Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնությունն ավարտեցին հինգերորդ տեղում

Հունվար 14,2010 00:00

\"\"Երեկ Բուրսայում ավարտվեց շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին մասնակցող 10 ուժեղագույն հավաքականների մեջ էր նաեւ Հայաստանի ընտրանին:
Վերջին տարիներին FIDE-ի հովանու ներքո անցկացվող ամենաբարձրակարգ մրցումներում որպես կանոն հաղթող դարձած մեր հավաքականն այս անգամ բավարարվեց 5-րդ տեղով, ինչը, կարծում ենք, չի բավարարում հայաստանցի շախմատասերների պահանջները: Սակայն պետք է գիտակցել, որ միշտ առաջինը դառնալ հնարավոր չէ: Հատկապես մարաթոնյան նման բարձր մակարդակ ունեցող մրցաշարում կարող են լինել նաեւ «սայթաքումներ»: Ու դա օրինաչափ երեւույթ է:
Եզրափակիչ՝ 9-րդ տուրում մեր թիմի մրցակիցը Եգիպտոսն էր, որի նկատմամբ Հայաստանը համոզիչ առավելության հասավ 3:1 հաշվով: Հաղթանակ տոնեցին Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Արման Փաշիկյանը: Ցավոք, Տիգրան Պետրոսյանն այս անգամ էլ հանդես եկավ իր իրական հնարավորություններից ցածր:
Զուտ մարզական ցուցանիշի տեսանկյունից 5-րդ հորիզոնականը մեզ, իրոք, արդեն չի գոհացնում: Սակայն եկեք իրատես լինենք: Անցկացրած ինը հանդիպումներում մեր շախմատիստները միեւնույն՝ 2,5:1,5 հաշվով պարտության մատնեցին շախմատային այնպիսի հզոր գերտերությունների, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Իսրայելը (Թուրքիան, Բրազիլիան եւ Եգիպտոսը չենք հաշվում), ոչ-ոքի խաղացին Բուրսայում ի վերջո չեմպիոն հռչակված Ռուսաստանի եւ բրոնզե մեդալակիր դարձած Հնդկաստանի հետ: Եվ միայն մեկնարկային տուրում Ադրբեջանից եւ 6-րդում Հունաստանից կրած անակնկալ պարտությունների պատճառով հանգրվանեցին մրցաշարային ամփոփիչ աղյուսակի 5-րդ հորիզոնականում: Այնպես որ, ստեղծագործական առումով մեր տղաների մրցելույթն աշխարհի թիմային այս առաջնությունում միանգամայն բավարար կարելի է համարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել