Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՆՈՐՄԱԼ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ

Դեկտեմբեր 26,2009 00:00

\"\"Երեկ գնահատեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ներկայացրեց իր «Արդար դատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանում» արտահերթ զեկույցը, որի մի բաժին նվիրված է սեփականության հետ կապված վեճերը քննելիս գործի արդարացի քննության ապահովման հիմնախնդիրներին, իսկ մյուս բաժինը՝ կողմերի հավասարությանն ու մրցակցությանը քրեական գործերի դատաքննության ընթացքում: Վերջինիս օրինակները հիմնականում բերված են 2008-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված գործերի քննության՝ ՄԻՊ ներկայացուցիչների կողմից դատական նիստերի դիտարկումներից: Եվ մասնավորապես հիշատակվել են այն դեպքերը, երբ դատարանը պաշտպանների նկատմամբ սանկցիա է կիրառել եւ շարունակել գործի քննությունը պաշտպանի բացակայությամբ: Սա գնահատվել է իբրեւ իրավական պահանջների խախտում:

ՄԻՊ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պաշտպանական կողմի միջնորդությունները դատարանի կողմից չեն բավարարվում, դատարանների կայացրած որոշումներում պաշտպանության կողմի փաստարկներին պատշաճ անդրադարձ չի կատարվում. «Մեղադրանքի եւ պաշտպանության կողմերի միջեւ դատարանների կողմից դրվում է խտրականություն նույնիսկ նրանց նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի հարցում»: Եվ այս համատեքստում հիշատակվել է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Փաշինյանի (զեկույցում գործածված են այս եւ այլ անունների միայն սկզբնատառերը) վերաբերյալ գործի դատաքննության ընթացքում մեղադրողն առանց դատական նիստը նախագահողի թույլտվությունը հարցնելու՝ մեղադրական եզրակացության եզրափակիչ մաuը հրապարակել է նստած վիճակում: Իսկ երբ Փաշինյանն է փորձել ճշգրտել՝ կարո՞ղ է ինքը նստած դիմել դատարանին, դատավորը նշել է, թե դա կարող է տեղի ունենալ միայն իր թույլտվությամբ: Ըստ զեկույցի՝ նման փաստերը վկայում են «կողմերի հանդեպ դատարանի ունեցած խտրական վերաբերմունքի մասին: Դրանք վտանգում են ՀՀ քրեական դատավարությունում մրցակցության ու կողմերի հավասարության սկզբունքի ամբողջական իրացումը, ինչպես նաեւ անընդունելի են ՀՀ-ում իրավական որոշակիության լիարժեք ապահովման տեսանկյունից: Վերոգրյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՀ-ում դատարանները դեռեւս լիովին չեն ձերբազատվել քրեական հետապնդման մարմնին հարելու՝ նախկին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված իրենց կարգավիճակից ու դեռ շարունակում են իրենց վրա կրել դատախազական համակարգի ազդեցությունը»:

Դիտարկման արդյունքները վկայել են, թե քիչ չեն նաեւ դեպքերը, «երբ Եվրոպական կոնվենցիայի եւ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ վկաներին տրվում են ուղղորդող հարցեր (հիմնականում մեղադրողների կողմից)»: Որպես դրա մի վառ օրինակ հիշատակվել է Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատաքննության ժամանակ վկա Բ. Է.-ի հարցաքննությունը, «որի ընթացքում մեղադրողի կողմից տրվել են միայն ուղղորդող հարցեր»: Այս դատավարության կապակցությամբ զեկույցում մի փաստ էլ է արձանագրված. «Գործի քննության ընթացքում ամբաստանյալների պաշտպանների կողմից վիճարկվել է դեպքի վայրի զննության արձանագրությունների, իրեղեն ապացույց ճանաչելու մասին մի շարք որոշումների, դրանց հիման վրա նշանակված ու ստացված փորձաքննությունների եզրակացությունների, ինչպես նաեւ առանձին վկաների հարցաքննության արձանագրությունների թույլատրելիությունը: Այդ կապակցությամբ պաշտպանների փաստարկները նշվել են դատարանին ներկայացված միջնորդություններում, ինչպես նաեւ նրանց պաշտպանական ճառերում: Մինչդեռ դատարանն իր դատավճռում պաշտպանության կողմի փաստարկներին պատշաճ անդրադարձ չի կատարել, դրանք անհրաժեշտ վերլուծության չի ենթարկել»:

Երեկ ասուլիսում Արմեն Հարությունյանը կանխատեսեց. «Այս դատավարությունների 90 տոկոսում, եթե դրանք Ստրասբուրգ գնան, մենք պարտվելու ենք»: Իսկ պատասխանելով «ՀԺ»-ի հարցին, թե ինչո՞ւ առանձին չի ներկայացրել մարտի 1-ի դատավարությունների դիտարկման արդյունքները՝ Արմեն Հարությունյանն ասաց. «Ես երբեք խոսք չեմ տվել, որ զուտ մարտի 1-ի վերաբերյալ զեկույց կպատրաստեմ: Ես խոսք եմ տվել, որ արդար դատաքննության վերաբերյալ զեկույց կլինի: Մեր երկրում արտոնյալներ չկան, որոնց վերաբերյալ արդար դատաքննության մասին պետք է խոսենք, մնացածի մասին չպետք է խոսենք»: Եվ հավելեց, թե այն խնդիրները, որոնք առկա էին մարտի 1-ի դատավարություններում՝ կան նաեւ այլ դատավարություններում. «Պարզապես մարտի 1-ում դրանք ցայտուն էին, բոլորս նկատեցինք: Ցանկացել ենք ցույց տալ, որ այդ խնդիրները կան ոչ միայն քրեադատավարական, այլեւ քաղաքացիադատավարական պրոցեսում: Եվ մեր նպատակն է ցույց տալ, որ դա համակարգային խնդիր է: Այնպես չէ, որ դատական համակարգը նորմալ գործում է, բայց մարտի 1-ով աննորմալ գործեց: Դատական համակարգը նորմալ չի գործում ընդհանրապե՛ս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել