշտական զրուցարանը: 2007թ. վերաբացվեց Դպրոցականի ֆիլհարմոնիան՝ դառնալով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կառույցներից մեկը: Թե ի՞նչ նշանակություն ունի այս ֆիլհարմոնիան եւ ինչպիսի՞ առաքելությամբ է հանդես գալիս, «Առավոտի» հետ զրույցում Դպրոցականի ֆիլհարմոնիայի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ մասնաճյուղեր են ստեղծվել Գյումրիում, Կապանում, Եղեգնաձորում, ինչպես նաեւ ԼՂՀ մայրաքաղաքում. «Սա նշանակում է, որ  ֆիլհարմոնիայի տնօրինությունը չի բավարարվել մայրաքաղաքային աշխատանքներով եւ ուշադրություն է դարձնում նաեւ մարզերի ու Արցախի երեխաներին, այսպիսով ամեն ինչ անելով, որպեսզի Երեւանից դուրս ապրող դպրոցականները եւս առնչվեն դասական երաժշտությանը»:
Որպես ֆիլհարմոնիայի կարեւոր նպատակ՝ տնօրենը նշեց. «Անհրաժեշտ է, որ ձեւավորվի ապագայի արվեստասեր, բարձրաճաշակ հանդիսատես, որը քաջածանոթ է ազգային մշակութային արժեքներին, ճանաչում է իր ազգի անվանի երաժիշտներին, տեղյակ է համաշխարհային մշակույթին: Այդ նպատակով էլ Դպրոցականի ֆիլհարմոնիան շաբաթը մեկ անգամ կազմակերպում է համերգներ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում եւ այն մարզկենտրոններում, որտեղ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ունի իր մասնաճյուղերը: Հրավիրվում են անվանի երաժիշտներ եւ  պետական կոլեկտիվներ: Երեխաների համար մեծ սիրով են հանդես գալիս Թոփիկյանի, Մլքեյանի, Հովհաննիսյանի ղեկավարած երգչախմբերը, Կոմիտասի անվան քառյակը, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը եւ այլք: Կարեւորում ենք նաեւ ազգային նվագարանները եւ համերգ-զրույցների, տեսաֆիլմերի, ազգային նվագարանների պետական անսամբլի համերգներով  ներկայացնում դրանք»:
Հարցին՝ տարիներ շարունակ աբոնեմենտային համակարգով աշխատանքը դժգոհություններ է առաջացնում ծնողների շրջանում, ի՞նչ է արվում այսօր Դպրոցականի ֆիլհարմոնիա-դպրոց կապը պահելու համար, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի եւ քաղաքապետարանի միջեւ կնքվել է պայմանագիր, որի համաձայն, աբոնեմենտային համակարգը այլեւս վերանում է: 2010-ից այդ գործառույթը իր վրա է վերցնում քաղաքապետարանի կրթության վարչությունը, որն էլ կկազմակերպի դպրոցականների մուտքը մշակութային օջախներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել