Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աստղացույցը նորաձեւության մեջ կանոններ չի թելադրում

Դեկտեմբեր 25,2009 00:00

Այս կարծիքին է դիզայներ Արամ Նիկոլյանը

Ի՞նչ հագուստ է անհրաժեշտ կրել Ամանորի գիշերը, որո՞նք են 2010թ. մոդայիկ գույներն ու աքսեսուարները: Գաղտնիք չէ, որ մեզանից շատերն այսօր առաջնորդվում են աստղացույցի կանոններով: Մեր հարցերին պատասխանելով՝ դիզայներ Արամ Նիկոլյանը «Առավոտին» ասաց. «Ժողովրդի մեջ ընդունված մի ավանդույթ կա, եթե վագրի տարի է, ապա բոլորը պետք է վագրի պատկերով զգեստ կրեն, որ սիրաշահեն գալիք տարվա աստղացույցի խորհրդանիշ-կենդանու սիրտը: Թեեւ աստղացույցը նորաձեւության մեջ կանոններ չի թելադրում»: Աստղերը հուշում են, որ, ըստ Արեւելյան աստղացույցի, գալիք 2010 թվականի տիրակալը վագրն է: Արամից հետաքրքրվեցի, թե հայտնի դիզայներներից ո՞վ է անդրադարձել վագրերի թեմային: «Այս տարվա աշուն-ձմեռ հավաքածուներում դիզայներները ավելի շատ անդրադարձել են մողեսներին, օձերին: Վագրերի թեման, կարծես, անտեսված է: Ընդամենը  երկու-երեք գործ եմ հանդիպել, այն էլ ոչ հայտնի դիզայներների հավաքածուներում»,- նշեց նա: 
Ի դեպ, եթե հավատանք 2010-ի աստղացույցին, ապա վագրերի թեմայով ընտրված զգեստը տարվա տիրակալի դուրը առանձնապես չի գալիս: «Ի դեպ, պետք է հիասթափեցնեմ հայուհիներին, ովքեր պատրաստվում էին Ամանորի համար վագրի թեմայով զգեստ ընտրել:  Այն այլեւս ակտուալ չէ: Նախընտրելի է Ամանորը դիմավորել կոկտեյլ ոճի մեջ: Սրա մեջ մտնում են կարճ զգեստները, լայն բացվածքով զգեստները: Դրանք գործնական են եւ հարմարավետ: Այս տեսակի հագուստը չի սահմանափակում շարժումները»:
Մեր կատակով արված դիտարկմանն էլ՝ թե, փաստորեն, վագրի սիրտը շահելու համար հայուհիները պետք է ցուցադրեն իրենց բարեմասնությունները, դիզայները նշեց. «Եթե կինը ունի գեղեցիկ ոտքեր, մեջք, ինչո՞ւ պետք է այն թաքցնի ու ներկայանա նամուսով աղջկա կերպարով»:
«Նորաձեւությունը, որը այսօր թելադրում է Եվրոպան, միշտ չէ, որ, այսպես ասած, մեր աղջիկների հագով է գալիս: Երբեմն նորաձեւությանը հետեւող կոկետուհիները փոքր-ինչ վուլգար տեսք են ունենում»,- ասում է Արամը եւ մի քանի խորհուրդներ տալիս: 
Խորհուրդ N 1. Ես հաճախ եմ կրկնում, որ պետք չէ դառնալ նորաձեւության գերին: Մենք՝ հայերս, չգիտես ինչու, վախենում ենք ստեղծել սեփական ոճը: Մեզնից շատերը նախընտրում են ընդօրինակել ընկերոջը, ընկերուհուն: Արդյունքում՝ բոլորը դառնում են միօրինակ:
Խորհուրդ N 2. Եթե կրում եք մեծ ականջօղեր, ամենեւին պարտադիր չէ հագնել նույն չափի վզնոց ու բռնել օղերին ու վզնոցին համապատասխան պայուսակ: Ռուսերեն ասած, «պերեբոր» է:
Խորհուրդ N 3. 2010-ի աշուն-ձմեռ հավաքածուներում հայտնի դիզայներների մոտ գերիշխում են մուգ գույները՝ սեւը: Գալիք տարվա մոդայիկ գույներից են՝ կապույտը, կարմիրն ու մանուշակագույնը: Սա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց:
Խորհուրդ N 4. 2010-ին  շարունակում են ակտուալ մնալ ոսկյա զարդերը (ի դեպ, վագրը, ըստ Արեւելյան հորոսկոպի, մետաղ ու մորթի շատ է սիրում, սա էլ հաշվի առեք):
Խորհուրդ N 5. Հագուստին վերջնական տեսք են տալիս կոշիկները: 2010-ին մոդայիկ են բարձր պլատֆորմով կանացի կոշիկները: Անձամբ ինձ այնքան էլ դուր չեն գալիս: Ամանորի երեկոյան վատ չէր լինի, եթե աղջիկներն ու կանայք ներկայանային «շպիլկաներով»: Համոզված եղեք, որ այն հաստատ կընդգծի ձեր կանացիությունը, իսկ պլատֆորմով կոշիկները կարելի է կրել ջինսերի հետ:
Ա. Նիկոլյանը խոսեց նաեւ արական սեռի ներկայացուցիչների մասին: «Պետք է ասեմ, որ զգալի փոփոխություն եմ նկատում տղամարդկանց հագուկապի մեջ: Հինգ տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ հայ գործարար տղամարդը կկրի վարդագույն վերնաշապիկ ու փողկապ: Այսօր դա նորմալ երեւույթ է»,- նշեց Արամն ու մի երկու խորհուրդ էլ տղամարդկանց տվեց:
Խորհուրդ N 1. Վարդագույն շապիկները կրկին ակտուալ են: Կարող եք Ամանորը դիմավորել հենց այդ գույնի վերնաշապիկով:
Խորհուրդ N 2.  Տղամարդը պետք է չզիջի նրան՝ ում ուղեկցում է: Ձեր տեսքը անչափ կարեւոր է: Ցանկացած տղամարդ պետք է չմոռանա հետեւել իր անձնական հիգիենային:
Եթե, հարգարժան պարոնայք, հետեւեք այս ամենին, համոզված եղեք, որ գալիք տարվա խորհրդանիշ վագրի սիրտը շահել եք:  Ո՞վ գիտե, գուցե այն կրքոտ վագրուհի է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել