Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՄԵԶ

Հունվար 16,2010 00:00

\"\"Արվեստը տարբեր հարթություններ է ունենում:Երեկվա հարցերին պետք էր երեկ պատասխանել:

Երբ ուզում ես չափանիշ ունենալ, մտածիր չափանիշի չափանիշի մասին:

Ինչո՞ւ եւ ե՞րբ են մարդիկ փշրում հայելիները:

Դուք սիրո՞ւմ եք ձեր քաղաքը:

Իսկ դուք պատրա՞ստ եք ճշմարտության: Ոչ ապրիորի: Ոչ համամարդկային: Ոչ անբեկանելի: Պարզապես ճշմարտության:

Պարբերաբար որեւէ արվեստագետ հավաքում է իր մեջ իր ժողովրդի անցած ժամանակների ու ապրած օրերի ամբողջ անելքությունը, անօգնականությունը, հզորությունն ու խելառությունը, պատուպատ խփվելով իմաստի ու նպատակի որոնումները, տեր լինելու ու ապրելով ապրելու երազները, հավաքում է, զտում հարդը ցորենից, որոմը հացից ու ամալգամ դարձրած ծեփում է օրերի ապակուն՝ նայեք, տեսեք ձեզ ու ձեզ:

Պարբերաբար գտնվում է մեկը հազարներից, որ հերքում է հանուրի օրենքները, փոխելով հարթությունը՝ հատում է զուգահեռները, հայտնագործում է Ա եւ Բ կետերը միացնող ոչ ամենակարճ, այլ՝ ամենաճիշտ ճանապարհը, հանկարծ սկսում է անուններ տալ իրերին ու երեւույթներին, ու պարզվում է, որ մենք բոլորս մոռացել էինք նրանց նախնական տեսքը, ձեւը, համը, էությունը: Նրանց չեն հասկանում, որովհետեւ ավելի հեշտ է ճշմարտությունը չհասկանալ, քան՝ ընդունել: Նրանց արագ ու հեշտ հասկանում են օտարները, որովհետեւ օտարները նրանց ճշմարտությունը տեսնում են առանց ցավի, տեսնում են իբրեւ օտար՝ չեն ապրումակցում, գնահատում են, եւ նրանց համար դժվար չէ տեսանելին տեսնել, որովհետեւ աչքի ու տեսնելիքի միջեւ չունեն ազգային ընկալման նախապատմությունը:

Պարբերաբար նրանք գալիս են, եւ անկասելի է ընթացքը նրանց, որովհետեւ ազգը իբրեւ մարդկանց դեմք ու դիմագիծ, ձայն ու ինքնություն ունեցող հավաքականություն կայանալու համար երեք հարցի առնվազն պետք է պատասխանի՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում: Պատասխանի պարբերաբար, անընդհատ, ամեն սերունդ պիտի իր պատասխանը բերի, որպեսզի նախորդների ավանդույթը նորերի հերքումով ու հավելումով՝ ամրապնդվի:

Վիգեն Չալդրանյան: «Մաեստրո»:

…Գալիս է ժամանակ, երբ այնքան պատասխաններ են մեջդ կուտակվում, որ այլեւս չես կարող չնկատել, շրջանցել կամ անտեսել հարցերը:

Գալիս է ժամանակ, երբ, այո, կարող ես ինքդ քո գլխից բարձր ցատկել: Իհարկե, այդպես չի լինում: Սովորաբար: Բայց՝ լինում է, երբ պետք է:

Գալիս է ժամանակ, երբ ժամանակը պետք է անվանվի իր նախնական, չաղավաղված, չվերագրված, չվերծանված, չմեկնաբանված անունով:

Վիգեն Չալդրանյան: «Մաեստրո»:

Հայ ռեժիսորը իր հայրենակցի առաջ դրել է մի թափանցիկ ապակի ու մի անթափանց ամալգամ: Ապակին փշրելը հեշտ է, բայց ի՞նչ անես ամալգամը: Չէ՞ որ քո հոգին է:

Վիգեն Չալդրանյան: «Մաեստրո»:

Քանի՞ շերտ ունի ֆիլմը: Քանի՞ հարթության մեջ են ծավալվում իրադարձությունները: Ինչպե՞ս են այդ հարթությունները միմյանց հարաբերվում:

Ո՞վ է Արմեն Տիգրանյանը: 60-ամյա երաժի՞շտ՝ թավջութակահա՞ր, կոմպոզիտո՞ր: Հարգված ու ճանաչված մարդ, որ ուզում է նվագե՞լ: Դավաճա՞ն՝ ինչպես նրան անվանում է 2008-ի փետրվարյան հրապարակը, որովհետեւ նա ուզում է… նվագել: Շարքային ձախողա՞կ՝ ինչպես կարծում է որդին: Ո՞վ է նա կնոջ ու պոռնկուհու հարթություններում: Ի՞նչ է ուզում նրանից Վերնիսաժի նկարիչն ու ի՞նչ է ինքն ուզում նրանից: Ինչո՞ւ, երբ փորձում է վերջին հույսը կյանքի կոչել՝ լսում է, դուք այնքան եք բացակայել, ձեզ փոխարինող են գտել: Իսկ փոխարինողը կատարում է իր ռեքվիեմը: Այսինքն՝ փակ շրջանակ՝ նույնիսկ դերակատարների փոփոխությամբ:

Իսկ հրապարա՞կը իր վավերագրական իրականությամբ՝ նախագահական ընտրությունների նախօրեին ու հետօրեին:

Իսկ երաժշտությունը, որ ունի միայն սկիզբ եւ երբեք ավարտ, եթե նույնիսկ ռեքվիեմ է հնչում: Եվ արդյո՞ք երաժշտության հետ համեմատության մեջ կարեւորը երաժշտությունը չէ:

Իսկ ինչո՞ւ են կատաղում շները եւ ինչո՞ւ է նրանց կատաղությունը փոխանցվում մարդկանց:

Ամենից շատ վախենում էի, որ ֆիլմը կունենա որոշակի ավարտ՝ հերոսը կկատարի ընտրությունը եւ քարը ձեռքին կմիանա կյանքի ու ընտրության տարբեր խրամատներում միմյանց դեմ անհաշտելի բեւեռներում հայտնված մարդկանց այս կամ այն խմբին: Կյանքում գուցե արդարացվեր, բայց կլիներ արվեստի մահը: Եվ քարը, որ նա վերցրեց, կշարեր անհանդուրժողականության, մեր միջի մեր թշնամուն զորացնող պատը:

Ես կունենամ հնարավորություն Վիգեն Չալդրանյանին հարցնելու՝ ինչո՞ւ, «Մաեստրո», եւ ինչ էլ նա պատասխանի, չեմ թաքցնի իմ վերնագիրը՝ «Վերադարձ»: Վերադարձ, որովհետեւ «Մաեստրոն» ֆիլմ է, որ ինձ վերադարձնում է ինձ: Անկախացածիս, թույլիս ու ուժեղիս, ժամանակի հարցերի ու ժամանակի պատասխանների մեջ շփոթվածիս, հաղթողիս ու պարտվողիս, կրակողիս ու կրակի տակ զոհվողիս վերադարձնում է իմ բնական պատկերը, ինձ՝ չափանիշ որոնողիս ցույց է տալիս չափանիշի չափանիշը: Վերադարձ, որովհետեւ վերջապես պիտի գտնվեր ինչ-որ մեկը, որ իմ առաջ պիտի հայելի դներ: Այո, ես իմ թուլությունից ու իմ անորոշ շփոթահարությունից կարող եմ ջարդել այդ հայելին, բայց փշրված ապակուց բացի՝ կա ամալգամը, որ այլեւս իմ ներսում է: Վերադարձ, որովհետեւ միայն այդպես ես կարող եմ հաղթահարել իմ այսօրվա երկատվածությունը: Եթե քաղաքական գործիչները որոնում են մարտի 1-ի էջը փակելու ձեւը, հնարն ու ժամանակն ու նույնիսկ երեսպաշտորեն կամ ինքնախաբեությամբ համարում են, որ փակել են, արվեստը բերում է իսկապես փակելու հնարավորությունը՝ ցավը պետք է ապրել ու հաղթահարել: Փոսը քողարկելով՝ որոգայթից չես խուսափի: Ոչ էլ շրջանցելով: Ոչ էլ ձեւացնելով, թե մոռացել ես նրա գոյությունը, ուրեմն՝ նա այլեւս չկա:

Ֆիլմի քաղաքական եւ ֆիլմի գեղագիտական հարթությունները շատ անհավասար են թվում առաջին հայացքից, փաստավավերագրական քաղաքականը ավելի ակնհայտ է, գեղագիտականը անորսալի է, նուրբ ու ֆիլմով չի ավարտվում: Գնահատելին գեղագիտական հարթությունն է, որովհետեւ այդ տարածքում են մարդկային փոխհարաբերությունները երեւակվում նաեւ իրենց ներմարդկային ու ներժամանակային էությամբ, այդ հարթության մեջ է, ի սկզբանե եւ ի վերջո նաեւ քաղաքականը, որը մենք չենք ընկալում, որովհետեւ թույլ ենք տվել մեզ համոզել ու հակված ենք կարծել, որ մենք ոչինչ չենք որոշում ու մեզնից ոչինչ կախված չէ:

Անկախության անցած տասնամյակներում մենք անընդհատ մեղադրում էինք արվեստագետներին՝ գրողներին, ռեժիսորներին, որ արվեստի փաստ չեն դարձնում ժողովրդի ու պետության կյանքում կատարված արմատական փոփոխությունը: Մեր ապրած կյանքը հասցրել էր մեզ տասնյակ հարցեր առաջադրել, պատասխանների մեր տարբերակը նրանցով հաստատել կամ հերքել էինք ուզում, իսկ նրանք, եզակի բացառություններով, կամ իրենք էին այդ պատասխանները պահանջում, կամ օմերտայի օրենքով լռում էին: Երկար էին լռում: Մոռանալով իրենց գործը՝ շատերը մեզ հետ խոսում էին քաղաքականության լեզվով: Ապարդյուն ջանալով նոր հարթության մեջ ունենալ նախկին տեղն ու դերը: Այդպես ազգն ու իր մտավորականը օտարացան միմյանց: Բարեբախտաբար՝ ոչ բոլորը: Դարձյալ բարեբախտաբար՝ շատերը: Որովհետեւ նրանց հեռանալով առավել հստակ դարձավ՝ ինչի ու ում կարիքն ունենք բոլորս: Ինչպես ապացուցված է՝ սուրբ տեղը թափուր չի մնում: Համենայնդեպս՝ երկար:

Վիգեն Չալդրանյան: «Մաեստրո»:

Իմ սերնդի ու մեր ժամանակի երջանկությունն է, որ այդ ֆիլմը նկարահանվել է հենց հիմա, որովհետեւ մենք այնքան ընտելացել ու հմտացել ենք երեկվա մեջ բացահայտումներ անելուն, տասնամյակներ առաջ առաջադրված հարցերին պատասխանելուն ու այդ պատասխանների մեջ մեզ հաղթող ու տեր զգալ-համարելուն, որ չենք էլ պատկերացնում, որ հնարավոր է օրվա ինչու-ն օրվա որովհետեւ-ը ունենա: Մեզ հիմա է պետք մեզ հասկանալ, միմյանց հասկանալ: Հիմա: Մեզ հիմա է պետք մաեստրոն, որ բերում է երաժշտություն, նույնիսկ եթե ամեն քայլափոխի նրան մերժում ու օտարում ենք մեզնից, ու այնքան է ամեն ինչ խառնվել իրար, որ մարդու երկրորդ եսը դիկտոֆոնն է դառնում:

Մենք մեր դարակազմիկ խնդիրներով՝ լուծված-չլուծված, ինչ-որ ժամանակից կմիանանք մեծամասնությանը, կմնա երաժշտությունը, կմնա քաղաքը, ինքն իր հետ մենակությունից թենիս խաղացող երաժիշտը եւ նրա ուղեկից շունը, որ իր կյանքից կատաղում է՝ այս հավերժության մեջ կգա նոր պատասխաններից բխած նոր հարցերի ժամանակը: Թերեւս հենց այս պատճառով՝ «Մաեստրո», իսկ խորքում՝ վերադարձ:

Եթե ուզում եք ֆիլմի առնչությամբ բոլոր հարցերի պատասխանները ստանալ, նորից կարդացեք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»:

Կանցնի ժամանակ, ու անվտանգ հեռավորությունից «Մաեստրոն» կսկսեն հասկանալ իր բուն բովանդակությամբ, երբ ընտելանան, որ կարելի է նաեւ ցավին՝ ցավ, դավաճանությանը՝ դավաճանություն, շանը՝ շուն, երաժշտությանը՝ երաժշտություն, ստորությանը՝ ստորություն ասել, որովհետեւ այդպես է եղել ի սկզբանե եւ այդպես է լինելու ի վերջո:

Եվ՝ ֆիլմի ակնհայտ հաջողությունն է, որ ավարտով՝ չի վերջանում, շարունակվում է քո հիշողության, քո լավուվատի, տաքուպաղի, ուշուշուտի պարույրներում վերուվարել, ու ինչ-որ դրվագ հանկարծ առավել հասկանալի է դառնում, ինչ-որ արարք՝ առավել պարզ, ինչ-որ արտահայտություն նոր իմաստ է ձեռք բերում: Ֆիլմի հերոսը կյանքի ու մահվան ափերին է, դեպի ուր կկամրջվի նրա գոյությունը՝ ընտրության խնդիր է: Ուզում ես հավատալ՝ կվերադառնա: Գոնե հանուն երաժշտության: Բացահայտորեն ֆիլմը շարունակություն է ակնկալում՝ Վիգեն Չալդրանյանի ֆիլմից ֆիլմ գլորվող անիվը երբ ու ինչ խորհրդանիշի, նոր սկիզբ ու նոր շարունակություն է հուշում: Կյանքը շարունակվում է: Ժամանակը չի կարող իր Մաեստրոյին չունենալ:

Հ. Գ. Իսկ այն միագիծ ու միամիտ հարցը՝ ռեժիսորը ի վերջո լեւոնակա՞ն, թե՞ սերժական է, մոռացեք, որովհետեւ մեզնից ոչ ոք ի վերջո դեռ չգիտի՝ լեւոնակա՞ն է Լեւոնը եւ սերժակա՞ն է Սերժը, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը սեփական պատկերացումներն ունի լեւոնականության ու սերժականության բովանդակության մասին եւ վստահ եղեք՝ այնքան ինքնատիպ ու անհատական, որ իրականության հետ ունի միայն ժամանակային կապ:

Իսկ թե ինչու է այդպես՝ իր տարբերակն է բերում «Մաեստրոն»՝ ֆիլմ, որտեղ ժամանակը, ժողովուրդը, հերոսն ու ռեժիսորը գտել են միմյանց՝ ճիշտ տեղում ու ճիշտ պահին: Մնացածը մենք պիտի անենք: Վիգեն Չալդրանյանն արել է իր քայլը, 21-րդ դարի հայ կինոյի այս տարբերակը նոր աստիճան է, որտեղ մեր ամբողջ իրարամերժ բազմազանությամբ մենք միասնական ենք: Գոնե ռեժիսորի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել