Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Դալլաքյան. «2009-ին հաջողություններով հպարտանալ չենք կարող»

Դեկտեմբեր 25,2009 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն արդեն մեկ տարի է, ինչ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ է: Ֆուտբոլային տարվա ավարտին նա ամփոփեց իր այս մեկ տարվա գործունեությունը ֆուտբոլի կառավարման ոլորտում:

– Այս մեկ տարվա ընթացքում երկու կարեւոր փաստաթուղթ է ստեղծվել, եւ ես եղել եմ համապատասխան աշխատանքային խմբերի ղեկավարը: Նախ, վերամշակվել է ՀՖՖ կանոնադրությունը: Այն ուղարկվել է միջազգային փորձաքննության, արժանացել դրական կարծիքների եւ դրանից հետո վերջնականապես հաստատվել: Սա ես համարում եմ կարեւոր ձեռքբերում, քանի որ ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությունը կանոնակարգում է ողջ ֆուտբոլային տնտեսությունը: Բացի այդ, մշակվել է նաեւ 2010-15թթ. Հայաստանում ֆուտբոլի զարգացման ռազմավարության նախագիծը: Այս փաստաթուղթն արդեն ներկայացվել է ֆեդերացիայի գործկոմ եւ 2010-ի հունվարին կդրվի քվեարկության: Այն մշակելիս մենք օգտագործել ենք միջազգային, ինչպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի զարգացման պատմության փորձը: Փաստաթղթում շեշտը դրվել է մասսայական եւ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հիմնահարցերի վրա: Այս երկու ուղղություններից զատ՝ արդեն պատգամավորական գործունեության շրջանակներում ես, Ռուբեն Հայրապետյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ Սամվել Ալեքսանյանը համատեղ մշակել ենք երեք օրինագիծ եւ ներկայացրել ԱԺ: Խոսքը վերաբերում է նախ «Հայաստանի հավաքականի անդամի կարգավիճակի մասին» օրինագծին, որը հիմնարար նշանակություն ունեցող փաստաթուղթ է: Երկրորդ օրենսդրական նախաձեռնությամբ հարկային արտոնություններ են նախատեսված մարզական կառույցների համար: Երրորդը վերաբերում է զանազան լոտոներից սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլի զարգացմանն ուղղվող մասհանմանը: Օրինակ, Ֆրանսիայում այս կարգի միջոցներից տարեկան 650 մլն եվրո նպատակաուղղվում է ֆուտբոլի զարգացմանը: Մենք նախատեսում ենք հարկային արտոնություններ տալ այն գործարարներին, որոնք կաջակցեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Այսինքն՝ մշակվում է մանկապատանեկան եւ մասսայական ֆուտբոլի զարգացման օրենսդրական բազա:
– Փորձենք ամփոփել նաեւ 2009 թվականի հայկական ֆուտբոլը՝ գործնական տեսանկյունից:
– Մինչեւ մանկապատանեկան եւ մասսայական ֆուտբոլի զարգացման համապատասխան բազա չստեղծվի, չենք կարող մեծահասակների ֆուտբոլի, այդ թվում նաեւ՝ հավաքական թիմերի հաջողությունների մասին խոսել: Սա տեւական աշխատանք է, եւ, ցավոք, մենք այս դաշտում խնդիրներ դեռ շատ ունենք: Բայց պետք է արձանագրեմ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքները: Ինչ վերաբերում է հիմնական ցուցանիշին, ակնհայտ է, որ 2009-ին մենք հաջողություններով հպարտանալու առիթներ քիչ ունենք: Թերեւս, կարող եմ առանձնացնել Բելգիայի եւ Իսպանիայի հավաքականների հետ մեր ազգային թիմի հաջող խաղը, ինչը ցույց է տալիս, որ հարկ եղած դեպքում մեր ֆուտբոլիստներն ի վիճակի են բավականին բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Բայց, ցավոք, դա պարբերական բնույթ չի կրում:
Եթե ամփոփենք ֆուտբոլային տարին, ստիպված ենք փաստել, որ այն անհաջող էր Հայաստանի հավաքականի համար, սակայն այս ամենից պետք է հետեւություններ անել: Ես այն կարծիքին եմ, որ հավաքականի ղեկը պետք է վստահել տեղի կադրի: Եվրոպայի առաջնության առաջիկա մրցափուլի հետ կապված ունեմ նաեւ իմ թեկնածուն: Կարծում եմ, կարելի է 2 տարով պայմանագիր կնքել Վարդան Մինասյանի հետ: Նրան անձամբ չեմ ճանաչում, սակայն որպես ինտելեկտուալ անձնավորության եւ տեղի բարձրակարգ կադրի, բարձր եմ գնահատում: Եթե նրան նման վստահություն ցույց տրվի, կարող ենք հաջողություն ակնկալել:
– Պարոն Դալլաքյան, մենք ունենք կանանց եւ աղջիկների հավաքականներ, սակայն չունենք Հայաստանի կանանց առաջնություն: Ինչպես տեսանք, ՀՖՖ մրցանակաբաշխությանը կանանց ֆուտբոլը նույնպես անտեսված էր: Ու այս համատեքստում աղջիկներին «ամոթանք» է տրվում ամեն միջազգային խաղից հետո: Ըստ ձեզ, ո՞րն է ՀՖՖ գործկոմի դերը կանանց ֆուտբոլի խնդիրների լուծման հարցում:
– Ասեմ, որ կանայք տղամարդկանցից խելացի են: Եվ դա ունի շատ պարզ բացատրություն. կանայք տղամարդկանց միշտ համոզել են, իսկ վերջիններս էլ համոզվել, որ տղամարդիկ են կանանցից խելացի: Սա՝ առհասարակ: Իսկ ինչ վերաբերում կանանց ֆուտբոլին, ապա պետք է փաստել, որ մինչեւ մենք չունենանք կանանց ակումբային թիմեր, մինչեւ չանցկացնենք կանանց ակումբային առաջնություններ, անիմաստ է խոսել Հայաստանի հավաքականի մասին: Հետեւաբար, այստեղ խնդիրը պետք է հիմքից լուծել: Շատ ճիշտ եք նկատել, որ մրցանակաբաշխությանը կանանց թեման անտեսվեց: Կարծում եմ, որ ՀՖՖ գործկոմն առաջիկա նիստում Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հիմնախնդիրներն առանձին քննարկման առարկա պետք է դարձնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել