Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանվել է իրանցի գիտնականը

Հունվար 13,2010 00:00

\"\"Երեքշաբթի օրը իր տան մոտ սպանվել է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, միջուկային ֆիզիկայի մասնագետ Մասուդ Ալի Մոհամմադին: Իրանական անգլալեզու «Press TV» հեռուստակայանի մատուցմամբ, նա դարձել է ահաբեկչության՝ ռումբի պայթյունի զոհ այն պահին, երբ նստելիս է եղել իր ավտոմեքենան: «Իսլամական հեղափոխության նվիրյալ» գիտնականը սպանվել է իր մեքենայի հարեւանությամբ կայանված մոտոցիկլին ամրացված եւ, ըստ ամենայնի, հեռակառավարվող պայթուցիկ սարքի գործարկման հետեւանքով: Պայթյունի հետեւանքով ջարդվել են նաեւ Մոհամմադիի տան բոլոր ապակիները: «Al Jazeera»-ի փոխանցմամբ, գիտնականը, հնարավոր է, որ առնչություններ է ունեցել Արեւմուտքին այդքան մտահոգող իրանական միջուկային ծրագրի հետ: Աղբյուրի ասելով, Իրանի պաշտոնատար անձինք, որոնք այս պահին նախընտրել են չնշել իրենց անունները, չեն բացառել, որ մահափորձը կարող էր կապված լինել նրա մասնագիտական գործունեության հետ: Թե ով է այդ սպանության պատասխանատուն՝ տակավին հայտնի չէ, թեեւ Թեհրանում հակված են այն համարել «օտարերկրյա հատուկ ծառայությունների ձեռքի գործը»: Մյուս կողմից, ինչպես «Reuters»-ն է շեշտում, սպանությունը կատարվել է Իրանում նախագահական վիճելի ընտրություններից հետո ստեղծված լարվածության շրջանում:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Իրանի իշխանությունները սովորաբար ջանում են ապահովել իրենց՝ միջուկային ծրագրերի հետ առնչություններ ունեցող գիտնականների անվտանգությունը, որովհետեւ հենց այդ մակարդակի մասնագետներն են, որ օտարերկրյա հետախուզության համար ակնհայտ թիրախներ են դառնում: Իհարկե, իրանցի պաշտոնատարները խոստովանել են, որ ապահովել այդ մարդկանց անվտանգությունը՝ միշտ չէ, որ հաջողվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել