Լրահոս
Օրվա լրահոսը

«Այբբենարանը» խլել են աշակերտից

Հունվար 14,2010 00:00

Օրերս «Առավոտը» դժգոհություն ստացավ Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցի ծնող-պապիկ Աշոտ Սուքիասյանի կողմից: Նա մտահոգված էր, թե ինչու են իր թոռնիկի ձեռքից դպրոցում վերցրել «Այբբենարանը»: Պապիկի փոխանցմամբ՝ իր թոռնիկը Հայաստան է եկել ԱՄՆ-ից, եւ երեխայի ծնողները որոշել են նրան տանել հայաստանյան դպրոց: Երեխան որոշ ժամանակ սովորել է թիվ 59 դպրոցում, ստացել առաջին դասարանցիներին տրվող բոլոր դասագրքերը: Սակայն հանգամանքների բերմամբ՝ երեխան կրկին վերադարձել է ԱՄՆ, բայց մինչ այդ դեռ հասցրել էր «Այբբենարանում» անել առաջին դասարանցու՝ իր առաջին նշումները: Եվ ահա դպրոցում հայտնել են, որ պետք է գիրքը վերադարձվի դպրոցին, այլապես տեղեկանք չեն տա երեխային:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Սուքիասյանը նեղսրտեց. «Թոռնիկս շատ էր տխրել, որ իր «Այբբենարանը» ձեռքից վերցրել էին: Իհարկե, մենք կարող էինք նրա համար այլ «Այբբենարան» գնել, սակայն փոքրիկը կապվել էր հենց այդ գրքի հետ, քանի որ դա նրա առաջին դասագիրքն էր, նա այնտեղ բազում նշումներ էր արել»: «Առավոտը» ԿԳՆ-ից տեղեկացավ, որ ըստ կարգի՝ առաջին դասարանցիներին բոլոր դասագրքերը նվեր են տրվում, եւ դպրոցից իրավունք չունեն այդ գրքերից որեւէ մեկը հետ պահանջել: Իսկ Հ. Պարոնյանի անվան դպրոցի հետ մեզ այդպես էլ չհաջողվեց կապվել, քանի որ անջատված էին կրթօջախի բոլոր հեռախոսահամարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել