Լրահոս
Օրվա լրահոսը

2010 ԹՎԱԿԱՆԻՆ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՆԱՆՔ

Դեկտեմբեր 25,2009 00:00

\"\"Երեկ «Euromotors» ընկերությունում կայացավ Հայաստանի ձիասպորտի
ֆեդերացիայի տարեկան ամփոփիչ ժողովը

Գլխավոր քարտուղար Կարեն Գիլոյանը համառոտ հաշվետվությամբ ամփոփեց անցնող տարում ֆեդերացիայի կատարած աշխատանքը: Նա առաջնային համարեց «Մրցաշրջան 2009»-ում ֆեդերացիայի կազմակերպած ներհանրապետական մրցումները, որոնց մեջ իրենց ընդգրկումով ու կարեւորությամբ առանձնանում են Հովիկ Հայրապետյանի անվան ՄԴ-ի բաց առաջնությունը, ՀՁՖ-ի գավաթի, «Euromotors»-ի գավաթի խաղարկությունները, հանրապետության պատանիների եւ երիտասարդների առաջնությունները: Իրենց մրցումներն են անցկացրել նաեւ «Արա եւ Այծեմնիկ» ակումբը, «Ջի Թի Ար» գրուպը, ձիասպորտի ֆեդերացիայի հովանու ներքո երկու մրցաշար էլ անցկացրել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի ՄՊՄԴ-ն: Վերոնշյալ մրցաշարերին ընդհանուր առմամբ մասնակցել են 16-20 անձնակազմեր, խաղարկվել են մրցանակային լուրջ հիմնադրամներ՝ նվազագույնը՝ 1 մլն դրամ, որոնք բաշխվել են մինչեւ 5-րդ կամ 6-րդ տեղեր գրաված մարզիկներին:
«Անցնող տարում գործունեությունն ակտիվացրել է մանկապատանեկան ՄԴ-ն, որտեղ դասընթացները վարում են փորձառու մասնագետներ: Նրանք պատանիներին ու աղջիկներին անվճար ուսուցանում են այնպիսի կարեւորագույն մասնագիտություններ, ինչպիսիք են ձիու անատոմիան,  օտար լեզուն, վարվելակարգը եւ  առաջին անգամ՝ ձիասպորտի ՀՀ ֆեդերացիայի կանոնակարգը: Դրա անհրաժեշտությունն զգացվեց, երբ որոշ մրցումների ժամանակ պարզ դարձավ, որ անգամ մեր փորձառու հեծյալներն այդ կանոնակարգի մասին պատկերացում չունեն»,- տեղեկացրեց զեկուցողը:
Անդրադառնալով միջազգային ֆեդերացիայի հետ կապերին՝ Կ. Գիլոյանը տեղեկացրեց. «Ես մեր ազգային ֆեդերացիան ներկայացրել եմ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի՝ Կոպենհագենում կայացած համաժողովում: Այնտեղ երկու շատ կարեւոր հարցեր քննարկվեցին, որոնց մասին ցանկանում եմ անպայման տեղեկացնել: Միջազգային ֆեդերացիայի նախագահը գործկոմի անդամների թիվը 19-ից 15-ով սահմանափակելու առաջարկություն էր ներկայացրել: Դա հատկապես եվրոպական ֆեդերացիաների կողմից դիտարկվեց որպես իշխանության լծակների ուժեղացման փորձ: Ես Կոպենհագենից կապվեցի պարոն Հայրապետյանի հետ եւ նրա հետ խորհրդակցելով՝ միացա այդ առաջարկությանը դեմ քվեարկողներին: Այն մերժվեց ձայների 49 դեմ, 48 կողմ տարբերությամբ: Այսինքն՝ կարելի է ասել, որ մեր ձայնը որոշիչ դեր կատարեց:
Մենք դեմ քվեարկեցինք նաեւ մեկ այլ նախաձեռնության: Միջազգային ֆեդերացիան փորձեց  գեղավարգ մրցաձեւում թիմերի կազմի փոփոխություն մտցնել: Օլիմպիական խաղերում թիմը բաղկացած է լինում երեք հիմնական եւ մեկ պահեստային անդամից: Ուժեղ երկրները բողոքել էին, թե պատահում է, որ պահեստայինը ընդհանրապես չի մասնակցում պայքարին, եւ ցանկանում էին, որ այդ պահեստայինները մասնակցեն անհատական պայքարին: Իսկ դա կնշանակեր անհատական պայքարում 2-3 տեղի կրճատում, ինչին մենք չէինք կարող համաձայնել: Քվեարկությամբ միջազգային ֆեդերացիայի այս առաջարկը նույնպես չհաստատվեց: Իսկ թե դա ինչու էր մեզ համար շատ կարեւոր, տեղեկացնեմ, որ Հայաստանի ձիասպորտի ազգային վեդերացիան վերջնականապես գեղավարգ մրցաձեւում գրանցել է Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Քերի Աղաջանյան-Շոպֆին, որը միջազգային մրցումներում ներկայացնելու է Հայաստանը: Քերին Քըրք Քըրքորյանի քրոջ դուստրն է, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր: Նա շատ լավ ձիանոց ունի եւ վարկանիշային դասակարգման ցուցակում այս պահին աշխարհում 5-րդն է: Սա շատ բարձր ցուցանիշ է, օլիմպիական ուղեգիր նվաճելու իրական հնարավորություն, ինչը աննախադեպ  կլինի մեր երկրի համար: Ինքը՝ Քերի Աղաջանյանը, մեծ խանդավառությամբ է նախապատրաստվում՝ մասնակցելու եկող եւ հաջորդ տարվա բոլոր վարկանիշային մրցաշարերին»:
«Առավոտի» հարցին, թե Աղաջանյանը մրցումների մասնակցելու է ի՞ր միջոցներով, թե՞ ֆեդերացիայի, Հայրապետ Հայրապետյանը պատասխանեց. «Նա լուրջ կարողությունների տեր է: Սակայն մեր ֆեդերացիան ցանկացած հարցում պատրաստ է աջակցել Քերիին՝ լինի դա նյութական, որի անհրաժեշտությունը, կարծում եմ, չի լինի, վերջացրած բարոյականով ու հոգեբանականով: Ավելին ասեմ, մենք պատրաստվում ենք Աղաջանյանի արդեն առաջին մրցմանը, որտեղ առաջին անգամ բարձրացվելու է Հայաստանի դրոշը, ներկա գտնվել, ոգեւորել ու սատարել մարզուհուն»:
Ժողովում ներկայացվեց նաեւ ֆեդերացիայի ֆինանսական հաշվետվությունը, որն ամբողջությամբ իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան:
Գործկոմը նաեւ համապատասխան փոփոխություններ կատարեց ֆեդերացիայի կանոնակարգում, ինչպես նաեւ նախագահության կազմ ընդգրկեց նոր անդամների:
Վերջում հրապարակվեց նաեւ 2010 թվականին կազմակերպվելիք մրցումների ցանկը, որոնցից մի քանիսի անցկացման ժամկետները դեռ ճշգրտման կարիք ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել