Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնունդների աճ՝ Գյումրիում

Հունվար 13,2010 00:00

\"\"Ամփոփելով անցնող տարին, Շիրակի մարզկենտրոն Գյումրու ծննդատունը արձանագրում է, որ ինչպես անցած տարիներին, այս տարի եւս չի գրանցվել ոչ նորածինների, ոչ էլ մայրերի մահացության որեւէ դեպք եւ, ի հավելումն, աճել է ծնունդների քանակը: Եթե 2008-ին ծնվել էր 1280 երեխա՝ 732 տղա, 548 աղջիկ, ապա այս տարի 1534 երեխա՝ 837 տղա, 697 աղջիկ:
Գյումրու ծննդատանը այս տարվա սկզբից գործում է «Մայրության դպրոցը», ուր ապագա մայրերը ծանոթանում են փոքրիկի նախածննդյան եւ հետծննդյան օրերի, խնամքի հետ կապված հարցերի մանրամասներին: Սրանից բացի, ծննդատունը մարզի հեռավոր համայնքներում՝ Աղին, Սառնաղբյուր, Ախուրիկ, Պեմզաշեն, Ամասիա, Բերդաշեն, Բանդիվան, Գառնառիճ, կազմակերպում է «բաց դռների օրեր»՝ կանանց վերարտադրողական առողջության կանխարգելիչ ստուգումների նպատակով:
2010 թվականն էլ հուսադրող վիճակագրությամբ է սկսվել: Հունվարի 1-ին, ժամը 1.35-ին «Գյումրու ծննդատուն»  ՓԲԸ-ում գրանցվել է առաջին մանկան ծնունդը, աղջիկ, քաշը՝ 2 կգ 300գ: Երկրորդը՝ ժամը 3.15-ին լույս աշխարհ են եկել երկվորյակ տղաներ՝ 4կգ 300գ եւ 3կգ 300գ: Իսկ ընդհանուր առմամբ «Գյումրու ծննդատուն»  ՓԲԸ-ում հունվարի առաջին երեք օրերին գրանցվել է 9 ծնունդ, 10 երեխա, 4 աղջիկ, 6 տղա: Բոլորն էլ առողջ դուրս են գրվել ծննդատնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել