Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ՝ ՍԿՍՎԵՑ ԵՎ ԱՎԱՐՏՎԵՑ

Հունվար 13,2010 00:00

Երեկ ժ.11-ին ՀՀ սահմանադրական դատարանը սկսեց ՀՀ նախագահի դիմումի հիման վրա  2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցով գործի քննությունը:
ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ գործով զեկուցողը ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանն է: Նախագահի պաշտոնական ներկայացուցիչն էր ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը:
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերի առանձնահատկությունը, դատարանը որոշել էր, որ գործի քննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով (այսինքն՝ միմյանց հետ «կառճակատվեն» պաշտոնական փաստաթղթերը):
ՍԴ նախագահն իր գործընկերներին տեղյակ պահեց նաեւ, որ նախորդ օրվա վերջին ՍԴ-ի մոտ տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք, եւ հանրահավաքի ներկայացուցիչները ՍԴ-ին են ներկայացրել իրենց գրավոր նկատառումներն արձանագրությունների եւ պարտավորությունների հետ կապված: «Ես արդեն հասցրել եմ ծանոթանալ դրանց, բաժանել եմ ՍԴ բոլոր անդամներին, համոզված եմ, որ ՍԴ անդամները կծանոթանան դրանց՝ խորհրդակցության ժամանակ իրենց իրավական դիրքորոշումները հստակեցնելու առնչությամբ»,- հավելեց Գ. Հարությունյանը:
Զեկուցող Վ. Հովհաննիսյանն իր հերթին հավաստիացրեց, որ գործում առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
ՍԴ-ն անցավ դռնփակ խորհրդակցության՝ որոշում կայացնելու համար:
«Սա այն հարցն է, որն ունի բացառիկ կարեւորություն: Բոլոր փաստաթղթերը, որոնք ստացել է ՍԴ-ն, հաշվի կառնվեն»,- ասաց ՍԴ նախագահը:
ԱԺ պատգամավոր (ՀՅԴ խմբակցություն) Արմեն Ռոստոմյանը «Առավոտի» հարցին, թե նախորդ օրվա հանրահավաքից հետո՝ գիշերը իրենց տարածած նամակը չի՞ դիտվի անուղղակի ճանապարհով ձեռք բերված ապացույց, չի՞ շահարկվի դա «ՍԴ-ն քաղաքական մարմին չէ» համատեքստում, պատասխանեց. «Փաստարկներ են բերվել, գրավոր փոխանցվել են: Իրավական գնահատման իրավունքը ՍԴ-ինն է: Հաշվի չառնելը՝ կլիներ սխալ: ՍԴ-ն շատ ճիշտ է վարվել, որովհետեւ նա պարտավոր է բոլոր տեսակետները լսելով, բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ վճիռ կայացնել: Դա ողջունելի քայլ է, պրակտիկա է, որ մյուս դեպքերում էլ, երբ հարցը լայն հնչեղություն ունենա, ՍԴ-ն վարվի նույնկերպ: Մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ն, այդ փաստարկները հաշվի առնելով, անհամապատասխան ճանաչի կամ մասամբ անհամապատասխան ճանաչի: Եթե, այնուամենայնիվ, ճանաչի Սահմանադրությանը համապատասխան, մենք ԱԺ-ում մեր պայքարը շարունակելու ենք, հասնելով նրան, որ այդ տեսքով չվավերացվեն արձանագրությունները»: 
Նույն հարցին հանրապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը պատասխանեց այսպես. «ՍԴ-ն, ինչպես ցանկացած պետական ինստիտուտ, պետք է գործի ՀՀ սահմանադրությանն ու օրենքին համապատասխան: Չլինելով իրավաբան, կարծում եմ, որ դատարանի նախագահը հակաօրինական բան իրեն թույլ չի տվել, որովհետեւ մեր ընդդիմադիր գործընկերները հանրահավաքից հետո ներկայացրել են փաստարկներ, որոնք ոչ թե քաղաքական են, այլ՝ իրավական: Շատ նորմալ է, երբ ՍԴ-ն հաշվի է առնում այդ կարծիքները, կցում է գործին, ավելի համակողմանի ծանոթանում բոլոր կարծիքներին:
Ի վերջո, հայ-թուրքական հարաբերությունների հարցը շատ կարեւոր է, բավականին զգայական խնդիր է մեր ժողովրդի համար, եւ շատ եմ կարեւորում, որ ՍԴ նախագահը հայտարարեց, որ գործին կցել է ՀՅԴ եւ քաղաքական տարբեր ուժերի կողմից իրենց տրված փաստերը: ՍԴ-ն կգործի միայն օրենքին համապատասխան: Եթե ՍԴ-ն հաշվի չառնի փաստարկները, դա ավելի լուրջ շահարկման առիթ կդառնա»:
«Ժառանգության» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Առավոտի» նույն հարցի կապակցությամբ ասաց. «ՍԴ-ն չի կցել գործին հանրահավաքի մասնակիցների նամակը: Չեմ տեսնում արտասովոր բան, երբ ՍԴ նախագահն ասաց, որ ընդունել է նամակը: Խոսքը վերաբերում է նրան, որ այս ամիսների ընթացքում ՍԴ-ում ստացվել են բազմաթիվ գրություններ, որոնք նույնպես դրված են դատավորների խորհրդակցական սենյակում, եւ դատավորներն իրենք հնարավորություն կունենան ծանոթանալու դրանց»:

Մնաց պահեստային մեկ տարբերակ. Ազգային ժողովը
ՀՀ քաղաքական կուսակցությունների տրված փաստաթղթերը, դիտարկումները, տեսակետները տեղ չգտան երեկ հրապարակված որոշման մեջ: Ժ.16-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց ՍԴ որոշումը: ՍԴ անդամներից վատառողջ էր Ռաֆայել Պապայանը, այդ իսկ պատճառով որոշման հրապարակման պահին նա նստած էր:
ՍԴ-ն գտավ, որ հիշյալ արձանագրությունը եւ ՀՀ ստանձնած պարտավորությունները համապատասխանում են հայրենի Սահմանադրությանը, մեր պետության Անկախության Հռչակագրին: ՍԴ-ն իր որոշման նկարագրական բաժնում բավական զգուշավոր բառակապակցություններ էր օգտագործում: Մասնավորապես, նշեց, որ «ՍԴ-ն նախնական վերահսկողական կարգով» է քննում իրեն տրամադրված փաստաթղթերը, որ արձանագրությունները ենթակա են վավերացման ԱԺ կողմից, նաեւ տեղեկացրեց, որ ուսումնասիրված արձանագրությունները ստորագրել են ԱԳ նախարարները: Նա ակնարկեց, որ երկու հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, այդ իսկ պատճառով առաջացել են իրավապայմանագրային խնդիրներ: «Թեեւ երկու արձանագրությունները ձեւական տեսակետից առանձին փաստաթղթեր են, սակայն դրանց կարգավորման առարկաները փոխկապակցված են, փոխլրացնող, կապված են միմյանց կատարվող նորմերով: Փոխադարձ պարտավորությունները նույնպես փոխկապակցված են: Դրանց վավերագրերը փոխանակվելու են միաժամանակ, ուժի մեջ են մտնելու միեւնույն օրը»,- ասաց Գ. Հարությունյանը: Ի դեպ, խիստ զգուշավոր արտահայտություններով  ակնարկվեց նաեւ, որ ստանձնած փոխադարձ պարտավորություններն ունեն միջպետական բնույթ եւ «չեն կարող վերագրվել մի 3-րդ կողմի»:
ՍԴ նախագահը փաստեց, որ հիշյալ արձանագրություններն առաջին քայլն են հետագա գործողությունների համար: Մասնավորապես՝ սահմանի բացման, պատմական-մշակութային արժեքների պահպանման, երկկողմ իրավական դաշտի ստեղծման:
Հրապարակումից հետո լավատեսորեն տրամադրված դահլիճը «ամոթ, ամոթ» վանկարկեց, իսկ Գ. Հարությունյանը հեռանալիս ասաց. «Կարդացեք, նոր գնահատական տվեք»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել