Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ՝ ՆԵՐՈՒՄ ԿՇՆՈՐՀՎԻ

Դեկտեմբեր 26,2009 00:00

Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործով 8 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին, որը դեկտեմբերի 4-ին առողջության կտրուկ վատթարացման արդյունքում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն եւ ենթարկվել էր մի քանի ժամ տեւած վիրահատության, իշխանությունները որոշում են կայացրել այսօր ետ վերադարձնել «Դատապարտյալների հիվանդանոց»: Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ-երկու օր առաջ, դեկտեմբերի 23-ին՝ նրան բուժող բժիշկ Ավետիք Մինասյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել էր, թե վիրահատությունից հետո Միքայելյանը դեռ չի ապաքինվել. «Դեռ բուժումը շարունակվում է, վերքերը դեռ լրիվ չեն առողջացել, եւ մոտակա մեկ շաբաթը նա դեռ կգտնվի հիվանդանոցում: Երկուշաբթի օրը նորից համապատասխան մասնագետների հետ կկատարվեն կոնսուլտացիաներ, ամեն մասնագետ կտա իր եզրակացությունը, որից հետո կորոշվի հետագան»,- հայտարարել էր Մինասյանը՝ հավելելով, որ Միքայելյանի առողջական վիճակը դեռ անհամատեղելի է համարում քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու հետ, «որովհետեւ քրեակատարողական հիմնարկի բժիշկների հավաստմամբ, այնտեղ չկան համապատասխան մասնագետներ, չկան սարքավորումներ, եւ իրենք մեզ հետ համամիտ են, որ այս փուլում ինքը պետք է գտնվի նեղ մասնագիտացված հիվանդանոցում»:

Ի դեպ, երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի ներման հնարավորության մասին հարցը, ասել է, թե՝ Միքայելյանի վրա տարածվում է ՀՀ Սահմանադրության այն դրույթը, որով նախագահը դատապարտվածներին ներում է շնորհում՝ նշելով, որ օրենքը սահմանափակումներ չի մատնանշում: Բայց նա նաեւ շեշտել է, որ, որպես կանոն, զենքի ապօրինի շրջանառության մեջ մեղադրված եւ 8 տարի ազատազրկման դատապարտված մարդուն դատավճռի կայացումից անմիջապես հետո ազատ չեն արձակում:

Ի պատասխան «Ա1+»-ի հարցին՝ նախարարն ասել է, թե նախկին պատգամավորի նկատմամբ կլինի օրենքի սահմաններում համարժեք եւ ոչ թե առանձնահատուկ վերաբերմունք, եթե համապատասխան հանձնաժողովի եզրակացություն լինի. «Եթե գա մի պահ, որ զգանք, որ այդ հիմքերը կան, եւ նրա վերաբերյալ նման եզրակացություն լինի, ապա ներում կշնորհվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել