Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ ՍԱՐՔ, ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐ

Հունվար 12,2010 00:00

Կամ Ակսել Բակունցի տուն-թանգարանի հոգսերը

\"\"Գորիսի Մաշտոցի փողոցի 41 տան հանրահայտ դարպասների առջեւ նույնքան հայտնի մի մեծ ընկուզենի կա: Այն տնկել է 6-ամյա Ակսել Բակունցը, հոր՝ Ստեփան դայու հետ միասին: Նախորդ դարի 40-ականներին, իբրեւ թե փողոցը բարեկարգելիս, ընկուզենու արմատները բացվում են, քաղաքի կոմունալ բաժինն էլ սղոց է բերում, որ ծառը կտրի: Գրողի մայրը՝ Բախչագյուլ տատը վրդովվում է, մեջքը դեմ տալիս, ասում՝ ինձ կտրեք, հետո՝ ծառը: Ընկուզենին արդեն 104 տարեկան է եւ մինչ այսօր ընտիր բերք է տալիս: Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Քաջիկ Դորունցը (Միքայելյան) «Առավոտի» հետ զրույցում իր աշխատանքային 41 տարիների ընթացքում չհիշեց դեպք, որ ծառը բերք չտար, միայն 2009-ին ուժեղ ցրտահարություն է եղել, ու գորիսեցիները ընկույզ չեն վայելել:

\"\"Փայտյա հին դարպասից ներս՝ Կոմիտաս է հնչում. օտարերկրացի զբոսաշրջիկներն են ձայնագրությունները նվիրել թանգարանին. Բակունցին հարազատ կոմիտասյան շունչը թանգարանում հաճախ է թեւածում: Բակունցի տուն-թանգարանը բացառիկ է նրանով, որ որեւէ բան այստեղ գնված չէ, ամեն ինչ նվիրատվություն է՝ հիմնականում Բակունցի հարազատներից: Տնօրենի խոսքով՝ դեռ 1967 թվականին էր կառավարությունը որոշել ստեղծել Բակունցի տուն-թանգարան, բայց կազմակերպող չէր գտնվել: Գրականագետներ Հրանտ Թամրազյանն ու Էդուարդ Ջրբաշյանն են հուշել իրենց նախկին ուսանողի թեկնածությունը, իսկ Սերո Խանզադյանն ու Բակունցի որդի Սեւադա Բակունցը՝ առաջարկել նրան ստանձնել թանգարանի տնօրինությունը: 2 տարվա ծանր նախապատրաստական աշխատանքից հետո 1970-ին թանգարանը բացվեց: Եվ քանի որ Բակունցին ժողովրդի թշնամի, «դաշնակցական, տրոցկիստ» էին համարում, հարազատները վախից ոչինչ չէին պահպանել, ավելին՝ շատերը փոխել էին իրենց ազգանունը՝ հալածանքների չենթարկվելու համար: Բակունցին ձերբակալելուց հետո եղբայրները հասկանում են, որ այլեւս հնարավոր չէ Հայաստանում ապրել, իրենց հորը խնդրում են, որ որեւէ տեղից փող գտնի երկրից հեռանալու համար: «Հայրը այգու մի մասը վաճառել էր, փողը տվել տղաներին, փախել էին Ռուսաստան: Հետո մայրը վշտից մահացավ, ունեցվածքի մյուս մասն էլ ուրիշին վաճառեցին»,- պատմում է Ք. Դորունցը: Հետագայում պետությունը ետ է գնում Բակունցի ունեցվածքը, եւ շենքը վերականգնվում է այնպես, ինչպես եղել է գրողի օրոք:

Բակունցի աշխատասենյակում է գտնվում Մ. Սարյանի նկարած Բակունցի մեծադիր նկարը, որը պահպանվել էր Բակունցի եղբոր մոտ ու հենց թանգարանի կազմակերպման շրջանում նվիրվել թանգարանին: Ք. Դորունցի պատմելով՝ չնայած Բակունցը 1926 թվականից արդեն Երեւանում էր ապրում, բայց ամեն ամառ ծնողներին էր այցելում, ստեղծագործում իր տնկած ծառերի հովի ներքո: 1935 թվականին Սարյանն է գալիս Գորիս, իմանալով, որ Բակունցը ծննդավայրում է, հյուրանոց մտնելուց առաջ հանդիպում է նրան, վերջինս արգելում է նկարչին հյուրանոցում բնակվել: 10 օր Բակունցն իր աշխատասենյակը տրամադրում է Սարյանին, նա նկարում է Գորիսի տեսարժան վայրերը: Ոգեւորված Բակունցի ծնողների նիստուկացով, սովորություններով, հյուրասիրությամբ՝ Սարյանը փորձում է Բախչագյուլ տատին եւս նկարել, բայց վերջինս դիմադրում է ու ասում. «Հուվ ա տեսալ՝ կին արմատը տղամարդու առաջ նստե, թե պատկերը քաշում են»: Մի կերպ են Բակունցն ու Սարյանը համոզում մամիկին նկարվել:

Թանգարանի տնօրեն, բանասեր Ք. Դորունցը պատմում է. «Սարյանը նկատել է Բակունցի ուրախությունը եւ անմիջապես ասել՝ Ակսե՛լ, մամայիդ նկարը քեզ եմ նվիրում: Մայրն էլ է նկատել որդու ուրախությունը, ասելով՝ «Սա՛նթրի (Գորիսում երկար անուններ չեն տալիս, օրինակ, Ալեքսանդրին փաղաքշանքով Սանթրի են անվանում- Լ. Խ.) քե՛ մատաղ, էնպես ես ուրխացալ, վունց որ Մարդիրուսը քեզ 2 փութ ոսկի ա նվիրալ»: Բակունցն էլ թե. «Մամա՛, ավելին են նվիրել, 2 փութ ոսկին կծախսվի, կգնա, էս նկարը դարեր պահպանվելու է»: Գրողի աշխատասենյակ-ննջասենյակում գտնվող վերնաշապիկը նրանից պահպանված միակ զգեստն է, որը Բակունցի 100-ամյակին են նվիրել թանգարանին: 30-ականներին Բակունցի հեռավոր ազգականներից մեկը՝ գյուղացի մի տղա՝ պատառոտված շորերով, տրեխներով փորձում է արհեստագործական ուսումնարան ընդունվել եւ իմանալով Ակսելի տան տեղը, այցելում է այն ժամանակ, երբ Բակունցը Չարենցի, Թոթովենցի, Դեմիրճյանի հետ նստած է լինում: Բակունցը ճանաչում է ազգականին եւ իր զգեստապահարանից տաբատ, 2 վերնաշապիկ ու կոշիկ է տալիս: Բակունցն այդ ժամանակ մեծ հեղինակություն ուներ, գրություն է գրում ուսումնարանի տնօրենին, անմիջապես ազգականին ընդունում են: Սակայն մի տարի անց, երբ Ալեքսանդրին ձերբակալում են, ազգականը իր ձերբակալումից խուսափելու համար ստիպված փախչում է Միջին Ասիա, Բակունցի նվիրած ոչ բոլոր իրերն են պահպանվում: «Վերնաշապիկներից միայն մեկն եմ ընդունել, որովհետեւ տեսել եմ՝ այդ մարդը, որ վարորդ էր, մյուս վերնաշապիկը հագել էր»,- նշում է մեր զրուցակիցը:

Տնօրենի խոսքով՝ այսօր թանգարանը այցելուների պակաս չունի, 2009-ի ճգնաժամը որեւէ ազդեցություն չի ունեցել: «Ամռանը աշխարհի բոլոր ծայրերից՝ Ավստրալիայից մինչեւ Կանադա, զբոսաշրջիկներ են գալիս»,- ասում է նա ու հավելում, որ թանգարանի վիճակն անմխիթար է ձմռանը. ջեռուցման միակ «աղբյուրը» էլեկտրական լամպն է: Մի կողմից անտանելի խոնավությունը, մյուս կողմից՝ ցուրտը Բակունցի ամեն մի մասունք ոչնչացման եզրին կարող են կանգնեցնել, իսկ Սարյանի եւ այլոց բացառիկ նկարները մինչ այսօր պահպանվել են տնօրենի սեփական ջանքերով: «Կանոնադրության համաձայն, թանգարանում 16 աստիճանից ցածր պիտի չլինի, բայց այստեղ ջերմաստիճանը մինուս անսահմանության է հասնում… ամեն ձմեռ նկարները հավաքում էի, տանում տուն, բայց նման բան էլ չեմ անի, որովհետեւ մարդիկ կան՝ մտածում են, թե սեփականում եմ դրանք: Ցավոք, խոնավության ու ցրտի պատճառով Նովիկովի, Սարյանի, Մարիամ Ասլամազյանի նկարները փչանում են… 40 տարի բավականին գրականություն է հավաքվել, գիտաօժանդակ ֆոնդ ունենք, որը հարկավոր էր թվայնացնել, բայց մի կոմպյուտեր էլ չկա»,- նեղսրտում է Ք. Դորունցը: Փոխարենը ՀԴՄ սարք է տեղադրված, որը թանգարանի տնօրենը հմտորեն օգտագործում է, ու բոլոր այցելուներին պարտաճանաչորեն կտրոն են տրամադրում: «Երբ գորիսեցիներն իմացան թանգարանում ՀԴՄ պետք է տեղադրվի, սկսեցին կատակել: Գորիսում մի գերեզմանափոր կա՝ Երջո են ասում: Գորիսեցիները կատակում են՝ Երջոյի բահի ծերին են ՀԴՄ դրել, ուր մնաց թանգարանում չդնեն»,- դժվարություններին փորձում է հումորով վերաբերվել Ք. Դորունցը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել