Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորը՝ Կապանում

Հունվար 13,2010 00:00

2010 թվականը կապանցիները դիմավորեցին առանց սպասված ու այդպես էլ չտեղացած ձյան, բայց դա ամենեւին էլ նրանց չխանգարեց Ամանորը նշել տոնական բարձր տրամադրությամբ ու նոր ակնկալիքներով:

Բնականաբար, յուրաքանչյուրն Ամանորը նշեց իր ընտանիքում՝ ավանդույթի համաձայն: Բնականաբար, Ամանորի գիշերվան ամենաշատը սպասում էին մանուկները, անհամբեր՝ տեսնելու ու վայելելու Ձմեռ պապի նվերները: Իսկ մեծերը թեւեւ վաղուց Ձմեռ պապերին չեն հավատում, բայց եւ սպասելիքներ ունեին Նոր տարուց եւ Ամանորից: Բազմաթիվ խնդիրներով ու դժվարություններով հագեցած 2009 թվականը ճանապարհելիս բոլորն են նոր հույսերով ու լավատեսությամբ լցվում: Եթե մանուկներն իրենց նվերները ստանալուց հետո արդեն հանգիստ ու ուրախությամբ Ամանորը դիմավորելուց հետո անհոգ պատրաստվեցին քնելու, ապա երիտասարդությունն ամենեւին էլ քնելու մտադրություն չուներ եւ տոնական օրը շարունակեց քաղաքում, որտեղ նրանց համար Կապանի մշակույթի կենտրոնը Ամանորի միջոցառումներ էր կազմակերպել: Ամեն քայլափոխի «Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ» շնորհավորական խոսքերն ու բազմաթիվ մաղթանքներն էին լսվում: Իրար շնորհավորում էին բոլորը. ծանոթ-անծանոթ, ընկեր-բարեկամ, հարեւան-հարազատ, պարզապես համաքաղաքացի:
Ամանորի նախօրեին Կապանի մշակույթի կենտրոնում նորոգվելուց ու բոլորովին նոր տեսք ստանալուց հետո տասնամյակներ անց կրկին վերագործարկվեց կինոդահլիճը, որտեղ այսուհետեւ կապանցիները հնարավորություն կունենան կինոցուցադրումներ վայելել:
Ծննդյան տոներին Կապանի երիտասարդների ժամանցի հիմնական վայրը, սրճարաններից բացի, քաղաքի կենտրոնն է, որտեղ եւ կանգնած է քաղաքի կենտրոնական տոնածառը՝ զարդարված տոնական լույսերով ու խաղալիքներով եւ հատկապես գեղեցիկ է երեկոյան ժամերին: Այս տարի տոնական շունչ էր ստացել նաեւ Կապանի քաղաքապետարանի մերձակա այգին: Կապանը միշտ էլ գեղեցիկ է եղել, բայց այս օրերին էլ ավելի է գեղեցկացել ու տոնական տեսք ստացել լույսերով զարդարված զբոսայգիներով: Քաղաքի ոչ բոլոր պուրակներն էին զարդարված, ուստի Ծննդյան տոներին ամենամարդաշատը հենց Ամանորի շունչ ստացած զբոսայգիներն էին:
Գեղեցիկ ու հաճելի այլ իրողություն էլ կար Կապանում. Ձմեռ պապն ու Ձյունանուշը ձիերով լծված կառքով շարունակ շրջում էին քաղաքի փողոցներով ու իրենց հետ զբոսանքի տանում ոչ միայն մանուկներին, այլեւ՝ երիտասարդներին: Տոնի հերոսների հետ զբոսնելու ցանկություն ունեցողների պակաս չկար:
Նախատոնական գնումներից մինչեւ տոնական օրերին հյուր գնալն ու հյուր ընդունելը կապանցիների ամեն տարվա վերջին օրերի զբաղմունքն է: Նոր տարին, ընդհանրապես, կապանցիների ամենասիրած տոնն է, ուստի փորձում են մոռացության մատնել եւ կտրվել առօրյա հոգսերից՝ հնարավորինս ուրախ վայելելու տոնական օրերը:
Վագրի տարուց նոր ակնկալիքներով՝ Կապանը ճանապարհեց Ցուլի տարին: Բոլորն էլ գուցե տարբեր ձեւակերպումներով եւ արտահայտություններով, բայց նույն ցանկությունն ունեին: Թող 2010 թվականը ամենեւին էլ նման չլինի ճգնաժամային 2009-ին, թող 2010 թվականը լի լինի բազում հաջողություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել