Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒԿԱ՞Ն Է ԼՍԱՐԱՆ ԹԵԼԱԴՐՈՒՄ

Հունվար 12,2010 00:00

Երաժիշտները մտահոգված են

\"\"\"\"

Երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը Ամանորի հեռուստաեթերից հերթական անգամ հիասթափվել է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտը դժգոհեց, որ երաժշտական ծրագրերը եթերում չափից շատ են. «Գերակշռում է ռեստորանային, ցածրաճաշակ եւ ցածրորակ երաժշտությունը, անթույլատրելի է եթերն ամբողջովին լցնել այդ կարգի երաժշտությամբ, որովհետեւ այլ կարգի երաժշտություն սիրող մարդկանց համար այլ տարբերակ չի մնում»: Ամանորի եթերից առանձնապես գոհ չէ նաեւ երաժիշտ Մարտին Ահարոնյանը. «Ես էլ եմ կողմնակից, որ Նոր տարվա եթերում պետք է գերակշռի ուրախ, ռիթմային երաժշտությունը, բայց խոսքս ցածրաճաշակ երաժշտության մասին չէ, ինչն էլ մեր օրերում խրախուսվում է, նախկինում հեռուստառադիոեթերով արգելված երաժշտությունը հիմա մեծ մասշտաբներով պրոպագանդվում է եւ լսարանին պարտադրում: Մենք ունենք բազմաժանր երաժշտություն, որն այսօր չի հնչում, գործիքային երաժշտությունը հայտնվել է վերջին տեղում, միայն հազվադեպ կարելի է լսել դուդուկի եւ կլառնետի հնչյունները»: Տիկին Պիպոյանը երկու պատճառ է տեսնում. «Կամ ուղղակի հեշտ ճանապարհով են գնում՝ որպես ուղեցույց ընտրելով «շուկան է թելադրում լսարանը» գաղափարը՝ մոռանալով, որ հեռուստատեսությունը կրթելու եւ պրոպագանդելու լավագույն միջոցն է, կամ էլ կարելի է ենթադրել, որ դա միտումնավոր են անում»: Լ. Պիպոյանի համոզմամբ, Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ պետք չէ նոր աստղեր փնտրել. «Մենք տարին ենք վերանայում, գնահատականներ ենք տալիս, արժեւորում ենք եւ գոնե այդ ժամանակ կարելի է մեջտեղ բերել արժեքավորը, զտել եւ ներկայացնել տարվա լավագույնը»: Երաժշտին զարմացնում է ու նաեւ մտահոգում, որ իրեն եւ իր սերնդի այլ բարձրակարգ երաժիշտներին չեն հրավիրում Ամանորի տոնակատարություններին մասնակցելու, նույնիսկ խորհուրդ չեն հարցնում: Պարոն Ահարոնյանին էլ զարմացրել է վերջերս Լոս Անջելեսում տեղի ունեցած մրցանակաբաշխությունը. «Անհասկանալի է, թե ի՞նչ կարգով էին ընտրվել լավագույն տեսահոլովակները կամ երգիչ- երգչուհիները, հեռուստաեթերում նույնիսկ մեկ անգամ չցուցադրված տեսահոլովակն էլ համարվեց լավագույն»: Տիկին Պիպոյանն էլ չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է հայկական երաժշտության մրցանակաբաշխությունը տեղի ունենում Լոս Անջելեսում. «Ես կատեգորիկ դրան դեմ եմ… Ինչո՞ւ հայկական երաժշտությունը պետք է գնահատեն այն մարդիկ, ովքեր հեռացել են Հայաստանից՝ մի կտոր հացը երկու դարձնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել