Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսատուներն ու մենք

Դեկտեմբեր 26,2009 00:00

Ձեզ ենք առաջարկում այս թեստը, որի օգնությամբ կկարողանաք պարզել, թե որքան կրակոտ եք դուք, խորհրդավոր կամ…

Պատկերացրեք, թե կյանքը լույս է, իսկ մարդիկ մեզ են ներկայանում որպես լուսարձակող տարաբնույթ օբյեկտների բազմություն: Դուք պետք է ստորեւ նշված լուսատուներից ընտրեք այն մեկը, որը կնախընտրեիք լինել:

1. Ճենապակյա ջահ: 2. Լուսատտիկ: 3. Սեղանի լամպ: 4. Բոցավառվող ջահ: 5. Էլեկտրական լապտեր: 6. Հրավառություն: 7. Լուսարձակող պատուհան: 8. Տաք խարույկ: 9. Տնային օջախ: 10. Վառվող մոմ: 11. Բենգալյան կրակ: 12. Ամանորի եղեւնի։

Եվ այսպես՝ եթե կատարեցիք ձեր ընտրությունը, անցնենք մեկնաբանությանը:

1. Ճենապակյա ջահ.- Վառ անհատականություն եք, խստապահանջ՝ շրջապատողների հանդեպ, բայց ինքներդ էլ՝ անկախ իրավիճակից, միշտ բարձունքի վրա եք: Բնական է. ճենապակյա ջահը հնարավոր չէ թափթփված պատկերացնել. նա միշտ անթերի է հագնված: Իսկ ջահի հետ մտերմանալն այնքան էլ դյուրին չէ. նա նախընտրում է, որպեսզի իրենով հեռվից հիանան, եթե ջահը որեւէ մեկին հավանի, ապա այդ երջանիկի ռեյտինգն ու տրամադրությունը անմիջապես կթռչեն մինչեւ առաստաղ:

2. Լուսատտիկ.- Չափազանց ինքնուրույն է, լույս է տալիս այնժամ, երբ ինքն է ցանկանում՝ չսպասելով ոչ մեկի հրամանին: Ինքն է որոշում՝ որտեղ լինել ու երբ վառել լույսերը: Շփումներում ժլատ է, քանի որ բոլորին չէ, որ լույս է տալիս: Իսկ նրանց, ում հաջողվում է մտերմանալ լուսատտիկի հետ ու գրավել նրա վստահությունը՝ գնահատում են նրա անձի անկրկնելի հմայքը: Անգամ երեկույթների ժամանակ նա իրեն համեստ է պահում՝ պահպանելով իր եւ շրջապատողների միջեւ առկա պատնեշը:

3. Սեղանի լամպ.- Լայն աշխարհայացք ունեք, սիրում եք գրքեր կարդալ: Տոնական ընկերախմբում հետաքրքիր զրուցակից եք, լավ թիմակից՝ ինտելեկտուալ խաղերում: Անջատիչը հուշում է, որ սեղանի լամպի ինքնատիրապետումն ուժեղ է. սիրում է ապագայի հետ կապված ծրագրեր մշակել եւ ձգտում դրանք իրագործել՝ անկախ դժվարություններից: Չի ընդունում խաբեությունն ու ռիսկային նախաձեռնությունները: Նրա մոտ պակասում է անմիջականությունը, սակայն փոխարենը՝ շատ հուսալի է: Ոչ տոնական իրավիճակներում նա ստանձնում է բոլոր հարցերի շուրջ՝ անփոխարինելի խորհրդատուի դերը:

4. Բոցավառվող ջահ.- Աչքի է զարնում իր վառ բնույթով, զգայականությամբ. նրա մեջ ինչ-որ նախնադարյան բան է զգացվում, կրքերի ինչ-որ փոթորկում: Սիրում է խաղալ, հեշտությամբ է ռիսկի դիմում: Միօրինակությունն ու միապաղաղությունը նրա համար չեն: Առաջնորդվում է «եթե չի կարելի, բայց շատ ես ուզում, ուրեմն կարելի է» նշանաբանով: Ընդունակ է հերոսական արարքների, հնարամիտ է: Նրա ներկայությունը կենսունակություն կհաղորդի ընկերախմբին, սակայն եթե նա համակիրներ ունի, ապա զվարճությունը կարող է վտանգավոր ընթացք ունենալ՝ խախտելով խելամտության սահմանները:

5. Էլեկտրական լապտեր.- Ողջ երեկույթի ընթացքում նա կատարյալ դիտորդ է. միշտ մնում է ստվերում՝ չհավակնելով առաջնորդի դերին, բայց, միեւնույն ժամանակ, հենց նրա ուշադրությունն ու հետաքրքրությունն են խթանում շրջապատողներին՝ օգնելով նրանց բացվել շփումների համար: Էլեկտրական լապտերի առանձնահատկությունը անջատիչն է, որը թույլ է տալիս զսպել էմոցիաները եւ հասնել ինքնատիրապետման բարձունքներին: Իսկ սնուցման ավտոնոմ աղբյուրի առկայությունն ազատություն ու դատողությունների անկախություն է հաղորդում նրան:

6. Հրավառություն.- Անկախ տարիքից՝ նա հոգով երեխա է մնում. ինչ փորձություններ էլ թափվեն նրա գլխին, միեւնույն է՝ պահպանում է իր մանկական անմիջականությունն ու կյանքով ուրախանալու ունակությունը: Նրա էներգիան եւ լավատեսությունը գրավում են շրջապատողներին: Երբեք չի փորձում մարդկանց սովորեցնել, թե ինչպես պետք է ապրել. նրան նայելով՝ մարդիկ իրենք են հասկանում, որ ապրել պետք է՝ ոչ այլ կերպ, քան ուրախ: Նա բնածին թամադա է, իր շուրջը տոնական տրամադրություն ստեղծելով՝ բոլորին ստիպում է մոռանալ հոգսերը։

7. Լուսարձակող պատուհան.- Բնածին կազմակերպիչ եք՝ չնայած դուք ձեզ այդպիսին չեք համարում: Այդպիսին է ձեր կյանքի բնույթը. դուք բաց եք շփումներում, բազմաթիվ ծանոթներ ունեք, որոնց հետ մտերմիկ փոխհարաբերություններ ունեք: Դուք հաճույքով ընկերախումբ եք ընդունում նորեկներին եւ դրա շնորհիվ տարբեր մարդիկ հավաքվում են մեկ տոնական սեղանի շուրջ։ Լուսարձակող պատուհանն ավետում է սառած ճամփորդներին՝ կա մի տեղ, որտեղ հաճելի է նրանց ներկայությունը։

8. Տաք խարույկ.- Որպես արշավային ռոմանտիկայի ջատագով՝ երեկույթի գալով, երբեք չի մոռանում իր հետ վերցնել կիթառը: Նրա հետ անցկացված երեկոն միավորում է մասնակիցներին՝ նրանց հոգիներում վերածնելով հիշողությունները չկատարվածի մասին: Կյանքում հաջողության հասնելով՝ խարույկը մնում է պարզ ու բնական. նրան հնարավոր չէ մեղադրել մեծամտության մեջ: Մարդիկ նրա համար հետաքրքիր են՝ անկախ իրենց դիրքից:

9. Տան օջախ.- Տոնը կայացնում է նա, ով կնախապատրաստի, կհոգա ամեն ինչի մասին եւ ոչինչ չմոռանա: Նա իր ուսերին է վերցնում բոլոր հոգսերը, քանզի կարողանում եւ սիրում է դա անել: Նա ասում է. «Զգացեք ձեզ՝ ինչպես տանը», իսկ ինքը՝ տանը իրեն զգում է ինչպես աշխատավայրում, սակայն… սիրելի աշխատավայրում:

10. Վառվող մոմ.- Նրբանկատ ու կարեկցող անձ եք, զգալով մարդկանց տրամադրությունը՝ նրանց շուրջը ջերմության ու հարմարավետության մթնոլորտ եք ստեղծում: Այդ ամենը դրսեւորում եք միայն մտերիմների շրջանակում, քանի որ միշտ ձգտում եք խուսափել պաշտոնականությունից:

Համեստ եք, ձեզ հետ շփումը զարդարում է ձեր ընկերների կյանքը՝ հարստացնելով նրանց փոխհարաբերությունները։ Վայելելով ռոմանտիկ ընթրիքը՝ մոմի հետ, պետք չէ մոռանալ, որ նա նուրբ ու զգայուն էակ է, ունի հոգատարության ու քնքշանքի կարիք: Հիշե՛ք, մոմի հետ սխալ վարվելով՝ կարող եք հրդեհ առաջացնել:

11. Բենգալյան կրակ.- Կա՞ մեկը, որ բենգալյան կրակին չափից ավելի լուրջ ու չոր է համարում. նա սխալվում է: Լավ ընկերախմբում բենգալյան կրակը բացվում է ու կարող է պարզապես փայլել իր սրամտությամբ: Նրանք, ովքեր բենգալյան կրակի հետ մտերիմ շփման փորձ ունեն, չեն դադարում զարմանալ:

12. Ամանորի եղեւնի.- Դա իրականում ոչ թե բնավորություն է, այլ՝ հոգեվիճակ: Ամանորի շեմին նա ապրում է հրաշքի սպասումով: Շատերը նրան համոզում են, որ հրաշքներ չեն լինում, բայց նա, չգիտես ինչու, նրանց չի հավատում: Ոմանց թվում է, թե հենց տոնն է կերպարանափոխում եղեւնուն՝ տոնի շնորհիվ է նա դառնում գեղեցկուհի, բայց իրականում այդպես չէ: Իրականում հենց եղեւնին է դրա համահեղինակը՝ զգացմունքների առատությունից կիսելով շրջապատողների հետ իր սպասումներն ու չվատնված սերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել