Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տարվա պատրաստություն

Դեկտեմբեր 26,2009 00:00

\"\"Յուրաքանչյուրն՝ իր վերմակի չափով

«Հեյ, լավ մանրուք, ասեղ, հուլունք, մատնիք, մարջան, ապարանջան»: Մոտավորապես այսպիսի գովազդային արտահայտություններ Վանաձորում նախատոնական օրերին կարելի է լսել ամենուր՝ առեւտրականների շրջիկ մեքենաներից: Նրանք ընտրում են հատկապես բարձրահարկ շենքերի բակերը՝ «որքան բազմաբնակարան շենք, այնքան շատ մարդ ու այնքան աշխույժ առեւտուր» տրամաբանությամբ: Առեւտրականներն ստիպված են դիմել այս տարբերակին՝ թեկուզ Ամանորի նախաշեմին շուկայում բացօթյա առեւտուրն ընդլայնվում է: Առեւտրով զբաղվողները դժգոհ են այս տարվա ցուցանիշներից: «Ժողովրդի ձեռքին փող չկա, առեւտուր որտեղի՞ց լինի, էս անտեր ապրանքն էլ օր օրի թանկանում է, ամեն անգամ բերում են ավելացած արժեքով, ասեցին էս չափի տխիլը մոստում 2,8 է դարձել: Դե ասա, բա սա հիմա այստեղ քանի՞ս կարժենա»,- նկատի ունենալով 2800 դրամը, մի բուռ պնդուկ է ինձ մեկնում առեւտրականը:

Առեւտրի ծավալների անկումից դժգոհ են հատկապես քաղաքի ծայրամասային թաղամասերի խանութների աշխատողները. «Կենտրոնում ապրանքը միշտ էլ թանկ է լինում, հիմա էլ իբր ակցիա են անում, ձուն 40 դրամով են վաճառում, մեր խանութներում էս մի տարի է՝ էդ գինն է, այստեղից առնողն էլ ապառիկ է ուզում, որն էլ բազում խնդիրներ է առաջ բերում հարկային դաշտում»,- նկատեց մի խանութպան:

Բնակչությունն էլ իր հերթին է դժգոհում՝ առնվազն առեւտրականներից ոչ քիչ: Վանաձորցիների խոսքով, տարեցտարի վիճակն էլ ավելի է վատթարանում, բարձր գներն էլ թույլ չեն տալիս իրենց «սրտի ուզած» առեւտուրն անել: «Աչքդ շատ բան է տեսնում, բայց չես կարողանում առնել, էնքան որ երեխա ունես, մի բան անում ես, որ աչքը վրան չմնա»,- անկեղծանում է մի կին:

Այնուամենայնիվ, որքան էլ տրտնջան, չգիտես թե ինչ հնարքով, Ամանորը լի սեղաններով են դիմավորում: Ոմանց համար էլ լի սեղաններից զատ կարեւոր է գեղեցիկ զարդարված տոնածառ ունենալը: Վանաձորի Տարոն 2 թաղամասի 21-ամյա բնակչուհի Ամալյա Սիրունյանն արդեն երկրորդ տարին է գումար հավաքում տոնածառ ունենալու համար: Ինչպես ինքն է պատմում՝ անցած տարի ծնողները համոզել ու գումարի մի մասը վերցրել են Ամանորի գնումների համար, մնացած գումարով Ամալյան միայն խաղալիքներ ու այլ զարդեր է գնել, այս տարի նա վերջապես նոր տոնածառ ունի, որը դեկտեմբերի 15-ից արդեն զարդարված սպասում է Նոր տարուն ու Ձմեռ պապին:

Ամանորին նախօրոք են պատրաստվում նաեւ Լոռու մարզի 5 խոշոր քաղաքները՝ Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր: Քաղաքներում արդեն սկսվել են գլխավոր հրապարակների եւ եղեւնիների զարդարման աշխատանքները: Այս տարի Ալավերդիում, Սպիտակում ու Տաշիրում նույնիսկ երկու տեղ եղեւնի կզարդարվի:

Դեկտեմբերի 25-ից մինչեւ տարեվերջ տոնական բազում միջոցառումներ են նախատեսված նախադպրոցականների եւ դպրոցի ցածր դասարանցիների համար՝ թատերական ներկայացումներ ու նախակրթարանների ուժերով կազմակերպված միջոցառումներ: Ամանորի հրաշքներն ու հյուրերը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը, հատկապես սպասված կլինեն Սպիտակ քաղաքի՝ մինչեւ 10 տարեկան 30 հաշմանդամ երեխաների համար: Ծրագրերն այնպես են մշակված, որ միջոցառումներն իրար չխանգարեն եւ, որ ամենակարեւորն է, բոլոր երեխաները հրավիրատոմսեր ստանան, ու Ձմեռ պապն էլ նվեր բերի: Դպրոցի բարձր դասարանցիների համար որոշ համայնքներում պարահանդեսները կուղեկցվեն մրցույթներով, իսկ հաղթողներն արժեքավոր նվերներ կստանան: Կազմակերպիչները միայն մի մտահոգություն ունեն. կրթական հաստատությունների երկշաբաթյա հարկադիր հանգիստը կխանգարի միջոցառումներին, ինչպես հարկն է, պատրաստվելուն:

Տոնական զարդարված հրապարակներում համերգներ կազմակերպելն ու հրավառությամբ Նոր տարվա սկիզբը ազդարարելը Լոռիում ավանդույթ է դարձել, բայց Ալավերդիում հիշյալ տոնակատարությունը դեկտեմբերի 29-ին կկազմակերպվի: Ըստ կազմակերպիչների, ալավերդցիները վերջին օրը բան ու գործով տարված՝ դուրս չեն գալիս տներից:

Պատկերը մի փոքր այլ կլինի նաեւ Վանաձոր քաղաքում. բացի կենտրոնական հրապարակն ու եղեւնին զարդարելուց, կզարդարվեն նաեւ սպասարկման օբյեկտներին կից եղեւնիները, փողոցներում ավելի շատ լույսեր կլինեն: Ինչպես անցած տարիներին, տոնական հանդեսներ կներկայացնեն Վանաձորի պետական, դրամատիկական, «Բոհեմ» կամերային եւ տիկնիկային թատրոնները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել