Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՄԻՋԵՎ

Դեկտեմբեր 26,2009 00:00

Ի՞նչ են հուշում մեր պաշտոնյաներին Հայաստանին «մոտ կանգնած» աստղերը

\"\"

Որոշ գործիչներ շատ լուրջ են վերաբերվում հորոսկոպներին, նույնիսկ հատուկ մարդիկ են վարձում, որ աստղերին հետեւելով՝ փոխեն իրենց ճակատագրերի ընթացքը: Ոմանք էլ նման բաների չեն հավատում, որովհետեւ, ինչպես ասում են՝ աստղերը հուշում, բայց չեն պարտադրում: Այնպես որ, մեր պատրաստած այս նյութն էլ հումորային է, չնայած օգտվել ենք համացանցում եղած կանխատեսումներից:

«Առավոտը» ուսումնասիրելով ՀՀ, ԱԺ նախագահների, կառավարության անդամների կենսագրության «երեւացող» մի փոքր մասը, պարզեց, որ, օրինակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ծնվել են Ձիու տարում, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը Օձ են… տարով: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը՝ Ցուլ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ծնվել է Առնետի տարում, Առնետ է նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Կառավարությունում Վագրեր էլ կան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Տարով Շները երկուսն են՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան: Միակ Կատուն Արմեն Աշոտյանն է՝ ԿԳ նախարարը, միակ Վիշապը՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Կապիկի տարում են ծնվել առողջապահության եւ արտգործնախարարներ Հարություն Քուշկյանն ու Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տարով Վարազ է, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ Այծ:

Ինչ վերաբերում է գալիք՝ 2010 թվականին, այն Սպիտակ վագրի տարի է, 1000 ափսոս, որ ո՛չ կովկասյան: Մնում է մխիթարվել նրանով, որ մեր տնտեսական աճի ցուցանիշները, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի (տարով Այծ) բնորոշմամբ, պատմության մի ժամանակաշրջանում հիշեցրել են Կովկասյան վագրի թռիչքներ:

Կովկասյանին հանգիստ թողնելով, հավելենք, որ Սպիտակ Վագրի տարին իր իրավունքները կբանեցնի ոչ թե հունվարի 1-ից, այլ փետրվարի 14-ից, իսկ փետրվարին, ինչպես փորձը ցույց է տալիս, Հայաստանում արմատական եւ հեղափոխական փոփոխություններ են լինում:

Ըստ Արեւելյան հորոսկոպի, տարին բուռն է լինելու՝ ֆինանսատնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտներում զարգացումներով ու վայրիվերումներով պայմանավորված: Կանխատեսումների համաձայն, Վագրը համեմատաբար բարեհաճ կգտնվի Վիշապի, Շան, Այծի եւ Ցուլի համար, փաստորեն, Գ. Սարգսյանը, Հ. Աբրահամյանը, Գ. Դանիելյանը, Ա. Հարությունյանը եւ եւս մի քանի պաշտոնյա, կարող են թեթեւացած շունչ քաշել: Նույնը չի կարելի ասել առնետների ու կապիկների համար, նրանք ստիպված են լինելու դիմակայել ինչ-ինչ մարտահրավերների, չի բացառվում պաշտոնազրկում կամ աթոռի հերթական անգամ երերում՝ համապատասխան հետեւանքներով:

Մյուս կողմից էլ, քանի որ հայաստանյան հարափոփոխ իրականությունը շատ հաճախ չի «ենթարկվում» որեւէ կանխատեսման, ուստի հայերին «մոտ կանգնած» աստղերը խորհուրդ են տալիս առանձնապես անհոգ չլինել, եթե Արեւելյան հորոսկոպը ոմանց բարեհաճություն է խոստացել: Պատճառը այս անգամ հաստատ պետք է ոչ թե «դրսի մութ ուժերի», այլ մեր մեջ փնտրենք, որովհետեւ Հայաստանում իրավիճակը ցույց է տալիս, որ Արեւելյան հորոսկոպն ու Հայաստանի՝ «արեւմտյան» ձգտումները «գենետիկորեն» ուղղակի անհամատեղելի են:

Ամեն դեպքում, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել