Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՅՏՆՎԵԼՈՎ՝ ՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԵՆ «ՓՉԱՆՈՒՄ»

Հունվար 14,2010 00:00

Հոգեբան Արման Առաքելյանը գտնում է, որ կալանավայրերում հանցագործների հետ ուղղիչ աշխատանք չեն տանում, դրա համար էլ նրանք դառնում են կրկնահանցագործներ:

Վերջերս «02» հաղորդաշարով ցուցադրում էին, թե ինչպես է մի մարդ բանտից դուրս գալուց ընդամենը մի քանի օր հետո գետնանցումում մի երիտասարդ տղայի սպանել: Երբ նրան հարցրին, թե ի՞նչն է դրդել սպանություն կատարելուն, նախկին դատապարտյալը ամենայն սառնասրտութամբ պատասխանեց. «Երբ տեսա էդ տղուն, իմ մեջ ասի՝ ես սրան պտի խփեմ: Մի քիչ էլ գինովցած էի ու… մի քանի տեղից դանակահարեցի»: Սա ակնհայտ ապացույցն է այն բանի, որ հայաստանյան կալանավայրերում հոգեբանի հաստիքը զբաղեցնում են պատահական մարդիկ, որոնք տարիների ընթացքում ոչ մի լուրջ աշխատանք չեն տանում հանցագործի՝ գողանալու, թալանելու, սպանելու հոգեբանությունը փոխելու համար: Դրա համար էլ մեր երկրում այդքան մեծ թիվ են կազմում կրկնահանցագործությունները:
«Առավոտի» հետ զրույցում Հոգեբանական ազդեցության ուսումնասիրությունների հետազոտական կենտրոնի նախագահ Արման Առաքելյանը կարծիք հայտնեց, որ բանտերում հոգեբանները հանցագործների աշխարհընկալումը փոխելու համար պետք է նախեւառաջ նրանց համար վստահելի հեղինակություն լինեն, որպեսզի նրանք ցանկանան աշխատել հարգված, բանտում իր դիրքն ունեցող հոգեբանի հետ եւ փոխվել. «Այսօր կալանավայրում հոգեբան աշխատելու համար նայում են, թե նա որ ինստիտուտն է ավարտել, մինչդեռ պետք է թղթից բացի հաշվի առնեն նրա մասնագիտական փորձը: Պատահական չէ «ուղղիչ աշխատանքային գաղութ» հասկացությունը, հոգեբանը եւ ոչ միայն նա՝ սոցիալական աշխատողը, բժիշկը, պետք է բոլորը միասին այնպես անեն, որ բանտ ընկած մարդը ուղղվի՝ նոր դուրս գա հասարակություն: Բայց մեզ մոտ չկա դա, չեն ուղղվում, ինչ աշխարհընկալմամբ մտնում են բանտ, այդպես էլ դուրս են գալիս ու նոր հանցանք կատարում»:
Հաճախ բանտը դառնում է հանցագործության կատարելագործման դպրոց, ոչ թե ուղղիչ քրեակատարողական հիմնարկ: Կա այսպիսի արտահայտություն՝ «մարդը ընկավ բանտ՝ փչացավ»: Ըստ մեր զրուցակցի, բանտային կյանքն իսկապես ինչ-որ կերպ փոխում է մարդկանց հոգեբանությունը: Դատապարտյալը առավոտյան ժամը 7-ին արթնանում է ու մինչեւ գիշերվա 11-ը շփվում է նույն մարդկանց հետ: Եթե մենք ընտրում ենք ում հետ շփվենք, ում հետ՝ ոչ, նրանք չեն կարող ընտրել իրենց շրջապատին: Եթե նույնիսկ յուրաքանչյուր դատապարտյալի համար մեկական հոգեբան, սոցիալական աշխատող պահեն, դարձյալ չեն կարող դատապարտվածներին հետ պահել մյուս հանցագործերի հետ շփումից եւ, այսպես ասած՝ փչանալուց: Իսկ հանցագործություն կատարած մարդկանց խոսակցության թեման միշտ չէ, որ գրքերն են կամ ինտելեկտուալ այլ թեմաները: Նրանք հաճախ խոսում են իրենց կատարած արարքների մասին: Այդ առումով բանտը կարող է նոր հանցագործությունների պլանավորման, դրանց կատարման տեխնիկայի կատարելագործման, ոչ թե ուղղման դպրոց լինել: Շատ մարդիկ, որոնք աֆեկտի մեջ ինչ-որ հանցանք են կատարել ու հայտնվել ճաղերի ետեւում, արդեն իրենց կյանքի վրա խաչ են քաշել, որովհետեւ բանտում նրանք 24 ժամ շփվելով իսկական հանցագործ աշխարհի հետ՝ ակամայից դառնում են հանցագործներ ու ազատության մեջ այլեւս իրենց տեղը չեն գտնում: Հենց այդտեղ է, որ հոգեբանները պետք է աշխատեն նրանց հետ, օգնեն, որ ազատության մեջ հեշտ ադապտացվեն հասարակությանը: Ըստ հոգեբանի, այժմ հասարակությունը փոխվել է եւ առավել պատրաստ է նախկին դատապարտյալին իր շարքերն ինտեգրելու հարցում. «Նախկինում հրաշքի պես մի բան կլիներ, եթե դատապարտվածություն ունեցող անձին աշխատանքի ընդունեին, իսկ հիմա գործատուն հաշվի է առնում միայն մարդու կարողություններն ու ըստ այդմ նրան աշխատանք տալիս: Սա հաշվի առնելով՝ պետությունը պետք է ամեն ինչ անի՝ կալանավայրում գտնվողներին տեղեկատվությամբ, ուսումով ապահովելու համար»:
Արման Առաքելյանը գտնում է, որ քրեակատարողական հիմնարկներում անհրաժեշտ է տեղադրել համակարգիչներ ու հատուկ մշակված ծրագրերի միջոցով այնպես անել, որ կալանավորված երիտասարդները հեռակա ուսում ստանան. «Մեր պետությունը դրանից միայն կշահի, որովհետեւ այդ երիտասարդները, որոնք իրենց կյանքի մեծ մասը ճաղերի ետեւում են անցկացնում, այլեւս չեն կարող իրենց ճիշտ դրսեւորել կյանքում, ուսումը նրանց կօգնի, որ գոնե բանտից դուրս գալուց հետո կարողանան աշխատանք գտնել, իրենց քրտինքով հաց վաստակել, հակառակ դեպքում նրանք նորից փորձելու են հանցավոր ճանապարհներով գումար վաստակել, ինչ-որ մեկի կյանքին վնաս տալ, թալանել ու կրկին հայտնվել բանտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել